Հայը և հայկականը․ հայկական կամուրջ
Դիցաբանության մեջ կամուրջն ընկալվել է որպես երկու հակադիր աշխարհները միմյանց կապող հանգույց: Միջագետքյան առասպելների համաձայն՝ 4 աչքանի շունը հսկում է այն կամուրջը, որով մահացածների հոգիները անցնում են այն աշխարհ: Ըստ սկանդինավյան ժողովուրդների հավատալիքների՝ ողջերի եւ մահացածների աշխարհները բաժանվում են Սեւ գետի ջրերով, որի ափերը միայն մեկ տեղ՝ Ոսկե կամրջով են միանում: Մարտադաշտում աչքի ընկած եւ զոհված մարտիկներին Ոսկե կամուրջի վրա դիմավորում է Օդինը եւ ուղեկցում է Վալգալլա, որտեղ նրանց սպասվում է հավերժական խնջույք գեղեցիկ վալկիրիաների մասնակցությամբ: Հայկական հավատալիքներում այդ ջրային սահմանը փոխարինված է Հրե գետով: Ըստ հայկական հավատալիքների՝ աշխարհի վերջին բոլոր մահացածները կրկին հարություն են առնելու եւ անցնելու են Հրեղեն գետի վրայով ձգվող Մազե կամուրջով, ովքեր մեղավոր են, կամուրջը չի դիմանա նրանց մեղքերի ծանրության եւ կկտրվի ու մեղավորների հոգիները կհայտնվեն Դժոխքում, իսկ արդարների հոգիներն անցնելով Մազե կամրջով կգնան Դրախտ:
Մինչդեռ իրական կյանքում կամուրջների նպատակը հիմնականում ունի տնտեսական նշանակություն: Դեռեւս միջնադարից հայկական գաղթօջախներում, որտեղ տնտեսական ու առեւտրական բուռն գործունեություն են իրականացրել հայերը, հիմնականում նրանց միջոցների հաշվին, կառուցվել են բազմաթիվ կամուրջներ, որոնք կոչվել են ՀԱՅԿԱԿԱՆ: Նման կամուրջներ ցրված են աշխարհով մեկ՝ հին ու նոր հայկական գաղթօջախներում: Մեր օրերում Հայկական են վերանվանվել կամ կառուցվել են նաեւ նորերը:
Հայկական անունով կամուրջներ կան. Հնդկաստանի Մադրաս քաղաքում, Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում, Թիֆլիսում, Լվովի մոտակայքում, Մոգիլյով-Պոդոլսկում, Տերնոպոլի մարզի Յաբլոնովկա գյուղում, Աստրախանում, ՌԴ Պենզայի մարզի Բեկովոյի շրջանում, Սախայի (Յակուտիա) Հանրապետությունում, Կոլիմա գետի Կուլանդա վտակի վրա եւ այլուր: Ժամանակին Հայկական անունն էր կրում Ս. Պետերբուրգի ներկայիս Սմոլենսկի կամուրջը եւ Նիժնի Նովգորոդի Օկայի վրա գտնվող կամուրջներից մեկը: Ժամանակակից Սան Պաուլոյի կամուրջներից մեկը կրում է Արմենիա (պորտ. Armeni ponte) անունը:
Հնդկաստանի Մադրաս քաղաքում, Մայապուր գետի վրա (այլ տվյալներով` Սարիար գետի վրա), Սբ. Թովմաս լեռան մոտ կառուցված ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջը, որը հայտնի է նաեւ Պետրոս Ոսկանի անունով, կառուցվել է դեռեւս 1726-ին, ջուղայեցի խոջա Ոսկան Պետրոսի միջոցներով: Կամուրջն ունի մոտ 400 մ երկարություն, 29 կամար:
ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջներից (ուկր. Вірменський міст) հնագույնը, որի անունը հասել է մինչեւ մեր օրերը, հավանաբար, Լեհաստանի Յազլովեց քաղաքում (այժմ՝ Յաբլոնովկա գյուղն Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի Բուչաչի շրջանում) գտնվող կամուրջն է: Որոշ լեհ պատմաբանների վկայությունների համաձայն՝ Յազլովեց քաղաքը հիմնադրել են հայերը, որտեղ 1250 թ.-ին արդեն եկեղեցի ունեին:
Մոտավորապես այդ շրջանում է կառուցվել նաեւ Մոգիլյով Պոդոլսկ քաղաքում գտնվող ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջը:
ՀԱՅԿԱԿԱՆ հնագույն կամուրջներից է նաեւ Հյուսիսային Պոդզամչեում՝ Լվովի մոտերքում, Կրակովյան արվարձանում, 1483 թ.-ին կառուցված կամուրջը:
Հնագույնների թվին կարելի է դասել նաեւ հին Թիֆլիսի ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջը, որին է նվիրված վրացահայ նկարիչ Վ. Էլիբեկյանն 1975-ին վրձնած «Հին Թիֆլիս: "Հայկական կամուրջ"» թեմայով նկարը:
«Հին Թիֆլիս: "Հայկական կամուրջ"»: Նկ.՝ Վ. Էլիբեկյան
Բեկովո: Հայկական կամուրջի ընդհանուր տեսքը
ՌԴ Պենզայի մարզի Բեկովոյի շրջանում, Խոպյոր գետի վրա կառուցված ավտոմոբիլային կամուրջը, որը գտնվում է Բեկովոյից մոտ 1 կմ հեռավորության վրա կրում է ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջ անունը:
Կուլանդա: Հայկական կամրջի ընդհանուր տեսքը
ՌԴ Սախայի (Յակուտիա) Հանրապետությունում, Կոլիմա գետի Կուլանդա վտակի վրա կառուցված կամուրջը նույնպես հայտնի է ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջ անունով:
ՀԱՅԿԱԿԱՆ անվանված կամուրջներից թերեւս շքեղը Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի Հայկական կամուրջն է, որն անվանակոչվել է 2013 թ. սեպտեմբերին: Կամուրջը 17-րդ դ.-ում ջուղայեցի վաճառականների համար ծառայել է որպես տարանցիկ ճանապարհ:
Ս. Պետերբուրգի Սմոլենկա գետի վրա գտնվող ժամանակակից Սմոլենսկի կամուրջը նախկինում հայտնի է եղել ՀԱՅԿԱԿԱՆ կամուրջ (ռուս. Армянский мост) անունով:
Ժամանակին Նիժնի Նովգորոդ քաղաքում նույնպես եղել է, ինչպես Հայկական փողոց, այնպես էլ Հայկական կամուրջ: Հայկական կամուրջը գտնվել է Օկա գետի վրա: Այդ անվանումները կարելի է հանդիպել քաղաքի հին քարտեզներում:
Ս. Պետերբուրգում կա Ստ. Շահումյանի անունով կամուրջ: Իսկ Թիֆլիսում, Քուռ գետի վրա եղել են Մադաթովսկի եւ Մնացականովսկի կամուրջները: Վերջինս կառուցվել է 1848-1850 թթ.՝ վաճառական Մնացականովի միջոցներով եւ նվիրվել քաղաքին:
Ս. Պետերբուրգ: Շահումյան կամուրջը
Թիֆլիս: Մնացականովսկի կամուրջը
Գագիկ Արծրունի
Կարծիքներ