ՌԴ-ում չեն «մարսել» հայ շախմատիստների փայլուն խաղը և հանիրավի դուրս են հանել մրցաշարից․ ահազանգ

ՌԴ-ում չեն «մարսել» հայ շախմատիստների փայլուն խաղը և հանիրավի դուրս են հանել մրցաշարից․ ահազանգ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի նախկին անդամ, գրոսմայստեր Նելլի Աղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոյեմբերի 26-ին ՀՌՀ-ի (Հայ-ռուսական համալսարանի-խմբ․) շախմատի թիմը lichess հարթակում մասնակցեց 2-րդ միջազգային ուսանողական «ԲՈՒՀ-երի ԳԱՎԱԹ-2023» մրցաշարին, որին մասնակցում էին 77 թիմեր: ՀՌՀ-ի թիմի կազմում հանդես էին գալիս Ռուբեն Իշխանյանը , Աննա Խաչատրյանը և  մեկ հրավիրված ուսանող՝ Սուրեն Գեսյանը (ՀՖԿՍՊԻ)։ 5-րդ տուրից հետո մեր թիմը բացահայտ առաջատար էր։ 

Հավանաբար այդ ամենը դուր չեկավ ռուս կազմակերպիչներին և մրցավարներին, քանի որ ակնհայտ էր, որ մեր թիմը մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդն էր և որոշում կայացրեցին ՀՌՀ-ի առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գեսյանին հանել մրցաշարից՝ պատճառաբանելով, որ նա ծրագիր է օգտագործում և իր ՖԻԴԵ-ի վարկանիշը ցածր է և չի կարող այդպես ուժեղ խաղալ։ Այդ պահին Գեսյանը հաղթել էր բոլոր 5 պարտիաներն իրենից վարկանիշով ցածր մրցակիցներին։ Իրականում Գեսյանը բավականին բարձր վարկանիշ ունի lichess-ում և դա սպասելի արդյունք էր։ 
Ես որքան փորձեցի բացատրել կազմակերպիչներին, որ հայ ազգի շախմատիստները ցածր վարկանիշով կարող են հաղթել  ցանկացած գրոսմայստերի, միևնույն է նրանք չփոխեցին իրենց կարծիքը։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կազմակերպիչները տեսնելով ՀՌՀ-ի թիմի փայլուն խաղը հասկացան, որ շատ արագ պետք է մեր թիմին հանել մրցաշարից, քանի որ պատրաստ չէին գավաթն ուղարկել Հայաստան»։