Հունգարիայի ԱԳ նախարարն անիմաստ է համարում հակառուսական պատժամիջոցները

Հունգարիայի ԱԳ նախարարն անիմաստ է համարում հակառուսական պատժամիջոցները

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն կասկածի տակ է դրել հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի ներդրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ նախորդ տասնմեկ փորձերը «արդյունավետ չեն եղել»։

«Իմ կարծիքով, եթե խելամիտ մարդը տասնմեկ անգամ տեսնում է, որ ինչ-որ բան չի ստացվում, տասներկուերորդ անգամ չի փորձում։ Բրյուսելի տրամաբանությունն այսպիսին է՝ տասնմեկ անգամ չի ստացվում, տասներկուերորդ անգամ փորձենք։

Մի անեկդոտ կա. հիվանդը պառկում է բազմոցին և բժշկին հարցնում. «Բժիշկ, կստացվի՞»: «Դե, տասնհինգերորդ անգամ պետք է որ ստացվի»: Նույնը պատժամիջոցների դեպքում է»,- ասել է Սիյարտոն՝ ելույթ ունենալով Հունգարիայի Էստերգոմում կայացած համաժողովում:

Նրա խոսքով, «բացարձակապես պարզ և միանշանակ է, որ ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է և դա քաղաքական դիրքորոշում չէ, այլ փաստի արձանագրում»։