Պաշտոնն ու պադավատը

Պաշտոնն ու պադավատը

Առաջին հայացքից թվում է` ով ասես կարող է նախարարի կամ որեւէ հիմնարկի ղեկավարի պաշտոն զբաղեցնել: Դե, եթե կա աշխատակազմ, համակարգն աշխատում է, հին-փորձառու մասնագետներ կան, որոնք գիտեն ինչն ինչպես անել, ապա ղեկավարի անձը կարող է աննշան ազդեցություն ունենալ աշխատանքային պրոցեսի վրա: Գոնե` առաջին փուլում:

Բայց` մեկ, երկու, երեք, եւ սկսում են բացահայտվել ղեկավարողի ապաշնորհությունն ու անընդունակությունը, նեղմտությունն ու ագահությունը: Եթե մի քիչ խելացի-խորամանկ մարդ է` ավելի ուշ, եթե պրիմիտիվ էակ է` շատ ավելի վաղ: Նորանշանակը, որպես կանոն, սկսում է հայեցողական պաշտոններից` քարտուղարուհի, օգնական, վարորդ, խոսնակ: Շատ քչերն են այնքան խելք ու զսպվածություն ունենում, որ իրենց նշանակման հենց առաջին օրերին չհեռացնեն վերջիններիս եւ ապարատը չլցնեն անտեղյակ ու անգետ մտերիմներով:

Հետո գալիս է տեղակալների, բովանդակային աշխատողների հերթը. բարձր վարձատրվող հաստիքներում խնամի-բարեկամ-ընկեր նշանակելու գայթակղությանն էլ են քչերը դիմանում: Ապա սկսվում է աշխատելու փուլը` բախտի բերմամբ բարձր պաշտոնին հայտնվածը, ուզի-չուզի, պետք է ինչ-որ խորհրդակցություններ անի եւ դրանց ժամանակ ինչ-որ տեսակետներ արտահայտի: Հենց այդ ժամանակ էլ բացահայտվում է «շեֆի» անհամապատասխանությունը պաշտոնին:

Պարզվում է` նա ամեն ինչից անտեղյակ, գիտելիքների նեղ պաշարով, կազմակերպական սուղ ընդունակություններով անձնավորություն է: Ոչ մի մտքի թռիչք, ոչ մի ճկունություն, որոշումները կայացնում է վարորդի կամ ՔՊ-ական մի տգետի հետ խորհրդակցելով, չի վստահում ոչ մեկին: Եվ ամենակարեւորը` իրեն թվում է, թե նախարարի կամ տնօրենի պաշտոնը պադավատով ման գալն է, բարձր աշխատավարձ ստանալն ու ենթականերին անհեթեթ հրահանգներ տալը: