Արցախը Հայաստանի մեջ ձուլելով, Արցախի հարցը չի՜ վերանում․․․

Արցախը Հայաստանի մեջ ձուլելով, Արցախի հարցը չի՜ վերանում․․․

Ադրբեջանը տարբեր առիթներով նշում է, որ  Լեռնային Ղարաբաղի հայերն «ինքնակամ են տեղափոխվել Հայաստան», վերջին անգամ նույն բանը հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Այսինքն 120 հազար հայ որոշել է ինքնակամ լքել իրենց պապական հողը, տունը, իրենց ստեղծած բարիքը ու բռնել անհայտության ուղին։  Ես հիմա նրանց արած զավեշտը չեմ մեկնաբանելու, այլ այն, թե այդ ինչպե՞ս, ինչպիսի՞ հմտությամբ կարող էր կազմակերպվել էթնիկ զտման պրոցեսը, որ Ադրբեջանը  նման բան հայտարարեր ու փաստացի էթնիկ զտումը փորձեր քողարկել իրենց կամքով տեղահանման հետ։ Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր արցախցի ունի  բռնի տեղահանման իր պատմությունը, փաստերը։ Յուրաքանչյուրը գոնե մեկ էջի սահմանում կարող է գրել, թե ինչը ստիպեց նրան բռնի տեղահանվել։ Ինչը ստիպեց նրան, որ լքի իր հողը, տունը։  

Ես այնպիսի սահմռկեցուցիչ պատմություններ եմ լսել, որոնք ոչ մի տեղ չի երևում։ Մեր ԱԳՆ նախարարը հայտարարում է, որ էթնիկ զտում է եղել, բայց փաստարկված որևէ բան չի բերում։ Կարծես ասում է՝ միայն ասելու համար։ Հազարավոր փաստեր կան, դրանք կարելի է ամբարել մի կետում կամ եթե չկա այդ կետը, ավելի ճիշտ՝ չեք վստահում, պահեք, կգա ժամանակը ու կփոխանցվեն ձեր սերունդների միջոցով։ Արցախը Հայաստանի մեջ ձուլելով, Արցախի հարցը չի՜ վերանում։ Դա առաջին հերթին պիտի իմանա ՀՀ վարչապետը։ Այդ հարցը մոխրակույտի միջից կրակի պես վեր է հառնելու ամեն անգամ, երբ թվա,  թե մարել է կրակը։ Զուր չէ, որ հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը։ Հայաստանն արդեն ճաշակում է միջնաբերդի չլինելու փաստը՝  իր ողջ դառը հետևանքներով։ Հայաստանն այլ կերպ գոյատևել չի կարող, դռները բաց են։ Պարտվողական, հանձնողական կեցվածքով իշխանությանը՝ ինչքան էլ «ոտքերը դեմ տա» գնալու է և այդժամ հացի պես պետք են գալու բոլոր փաստերը։ Բացվելու է բռնի տեղահանման բոլոր մանրամասնությունները, որոնց տեղյակ են եղել  ներսից։  Դժվարությամբ, բայց շտկվելու է  հայոց ողնաշարը, եթե Արցախը մի գդալ «պեսոկի պես» կուլ չգնա այս իշխանության մեծ բաժակին։