Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը դատարանի վճռից հետո էլ չի ցանկանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին վճարել օրենքով նախատեսված կենսաթոշակը։ Դատալեքսից տեղեկացանք, որ Բագրատյանը հայց է ներկայացրել ընդդեմ սոցապի՝ պահանջելով պարտավորեցնել, որ ՀՀ ԳԽ 21.10.1991թ. «ՀՀ կառավարության, նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, հատուկ թոշակ նշանակեն հայցվորին, որը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։
Բանն այն է, որ Հրանտ Բագրատյանի վրա է տարածվում մինչեւ 2006-ը գործող օրենսդրությունը, որով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին հատուկ թոշակ էր սահմանվում: Սոցիալական ծառայությունը հրաժարվում է դա անել` պատճառաբանելով, թե այդ «հատուկ թոշակ»-ը գործող օրենսդրությամբ նախատեսված չէ` ԳԽ 1991 թ. որոշումը 2006 թ. նոյեմբերի 28-ին չեղյալ է համարվել, իսկ նոր օրենքը նախկին վարչապետների համար չի նախատեսում հատուկ թոշակ: Բայց անգամ իրավաբանականի ուսանողները գիտեն, որ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, այսինքն՝ 2006 թ. ընդունված օրենքը կարող է տարածվել միայն 2006 -ից հետո վարչապետ աշխատած անձանց վրա։ Եվ վարչական դատարանին այլ բան չէր մնում անել, քան բավարարել հայցվորի օրինական պահանջը:
Դատավոր Կարեն Զարիկյանը հօգուտ Բագրատյանի վճիռ է կայացրել, սակայն գործող իշխանությունը կարծում է, որ 1 միլիոն եւ ավելի աշխատավարձ ու պարգեւավճարներ կարող են ստանալ միայն թերուս ՔՊ-ականները, երկրի ամենաբարդ շրջանում` 1993-96 թթ․, կառավարությունը ղեկավարած անձը պետք է 50-60 հազար դրամ կենսաթոշակ ստանա, եւ վճիռը չեն կատարել` այն բողոքարկելով վերաքննիչ դատարան։