Նիկոլը մնում է ամենավստահելին 

Նիկոլը մնում է ամենավստահելին 

Պետք է խոստովանեմ, որ ներքաղաքական կյանքում Նիկոլը շատ ավելի «շուստրի» է, քան մենք ենթադրում էինք: Երբ ինքն անընդհատ և առանց հոգնելու հայտարարում էր, որ Արցախը նախկիններն են հանձնել՝ մենք ձեռ էինք առնում նրան: Իսկ հանրապետական Արմեն Աշոտյանն էլ անընդհատ և առանց հոգնելու արձագանքում էր նրա խոսքին՝ մատնացույց անելով նրա խոսքերում առկա սուտն ու կեղծիքը: Ինչպես նաև շեշտում էր այն հանգամանքը, որ Նիկոլը չի հասկացել Ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերի էությունը: Իրականում Նիկոլն ամեն ինչ էլ հասկացել էր վաղուց: Դեռևս այն ժամանակ, երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է: Կամ երբ Սարդարապատում Տավուշի մարզի դիրքային մարտերի բոլոր մասնակիցներին անձամբ պարգևատրում էր առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, իսկ մասնակիցներին մեկին հանձնում Ազգային հերոսի շքանշան: 

Ուղղակի հետո պատերազմ եղավ, պատերազմում խայտառակ պարտություն: Ու իշխանություն պահպանելու նպատակով 180 աստիճանով փոխվեց Նիկոլի մոտեցումներն այդ հարցի առնչությամբ: Եվ սկսվեց ժայռ ծակող ջրի կաթիլի նման անընդհատ միջին վիճակագրական հայաստանցու ուղեղում կաթեցվել Արցախն Ադրբեջանի տարածք համարելու վերաբերյալ դրույթը: Ինչպես նաև Արցախի կարգավիճակն անվտանգության ինչ-որ միջազգային երաշխիքներով նենգափոխելու հարցը: Որն արդեն ձևակերպվել է որպես ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության դրույթ: Եվ որպես այդպիսին ներառվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթում: Դա հենց այն փաստաթուղթն է, որ պետք է կոչվեր խաղաղության պայմանագիր: Իսկ թե ինչպիսի իրական ազդեցություն ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դրույթը՝ մեր օրերից 100-150 տարի առաջ իրենց կաշվի վրա են զգացել Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյաները: 

«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն»-ն էլ այսուհետ ներդրվելու է միջին վիճակագրական հայաստանցու ուղեղում հանրային հեռուստատեսության միջոցով: Որովհետև հայաստանցիների մեծ զանգվածի պատկերացումները շրջապատող իրականության վերաբերյալ ձևավորվում են հենց հանրայինի շնորհիվ: Եվ հենց այդ նպատակով էր ինքը հանրային ուղարկել Պետրոսին, որն այդ մեխանիզմի կարևոր մասն է և շարունակելու է մնալ այդպիսին: Ու այդ պատճառով էլ նրան գործից չհանեցին, երբ Նիկոլի մասնակցությամբ հաղորդման տեսագրման առումով սկանդալ ծագեց: Եվ դա այն դեպքում, երբ Նիկոլը սովորություն է ձեռք բերել աշխատանքից ազատել ավելի թեթև ձախողում թույլ տված անձանց, եթե դրանք իր թիմակիցները չեն: Այսինքն, չեն քայլել իր հետ, կամ իր ու իր հետ քայլածների ընկերներն ու հարազատները չեն:

Ի դեպ, Միջազգային Հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 60 տոկոսը որպես երկրում առկա առաջնային խնդիրներ է նշել ազգային անվտանգության և սահմանային խնդիրները: Ինչն ավելի քան երկու անգամ մեծ է տնտեսական խնդիրներն առաջնային համարողների թվից: Բայց նույնիսկ այդ հանգամանքի լույսի ներքո Փաշինյան Նիկոլը 14 տոկոսով շարունակում է մնալ առաջատար որպես ամենից ավելի վստահելի գործիչ: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ցանկում երրորդն է՝ Միրզոյան Արոյից հետո, և Նիկոլից 7 անգամ պակաս ձայն է հավաքել: Սա նշանակում է, որ միջին վիճակագրական հայաստանցիների գերակշիռ մասը գիտակցում է, որ երկիրն ունի անվտանգային լուրջ սպառնալիքներ: Բայց միաժամանակ, այդ սպառնալիքները չեն կապվում, որքան էլ զարմանալի հնչի, դրանց հեղինակի, այսինքն՝ Նիկոլի անվան հետ: Հենց սա է հանրային հեռուստատեսության «ներդրումը», որ շատ գրագետ օգտագործվում է ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի կողմից: