Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ երկխոսությունը բավարար մակարդակի վրա չէ․ Արտակ Բեգլարյան

Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ երկխոսությունը բավարար մակարդակի վրա չէ․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, որն այսօր խորհրդարանում մասնակցում էր «Հայաքվեի» հրավիրած խորհրդարանական լսումներին՝ տեղյակ չէր, թե ինչ ունի ասելու Սամվել Շահրամանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում եւ ինչո՞ւ է նրա հարցաքննությունն իրականացվել փակ ֆորմատով։ «Ես ոչ տեղյակ եմ, ոչ բավարար տվյալներ ունեմ, ոչ էլ լիազորված եմ որեւէ բան ասելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ նույն պահին, երբ ԱԺ-ում ընդդիմությունը լսումներ էր կազմակերպել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Սամվել Շահրամանյանին եւ քննում էր 44-օրա պատերազմի հետ կապված: Շահրամանյանը գաղտնի մուտքով էր մտել հանձնաժողովի սենյակ եւ նիստի ավարտից հետո էլ չպատասխանեց լրագրողների հարցերին:

Մենք եւս մի քանի հարց տվեցինք Արտակ Բեգլարյանին

-Դուք հանդիպո՞ւմ եք Սամվել Շահրամանյանի հետ։ 

-Սամվել Շահրամանյանի հետ չեմ հանդիպել, բայց կապի մեջ եմ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների հետ։

-Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Արցախի շուրջ, արդյո՞ք արցախահայերը պատրաստ են վերադառնալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ապրելու, ինչի համար դիվանագիտական հարթակներում պայքար է մղում Հայաստանի իշխանությունը։ 

- Պետք է հստակեցնենք, թե որ սուբյեկտն է Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների վերաբերյալ բանակցում, գործնական քայլեր կատարում, այդ թվում՝ վերադարձի իրավունքը։ Չպետք է վերադարձի իրավունքը իջեցնել անհատական մակարդակի եւ թողնել անհատ ու Ադրբեջանի իշխանություններ հարաբերությունների դաշտում։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է հիմնական սուբյեկտը լինեն միջազգային հանրության եւ Ադրբեջանի հետ բանակցելու հարցում, որպեսզի կոնկրետացնեն, թե Արցախի ժողովուրդը ինչ պայմաններով է վերադառնում։ Հաշվի առնելով, որ Արցախի իշխանությունները լծակներ չունեն, ունեն միայն ժողովրդի կողմից ստացած ներկայացուցչական մանդատ, գոնե այս տեսանկյունից պետք է ընդգրկված լինեն այդ պրոցեսում։ 

- Պրոցեսում ընգրկված անձինք կա՞ն Արցախի իշխանությունից, վերջին տեղեկություններով՝ Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, վերջինս մերժել է։ 

- Ես տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ երկխոսությունը բավարար մակարդակի վրա չէ, եթե, իհարկե, կա։ Քանի որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները բավարար երկխոսություն, որոշակի ռազմավարությունների եւ մարտավարությունների հստակեցում չեն անում, մենք բացասական հետեւանքներ ենք ունենում։ 

- «Հայաքվեի» վերջնարդյունքը ո՞րն է լինելու, ըստ Ձեզ` այն Արցախի պահպանության համար արդյունավե՞տ նախաձեռնություն է։

- Դժվար է ասել։ «Հայաքվեի» գլխավոր հարցը, նպատակը այս պահին պետք է լինի երկարարժամկետ իրավական, գաղափարական ու քաղաքական հիմքի ստեղծումը, որպեսզի բացառենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ-ի պաշտոնական հայտարարությունները եւ գրավոր փաստաթղթերը։ 

- «Հայաքվեն» իշխանափոխություն անելու քայլ չէ՞։ 

- Սա պետք է հարցնեք նախաձեռնողներին, առնվազն հստակ է, որ իր բուն էությունը Արցախի պաշտպանությունն է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես շարունակի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուղղությամբ աշխատել։ 

- Ի՞նչ նորություն ունեք գերեվարված եւ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներից` Արցախի պաշտոնյաներից։ 

- Հրապարակային տեղեկություններից բացի այլ տեղեկություն չունեմ։ 

Մանրամասն՝ տեսանյութում: