Սա նաեւ վիշտն ու սթրեսը թոթափելու ձեւ է

Սա նաեւ վիշտն ու սթրեսը թոթափելու ձեւ է

Երեկ մարտի 8-ն էր` կանանց միջազգային օրը: Երեւանում մի կողմից խցանումներ էին, մյուս կողմից` ծաղիկների ու նվերների վաճառքն էր թափով ընթանում: Փողոցներում ծաղիկները ձեռքին տղամարդիկ էին եւ ժպտադեմ կանայք, որոնք ծաղիկներ, նվերներ, ուշադրություն էին ստացել ու շոյվել: Ռեստորաններում ու սրճարաններում ասեղ գցելու տեղ չկար, ընդ որում` բոլորը նախապես ամրագրված էին: Օրը տոնական էր եւ բոլորովին նման չէր մյուս օրերին:

Ոմանք այս տեսարաններից զայրանում էին, թե` այսքան խնդիր ունեցող երկրում, ինչպե՞ս կարելի է նման խելահեղությամբ տոներ նշել, այն էլ սովետական ժամանակներից ժառանգած այդ տոնը: Բայց այս հարցադրումներն արվում են արդեն 3-4 տարի` պատերազմից սկսած եւ պատասխանն էլ միանշանակ չէ: Ի վերջո, չեն սխալվում նրանք, ովքեր ասում են, որ կյանքը շարունակվում է, մեռնողը` գնում է, իսկ ապրողները` պետք է ապրեն, եւ «յարան տիրոջն է ցավ տալիս»: Չեն սխալվում նաեւ նրանք, ովքեր ասում են` զսպվածություն է հարկավոր ամեն ինչում եւ երբ քո կողքին կան վշտահար մարդիկ, երբ հայտնի չէ, թե վաղն ինչ է գալու մեր երկրի գլխին, այս անզուսպ զվարճություններն ավելի շատ «խրախճանքի ժամին ժանտախտ» են հիշեցնում: Բայց հասկանալով հանդերձ այս իրարամերժ տեսակետները, փորձենք խնդրին նայել մեկ այլ տեսանկյունից:

Վստահ եմ, որ սա ոչ արհամարհանք է մեր պետության դժվարություններին ու զոհերի հիշատակին, ոչ էլ տոնը նշողներին անիծելու, հայհոյելու առիթ պետք է դառնա ու տխրելու պատճառ: Սա յուրօրինակ արձագանք է մեր ցավերին ու խնդիրներին, երբ ազգը սթրեսից, սգից, մտածմունքներից ու առաջիկա անորոշություններից մի պահ ազատվելու, դրանք թոթափելու ձեւեր է փնտրում: Եւ լավագույնը, որ կարողանում է մտածել` Մարտի 8-ը շռնդալից նշելն է դառնում: