Հիմա էլ արցախցիների ապագան է գուշակում

Հիմա էլ արցախցիների ապագան է գուշակում

Ի՞նչ է նշանակում ապագա բառը, որն այդքան տարբեր առիթներով չարչրկում է Նիկոլ Փաշինյանը։  44-օրյա խայտառակ պատերազմից հետո, երբ ասում էր՝ կա՛ ապագա, ցնցված ու զարմացած իրար էիք նայում, մտածում՝  ի՞նչ ապագայի մասին է խոսքը։ Զարմանում էիք, որովհետև ապագա բառը  ընկալում էինք որպես  լուսավոր ապագա՝  լավ հեռանկար, հետագա հաջողություններ՝ երջանկություն։ Բայց երբ խորանում ենք բառի բուն էության մեջ, ապագա նշանակում է հետո գալիք ժամանակը, հետագա դեպքերը,  իրադարձությունները,  վիճակը։ Ապագայի բացատրության մեջ մտնում է նաև հանդերձյալ կյանքը։ Հանդերձյալ կյանքը ևս ապագա է։ Երբ բառի բուն էություն մեջ խորանում ես, հասկանում ես, թե ինչու՞ էր այդպես ճղվում Փաշինյանը, որ կա՛ ապագա։ Այո, ապագան դեպքերի հետագա ընթացքն էր, որին ինքը տեղյակ էր, տեսնում էր այդ ապագան հանդերձյալ կյանքում ու «իրեն ճղում էր», որ ապագա կա՛։ Հիմա մենք տեսնում ենք այդ ապագան, ապրում ենք իր նախանշած դժոխային   ապագայի մեջ։  Բայց ինքը, օգտվելով, որ լավ չենք հասկացել ապագա բառի իմաստը, հիմա էլ այդ բառը երեք աստիճանով օգտագործում է արցախցիների վրա։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշում է, որ արցախցիների համար կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Ինքը բացատրում է այդ երեք աստիճանի ապագան։ Իմաստը սա է՝ կարճաժամկետում հրատապ հարցերը լուծել, միջանկյալում արժանապատիվ ապրել, երկարաժամկետում էլ՝ ուզում են թող մնան Հայաստանում, չեն ուզում, Ադրբեջանը թող առաջարկություն անի, թե ինչ պայմաններում կապրեն նրանք․ 

«Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:
Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի»: 

Ինքը մեջտեղ չկա։ Կամային, պահանջատիրական ոչ մի արտահայտություն։ Ադրբեջանը պիտի առաջարկություն անի։ Երևի իրեն արդեն պատկերացնում է իր հորինած տիեզերական արբանյակներից մեկում ու ամեն ինչից կտրված։ 120 հազար փախստական է բռնի ուժով իր պապենական հողից տեղահանվել՝ մի հատ տնքոց, մի հատ նեղսրտություն, մի հատ պահանջ չունի։ Երբեմն մտածում ես՝ լավ, այս մարդու մեջ ազգային մի փոքր ջիլ չկա՞։ Ապագայի մեջ Արցախի, Հայաստանի նշույլ չկա՞։ Արցախի ապագան գուշակեց, հիմա էլ արցախցիների ապագան է գուշակում։ Այն գուշակի նման, որ մարդու տվյալները հավաքում, հետո բախտ է նայում։ Ինքը ոչ թե գուշակում, այլ նախապես տեղյակ է ապագայի մասին։ Սա է հարցերի հարցը։