Այս ամենից հետո դեռ գերիներ ունենալ` դիվանագիտական տապալում է

Այս ամենից հետո դեռ գերիներ ունենալ` դիվանագիտական տապալում է

Չնայած նրան, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի նախագահներն ու բարձրաստիճան պաշտոնյաները գերության մեջ հայտնվեցին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարում է, որ իր համար առաջնային կարևորություն ունեցող խնդիրն այս պահին հաշմանդամություն ունեցող անձինք են: Ավելին` նա իր էջում ռոմանտիկ գրառումներ է անում. «Որպեսզի գտնես քո ուզած հավասարակշռությունը, ահա թե ինչ պետք է դառնաս: Ոտքերդ այնքան ամուր պիտի պահես երկրի վրա, որ ասես 2-ի փոխարեն 4 ոտք ունենաս: Այդպես, դու կարող ես մնալ աշխարհում: Բայց դու պետք է դադարես աշխարհին գլխով նայել: Փոխարենը պետք է սրտիդ միջով նայես։ Այդպես դու կճանաչես Աստծուն: Կեր, աղոթիր, սիրիր»:

Սա հայտնի գրքից է մեջբերված, սակայն պարզ է, որ մարդու իրավունքների հարցերով գլխավոր պաշտոնյան մեզանում իր առաքելության կարեւորությունը չի գիտակցում եւ այնքան նվիրված չէ իր աշխատանքին, որ նման զեղումներ իրեն թույլ չտա: Չէ որ մեր երկրում ամեն օր մարդու իրավունքներ են խախտվում` ունենք քաղբանտարկյալներ, խաղաղ ակցիաների մասնակիցներին են բերման ենթարկում եւ ամենակարեւորը` Ադրբեջանից գաղթած եւ Ադրբեջանի բանտերում պահվող գերիներ ունենք: Գոնե նրանց հարցերով կարո՞ղ է զբաղվել ՀՀ ՄԻՊ-ը: Դա էլ հո՞ իր սիրելի իշխանությունների դեմ դուրս գալ չի նշանակում:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հայ ռազմագերիների հարցով հայկական կողմն ունի լրջագույն բացթողում և թողտվություն.

«Իմ գնահատմամբ` ռազմագերի ասելով, պետք է չմոռանանք նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետանքով գերության մեջ հայտնված տղաներին: Նրանք մինչ օրս գերու կարգավիճակում են, այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց մի տխրահռչակ փաստաթղթի տակ, որը ենթադրում էր լուծել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը: Այդ փաստաթղթում մեկ թվացյալ հայանպաստ կետ կար` «բոլորը բոլորից դիմաց»` գերիների վերադարձ, սակայն փաստ է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն գերիներին չվերադարձրեց, այլև նոր գերիներ վերցրեց` բարձրաստիճանների մակարդակով: Ի դեպ, ոչ միայն Հայաստանն իր այդպես կոչված պարտականությունները կատարեց, այլև իրար հետևից տարածքներ հանձնեց, ականապատ տարածքների քարտեզներ տրամադրեց Ադրբեջանին, հայի գլխատած ռազմական հանցագործների վերադարձրին և այլն: Այս ամենից հետո դեռ գերիներ ունենալ` դիվանագիտական ցցուն տապալում է: Այս համատեքստում նոր ռազմագերիների մասով մեծ ակնկալիքներ ունենալ` կարծում եմ իրատեսական չէ, նաև անշնորհակալ գործ է: Գուցե պրոցեսներ տեղի են ունենում, գուցե հայկական կողմից շարունակվեն ՄԻԵԴ դիմումներ ներկայացվել, սակայն  փորձ ունենք, որ կայացվում են հայամետ որոշումներ, իսկ Ադրբեջանը դրանք անտեսում է, պարզապես չի խորշում անկատար թողնել: Ի դեպ Ադրբեջանը պատիժ չի կրում այդ ամենի համար», - ասում է սահմանադրագետը: 

Բայց ՄԱԿ-ի միջազգային դատարանն անգամ մեկ բառ չասաց հայ ռազմագերիների մասին, Մելոյանն ընդգծում է. «Բայց դրանից առաջ էլ Հաագայի դատարանը Լաչինի միջանցքը բացելու մասով էր վճիռ կայացրել, սակայն Ադրբեջանն ուղղակի անտեսեց կատարել այն: Անգամ մի փոքր սանկցիա Ադրբեջանի դեմ չկիրառվեց», - նշում է Մելոյանը:

Իսկ ո՞րն է այսօր ՄԻՊ Անահիտ Մանասյանի հիմնական անելիքը: Ի՞նչ կարող է նա անել այս առումով, մեր զրուցակիցն ասաց. «Իրեն պետք է նախ հարցնել, թե ինչ գործընթաց է իրականացնում: Մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվում են, ՄԻՊ-ն առնվազն միջազգային հեղինակավոր կառույցներում պետք է բարձրացնի այս հարցը: Ադրբեջանը բազմաթիվ խախտումներ է թույլ տալիս: Պետք է օր առաջ գերիների վերադարձի մասին խոսվեր», - պնդում է Մելոյանը: