Հայերը հայաստանյան մամուլի դեմ «դանոսներ» են գրում Ֆեյսբուքին՝ պաշտպանելով Ադրբեջանի շահերը

Հայերը հայաստանյան մամուլի դեմ «դանոսներ» են գրում Ֆեյսբուքին՝ պաշտպանելով Ադրբեջանի շահերը

Դուք կարծում եք՝ իշխանությունը միայն օրինական, այսինքն՝ օրենքները փոխելու ճանապարհո՞վ է պայքարում ազատ խոսքի դեմ։ Ասենք՝ քրեականացնելով զրպարտությունն ու վիրավորանքը, պետական պաշտոնյաներին վիրավորելու համար հոդվածներ ներմուծելով, Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի տուգանքները կրկնապատկելով ու եռապատկելով կամ անանուն աղբյուրների դեմ իբր պայքարի անվան տակ նոր պահանջներ դնելով լրատվամիջոցների առաջ։ Ոչ, բոլորովին ոչ։ Պայքարի միջոցները խիստ բազմազան են՝ սկսած կեղծ հերքումներ տարածելուց, լրագրողներին վարկաբեկելուց, իրենց քննադատող հոդվածների տակ վատ «քոմենթներ» կազմակերպելուց, վերջացրած կոնկրետ լրագրողներին ու խմբագիրներին թիրախավորելով, սպառնալիքներով։ Բայց սա էլ ամբողջը չէ։ Մի շատ խորամանկ ու չերեւացող պայքար է սկսել իշխանությունը՝ քննադատությունը սահմանափակելու եւ մամուլի ազատությունը ճնշելու համար։

Դուք գիտեք, որ լրատվամիջոցների եկամուտները պայմանավորված են՝ եթե թերթ է, ապա՝ վաճառքով, եթե կայք է՝ դիտումներով։ Եվ քանի որ մամուլի վաճառքով զբաղվող «Հայմամուլ» ընկերությունը ոչնչացրին, եւ դրա տեղը ստեղծված ընկերություններն էլ սկսեցին ամեն ինչ վաճառել՝ բացի թերթից, ուստի թերթերի վաճառքը հասել է պատմական նվազագույն նիշին, եւ թերթ տպագրելը վնասաբեր գործ է դարձել։ Այսինքն՝ թերթ հրապարակող ընկերություններն ապրում են բացառապես այդ թերթերին կից կայքերի հաշվին։ Ասենք՝ «Հրապարակ» օրաթերթը չի կարող տպագրվել, եթե չլինի hraparak.am կայքը, որն ապահովում է մեր եկամուտը եւ թերթ հրապարակելու հնարավորություն տալիս։ Իսկ կայքի եկամուտները, գիտեք, ապահովում են դիտումները՝ գովազդատուն վճարում է ըստ դիտումների, գովազդային պայմանագրեր կնքվում են միայն բարձր դիտումներ ունեցող կայքերի հետ։ Իսկ որտեղի՞ց են գալիս դիտումները՝ դրանց մի հսկայական մասը սոցցանցերից է, մասնավորապես՝ Ֆեյսբուքից։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն այժմ չենք վերլուծի՝ ակնհայտ է, որ այն խիստ դրական ու օգտակար կառույցից կամաց վերածվեց վտանգներով լի եւ մեր կյանքը բարդացնող իրողության։ Եվ աշխարհի շատ երկրներում քննարկվում է այս ցանցի կանոնակարգման եւ տարբեր սահմանափակումներ մտցնելու հարցը։ Այն նաեւ ահռելի ֆինանսաշրջանառություն է եւ բիզնես ձեռնարկ, որից սեփականատերերը չեն հրաժարվի, սակայն ստիպված են որոշակի կանոնակարգումներ մտցնել։ Եվ ատելության խոսքի, թշնամանքի, կեղծ լրատվության, արհեստական ու անօրինական գործողությունների, զեղծարարությունների, ընտրական ֆեյք պրոցեսների կանխման խնդիր ծագեց, ու այդ ամենի դեմ պայքարի անվան տակ սկսեցին մեծ սահմանափակումներ մտցնել։ Եվ քանի որ ցանցը տարածված է աշխարհով մեկ, տարբեր երկրներում գրասենյակներ բացվեցին, մոնիտորինգի խմբեր ստեղծվեցին, արտադատական դատարաններ ձեւավորեցին, որպեսզի հետեւեն, թե որ երկրում ՖԲ տարածքում ինչ է կատարվում։

Բնական է, որ նման ահռելի կայսրությունը կառավարելը- կանոնակարգելը խիստ բարդ պրոցես է, եւ սխալներն ու վրիպումներն էլ անխուսափելի են։ Ասենք՝ պարզ է, որ Հայաստանի նման փոքրիկ երկիրը չի կարող ՖԲ աշխատակազմի կողմից պատշաճ ուշադրության արժանանալ, որովհետեւ հայալեզու ընթերցողների նման քանակ չունեն, կամ իրենց կողմից կարգված մոնիտորինգ իրականացնողներն էլ հաճախ ազնիվ չեն եւ տարբեր շահեր ունեն։ Շատ բան ռոբոտներն են որսում, բայց պարզ է, որ ամեն ինչ ծրագրավորել հնարավոր չէ։ Մի խոսքով՝ բարդ իրավիճակ է։ Եվ Ֆեյսբուքի ղեկավարությունը չի կարողանում հստակ, կանխատեսելի եւ օրինական կանոններ սահմանել, որոնց հիման վրա կգործեն օգտատերերը։ Եվ դրանից շատերն են օգտվում՝ մասնավորապես տարբեր երկրների կառավարությունները, որոնք քարոզչություն են իրականացնում, իրենց քննադատողների դեմ պայքարում՝ հենց Ֆեյսբուքի միջոցով։

Հիմա գանք հայաստանյան մամուլին եւ Ֆեյսբուքի հետ մեր հարաբերություններին։ Ուրեմն, այն պահին, երբ երիտասարդ իշխանավորները հասկացան, որ Ֆեյսբուքն է շատ լրատվամիջոցների եկամտի աղբյուրը, եւ իրենց քննադատողների բերանը փակելու համար պետք չէ դատական ու օրենսդրական խուճուճ ճանապարհներ փնտրել, սկսեցին աշխատել Ֆեյսբուքի ուղղությամբ։ Իրենց ենթակա ՀԿ-ներով ու տարբեր կառույցներով սկսվեց մի անազնիվ, ստոր պայքար ԶԼՄ-ների դեմ։ Ինչ-որ մոնիտորինգի նախագծեր, որոնք ֆեյք-նյուզը փնտրում են ոչ թե պերֆեկտթիվիներում ու սիվիկներում, այլ 168․ am, hraparak.am եւ այլ՝ իրենց քննադատող կայքերում։ Սրանք սկսեցին Ֆեյսբուքի ղեկավարության հետ շատ սերտ աշխատել եւ մեր նյութերի մեջ «կեղտ» փնտրել ու զեկույցներ ներկայացնել Ֆեյսբուքի ղեկավարությանը, թե՝ սրանք խախտում են ձեր կանոնները, փակեք, սահմանափակեք, պատժեք։

Իսկ առավել գործուն միջոցներ սկսեցին կիրառել վերջին մեկ տարում, երբ ատելության խոսքն ու ազգամիջյան թշնամանքը դարձել են Ֆեյսբուքի գլխավոր խնդիրը, եւ կատաղի պայքար է մղվում դրա դեմ։

Մեր տեղեկություններով, իշխանություններին ենթակա մեծ թվով անձինք եւ կազմակերպություններ զբաղված են բացառապես «ռիփորթներ» անելով՝ զեկույցներ կազմելով՝ ուղղված ՖԲ ղեկավարությանը։ Դրանք անպայման գրվում են լավ անգլերենով, պատճառաբանված, կետերով ու ապացույցներով։ ՖԲ ադմինիստրացիայի ուշադրությունն են հրավիրում այս կամ այն էջի ու օգտատիրոջ վրա, որը մեծ թվով հետեւողներ ունի, եւ որոնք «ռասայական ու ազգային թշնամանք» են տարածում։ Ավելի պարզ ասած՝ «Հրապարակի» բոլոր այն նյութերը, որտեղ Ադրբեջանի ու նրա սադրանքների մասին կան տեղեկություններ, որակումներ, որտեղ խոսք է գնում անհավասար զիջումների, կեղծ խաղաղասիրության, մեր տարածքներն ապօրինաբար գրավելու մասին, դառնում են «ռիփորթների» թեմա։ Ազգությամբ հայ հայկական անձնագրով ինչ-որ մարդիկ հայաստանյան մամուլի դեմ «դանոսներ» են գրում՝ ադրբեջանական ու թուրքական շահերի պաշտպանությամբ։ Եվ այդ զեկույցներն այնքան «հիմնավոր» են, որ ՖԲ-ն բավարարում է դրանց պահանջները եւ սահմանափակում «Հրապարակի» կամ 168․ժամ-ի լսարանը՝ մեզ զրկելով եկամտի աղբյուրներից։