Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ամոթ է եւ խայտառակություն

Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ամոթ է եւ խայտառակություն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, որն արդեն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում: Հրապարակված նախագծերն այս օրերին քննարկվում են թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հարթակներում:   

Հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում, ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաեւ այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը մանկավարժների շրջանում մեծ դժգոհությունների առիթ է տվել, ավելին` նրանցից շատերը մտավախություն ունեն, որ իրենց ձայնը չի լսվի, եւ ծրագիրն այդպես էլ կհաստատվի: Ուսուցիչներին վիրավորել է նաեւ այն հանգամանքը, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվել եւ դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաեւ արտասահմանյան գրականություն եւ հայ ժամանակակից հեղինակների գործեր: 

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով, այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելը նշանակում է ծաղրել այս բնագավառը: Ավելին` այսպիսի ծրագիր շրջանառության մեջ կարող էր դնել միայն ոչ մասնագետ հանձնախումբը. «Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելու համար նախարարը պետք է տեղնուտեղը հրաժարական տա: Սա հրաժարականի հարց է, ոչ թե քննարկման կամ կոսմետիկ միջամտության, սա արմատական հարված է հայի ոգուն, հայությանը, սահմանին կռվող ու հայրենիք պաշտպանող զինվորի ուժին եւ ոգուն: Այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ուղղակի ամոթ է եւ խայտառակություն: Փաստորեն, հայ հին ու միջնադարյան գրականություն գոյություն չունի, որով պայմանավորված է հայ մարդու ազգային հիշողությունը: Բացակայում են ազգային արժանապատվությունն ու այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Նարեկացին ու միջնադարյան գրականության մեր մյուս մեծերը»: 

Ծրագրում թեպետ էպոսը կա, բայց, ըստ գրականագետի, սերունդներին միայն էպոսով կրթելը քիչ է. «Էպոսը լավ է, որ կա, բայց Մաշտոցից հետո ի՞նչ եղավ, ո՞վ է Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին... սա խայտառակություն է, ռետինն առած՝ հայ մարդու միջից ջնջում են նրա հիշողությունը: Այսպես կվարվեր միայն թուրքը, սա հենց թուրքի ձեռագիր է: Այդ հանձնաժողովը պետք է չեղարկվի եւ ստեղծվի նոր հանձնաժողով, նոր ծրագիր, որն ընդունելի լինի, իսկ այս ծրագիրը քննարկման ենթակա չէ, որովհետեւ վերից վար խոտան է»:

Դավիթ Գասպարյանը նկատում է` լինելով 7-9-րդ դասարանի գրականության դասագրքերի հեղինակ, այդքանով հանդերձ, ո՛չ տեղյակ է եւ ո՛չ էլ մասնակից այս նոր ծրագրերին, որ կազմվել են կրթության նոր չափորոշիչներին համապատասխան. «Ինձ չեն ասել եւ չեն ներգրավել, եթե ներգրավեին, բնականաբար, այսպիսի պատկեր չէր լինի, նորից եմ շեշտում՝ ծրագիրը խոտելի է, նողկալի, այդտեղ հինը, նորը, ժամանակակիցը խառնել են իրար եւ չեն էլ հասկանում, թե ժամանակակից ինչ ընտրեն: Կաֆկան հանճարեղ, մեծ գրող է, բայց Կաֆկային անգամ գրականության մասնագետները չեն կարողանում յուրացնել, դու Կաֆկային դրել ես դպրոցական ծրագրում, որ երեխան Կաֆկա՞ կարդա, նա չի կարողանա Կաֆկա հաղթահարել, այլ բան, որ լրացուցիչ ընթերցանության շրջանակներում հանձնարարեք, թող երեխաներն ամռանը կարդան»:
Ներկա ծրագրով չկա ժամանակագրություն, այլ միայն՝ հեղինակ եւ ստեղծագործություն․ թե որքանով է ճիշտ այս մոտեցումը, ապա. «Նախկին դասագրքերում կար մի կոպիտ սխալ, որի մասին ես բազմիցս խոսել եմ. 7, 8, 9-րդ դասարաններում ժամանակագրությունը խախտված էր, փոխանակ սկսեինք հնից, գայինք միջին, հետո` նորագույն շրջան, հակառակն էր արված` նորագույնից գնացել էինք հին: Դա ժամանակին արված կոպիտ սխալ էր, որը պետք է ուղղվեր, բայց հիմա այդ սխալն ուղղելու փոխարեն բազմակի սխալներ են արել: Ամեն ինչ խառնված է իրար. ժամանակագրությունը, որը հումանիտար գիտության, գրականության, պատմության հիմքն է, վերացված է: Հեղինակներն ըստ ժանրերի խմբավորվել են, եւ հարցական է, թե այդ հեղինակների մի մասն ովքեր են, ժամանակակից անուններ կան, որ օրվա մեջ դեռ քննություն չեն բռնել, արժե՞ երեխային ծանրաբեռնել այդ պատահական անուններով: Իհարկե, ժամանակակից հեղինակներ պետք է լինեն, բայց՝ ընտրովի, լուրջ արժեքները»։ Դավիթ Գասպարյանն ընդգծում է, որ հաջող ընտրություն չի արվել նաեւ հեղինակների ստեղծագործությունների հարցում. «Դրել են Աղասի Այվազյանի «Օբյեկտիվ 18» ժողովածուն․ ինչո՞ւ եք ողջ ժողովածուն դրել, եթե նա ունի թիֆլիսյան շարք, որի մեջ կան մի քանի շատ լավ գործեր»: 

Մեկ այլ խնդիր՝ ծրագրում ընդգրկված նյութերի հետ կապված. «Նյութերը տալիս են եւ գրում են` ընտրել 2-3 գործ` հայ կամ օտար հեղինակ։ Ենթադրենք՝ մի ուսուցիչ ընտրեց Ա գործը, մի ուսուցիչ էլ` Բ գործը, բայց վերջում այդ երեխաները միասնական քննություն են տալու, ի՞նչ սկզբունքով պետք է ստուգեն, պետք է միասնական ուսուցում լինի, որ միասնական էլ քննություն լինի, որ երեխան իմանա, թե ինչ է սովորել եւ ինչ է պատասխանում: Առարկան ավագ դպրոցում պետք է կոչվի «Հայ գրականություն», եւ պետք է տրվի ժամանակագրական հաջորդական պատկերացում հայ գրականության անցած ճանապարհի մասին` հնից մինչեւ այսօր»:

Այն, ինչ արվել է, ըստ գրականագետի, հակասում է հայ գրականության ուսումնասիրության տրամաբանությանը եւ հայ մարդուն` հայրենի արժեքներով դաստիարակելու փիլիսոփայությանը։ «Ես կտրականապես դեմ եմ այդ ծրագրին եւ պահանջում եմ նախարարի հրաժարականը, այս նախարարից լավ բան չենք սպասի, Կրթության ազգային ինստիտուտը փակեց, 10 անուն դպրոցին հասցեագրված ամսագրերը փակեց, փոխարենը միասեռականի մասին պատմող ֆիլմն ու «Հուզանք ու զանգ» ներկայացումը ֆինանսավորեց: Ես մի լավ բան չեմ տեսնում նախարարի գործունեության մեջ, ու ինչքան հնարավոր է՝ շուտ պետք է ազատվել նրանից կամ ուղարկել հարեւան հանրապետություններ` նախարար կամ նախարարի օգնական աշխատի: Մենք այսօր հպարտանում ենք, որ հայրենիքի սահմաններն ամուր են պահվում, բայց ներսից մեր բոլոր սահմանները տալիս ենք մեր թշնամիներին, իսկ սա ապազգային քայլ է, որ ժողովրդի գլխին են փաթաթում»,-ասում է Գասպարյանն ու կոչ անում մտավորականությանը՝ հավաքվել եւ բաց նամակով դիմել կառավարությանն ու նախագահին: 

Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը շտապում է հանգստացնել` ասելով, որ հսկայական ցանկ են պատրաստել,  դեռ լրացման փուլն է, այդ հեղինակներն էլ լինելու են, ուղղակի մի քիչ այլ կերպ: «Բուզանդից, Խորենացուց վերցնելու ենք, պարզապես որ նրանց անունները չկա, դրանից խառնվել են, բայց խառնվելու եւ անհանգստանալու կարիք չկա: Իսկ այն, որ պատմիչներին պետք է ուսումնասիրենք, դա պատմության խնդիրն է, մենք վերցնում ենք այն, ինչը գրականության խնդիրն է, ուղղակի հասկացել ենք, թե իրենց անհանգստությունը որտեղից է գալիս, եւ մենք ծրագրում կնշենք Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի եւ մյուսների անունները»,- ասում է Ալեքսանյանն ու նկատում, որ արդեն այսօր քննարկում է նախատեսված ուսուցիչների հետ, եւ հնարավոր է այդ քննարկումների արդյունքում ծրագրի բովանդակությունն էլ փոխվի. 

«Մի պահ կա, որ իրենք հաշվի չեն առնում` վերջնարդյունքների պահը, ըստ որի՝ որոշակի բաներ ենք նշել, այսինքն, մեր հիմնական նպատակը բանավոր, գրավոր խոսքի զարգացումն է, մանկավարժն ուզում է դա Նարեկացիով անի, Բուզանդով, թե Խորենացիով` ոչ ոք իրեն չի արգելում, հատկապես որ ընդարձակ ընթերցանության ցանկ ենք սարքել եւ պետք է իրենց տրամադրենք»,- ասում է նա ու հավելում, որ ժամանակագրությունը խախտել են, որովհետեւ տարիքային առանձնահատկություններով են առաջնորդվել: