«Հրապարակ»․ Պարզ է, որ, օրինակ, Տավուշի մարզպետն այսպիսի ակցիաների թիրախում չի հայտնվի

«Հրապարակ»․ Պարզ է, որ, օրինակ, Տավուշի մարզպետն այսպիսի ակցիաների թիրախում չի հայտնվի

2024 թվականը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական թամաշա հիշեցնող դրվագներով` պաշտոնանկություններ, վատ կախիչների եւ էժան ցնցուղի համար զայրույթ եւ այլն: Հունվարի 3-ին նախ այցելեց Լոռու մարզ, շրջեց Լոռվա դպրոցներով, նրան դուր չեկան դպրոցներից մեկի կախիչներն ու վերանորոգումը, ուստի հաջորդ օրը եւեթ` «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղշինկոմիտեի նախագահ, ամենահին չինովնիկ իջեւանցի Արմեն Ղուլարյանը: Իսկ հունվարի 5-ին, երբ ողջ հայությունը սուրբծննդյան եռուզեռի մեջ էր, Էջմիածնում ճրագալույցի սուրբ պատարագն էր մատուցվում, Նիկոլ Փաշինյանը գնաց Էջմիածին ու պատարագին մասնակցելու փոխարեն զննեց աղբահավաք մեքենաները, շրջեց Էջմիածնի դպրոցներով, ի դեպ, այցելեց բացառապես այն դպրոցները, որոնց տնօրեններն ունեն քիչ թե շատ ընդդիմադիր հայացքներ: Այստեղ էլ նրան դուր չեկան լոգանքի համար նախատեսված ցնցուղները: Վարչապետը խիստ բարկացավ եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը դրեց հիմքից պոկած ցնցուղը եւ հանձնարարեց` ճշտել, թե ինչ արժե դա շուկայում, եւ ինչ գնով են գնել գույքը ձեռքբերողները: Ի դեպ` Փաշինյանի հերթական բարկությունն էլ ավարտվեց Արմավիրի մարզպետին աշխատանքից ազատելով: Թեմայի մասին մենք զրուցել ենք ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ:

- Պարոն Անանյան, Նիկոլ Փաշինյանը 2024-ը մեկնարկեց բարկությամբ ու պաշտոնանկություններով: Նա իր թիմակիցներից մի քանիսին բոլորի աչքի առաջ նվաստացրեց, ապա ազատեց աշխատանքից: Առհասարակ, ի՞նչ կապ ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դպրոցների կախիչների որակի հետ: Որքանո՞վ է այդ կառույցը պատասխանատու դպրոցների գույքի համար: Այդ խնդիրն առավելապես մարզպետարանների տիրույթում չէ՞:

- Այդտեղ գերատեսչական առումով պատասխանատուները երեքն են: Մարզպետարաններն այնքանով են պատասխանատու, քանի որ հանդիսանում են պատվիրատու, հետեւաբար՝ աշխատանքների հանձնողն են, Քաղաքաշինության կոմիտեն, ըստ էության, շինարարական աշխատանքների կատարման ստանդարտացման եւ դրանց վերահսկողության հետ կապված է պատասխանատու, իսկ ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարությանը, ապա նախարարությունն էլ պատասխանատու է այնքանով, որ դպրոցների սպորտդահլիճները պետք է լինեն չափորոշիչներին համապատասխան: Այնպես որ, թեորիապես երեք կառույցներն էլ որոշակի պատասխանատվություն ունեն: Պարզապես կան ներքին խնդիրներ: Եթե Արմավիրի մարզի ինչ-որ դպրոցում Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել, ապա այդտեղ մարզպետի մեղավորությունն իսպառ բացակայում է: Խնդիրն այն է, թե արդյո՞ք ճիշտ հասցեատիրոջն են պատժել՝ այս կամ այն թերացման համար, թե ոչ…. Առհասարակ, աշխատանքներն ու դրանց վերաբերյալ թերացումները, դրանց հանրայնացումը եւ արդյունքում մարդկանց աշխատանքից ազատելը նախընտրական փիար ակցիայի մեկնարկի բաղկացուցիչ մասն էր: Հարցին պետք է նայել այդ տեսանկյունից, թե չէ երկրի վարչապետն ի՞նչ գործ ունի՝ գնա նայի, թե որ դպրոցի կախիչն է լավը կամ վատը: Կամ՝ դպրոցի ցնցուղի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ երկրի ղեկավարը: Այդ ակցիայի պոտենցիալ հասցեատերն ընտրողներն են, այս տեսանկյունից պետք է հարցին նայել: Տվյալ կառույցները, հավանաբար, ինչ-որ տեղ նաեւ թերացել են, սակայն թերացումն ու պատիժն անհամարժեք են: Այնպես որ, պետք է հասկանանք` տեղի՞ն էր պատիժը, թե՞ ոչ: Մենք՝ բոլորս, պետք է նկատենք, որ արտահերթ ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական քարոզարշավն ազդարարվեցին այդօրինակ պաշտոնանկություններով:

- Դուք արմատներով Տավուշի մարզից եք: Տավուշի մարզում բոլոր դպրոցներն իդեալական վիճակո՞ւմ են, թե՞ քանի որ Տավուշի մարզպետը վարչապետի քավորն է, այնտեղ կարող են բոլոր թերությունները ներվել:

- Վստահաբար այնտեղ էլ կան խնդիրներ, բայց թիրախավորվել են ըստ էության այն մարզպետները, որոնք կուսակցական եւ նեղխմբային առումով առաջնային մերձավորների շրջանակներից չեն: Լոյալության առումով, աշխատանքից ազատվածները բավականին լոյալ մարդիկ են: Այսինքն` հարցին պետք է նայել երկու կողմից. պաշտոնանկ են եղել այնպիսի անձինք, ովքեր դժվար քաղաքական օպոնենտ դառնան եւ հարեն կուսակցությանը, քաղաքական կլանին, եթե կարելի է նրանց էլիտա անվանել, ապա՝ էլիտային:

- Այսինքն` քի՞չ են քծնել իշխանություններին:

- Չէ, ուղղակի ՔՊ-ի մերձավորների շարքերում չկան: Պարզ է, որ, օրինակ, Ձեր նշած Տավուշի մարզպետը նաեւ բարեկամական առումով է իշխանությանը մերձավոր, ուստի այսպիսի ակցիաների թիրախում չի հայտնվի: Եթե անգամ գնան Տավուշի մարզ ու էսպիսի ակցիաներ անեն, դպրոցներում շինարարական աշխատանքներին հետեւեն, գուցե պաշտոնանկություններ լինեն, բայց ոչ առաջին աստիճանի մերձավորների շրջանում:

- Քաղաքաշինության կոմիտեն մի հայտարարություն է տարածել, որում նշված է, որ վարչապետի աշխատակազմը Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով ինքնակենսագրությունների հավաքագրում է հայտարարել: Ի՞նչ է սա նշանակում: Ինչո՞ւ են կենսագրություններ հավաքագրում, այլ ոչ թե մրցույթ անում Քաղծառայության համակարգի միջոցով:

- Այդպիսի վարքագիծ ու դրսեւորումներ էլի են եղել, նորություն չէ: Այսօրվա Կադաստրի կոմիտեի ղեկավարն էլ ժամանակին նմանատիպ հարցումների անալիզի վերլուծության արդյունքում է նշանակվել այդ պաշտոնում: Դա գոնե ինձ համար նորություն չէ: «Ժողովրդավարության» դրսեւորումներից մեկն է օրվա իշխանության: Որպեսզի ծանոթ-մտերիմ-բարեկամներ ունենան, ժամանակ առ ժամանակ նմանատիպ աշխատանքներ ձեռնարկում են: Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավարը մասնագետ է, պրոֆեսիոնալ է, սակայն նրան լսումների հրավիրել են մի նմանատիպ պրոցեսի արդյունքում, ապա նշանակել այդ պաշտոնում:

- Այսինքն` Քաղշինում եւս ցանկանում են իրենց «սրտի» թեկնածուին նշանակել:

- Համենայնդեպս այդպիսի տպավորություն են թողնում: Եթե նույնիսկ այլ մեկը նշանակվի, հավաքագրման պրոցեսը կներկայացնեն որպես անաչառ կադրային քաղաքականություն ու պրոցես: Այսինքն` դա եւս կմատուցեն որպես ժողովրդավարության փայլուն դրսեւորում: