Համախմբվել իրատեսական «մեծ գաղափարի» շուրջ

Համախմբվել իրատեսական «մեծ գաղափարի» շուրջ

Ու դա Թուրքիայի կողմից բռնազավթված, 1915 թվականի ցեղասպանությամբ էթնիկ զտման ենթարկված, Հայաստանի արևմտյան հատվածն ազատագրելը չէ: Խոսքը վերաբերում է միջազգայնորեն չճանաչված պետության ղեկավար Ստալինի կողմից, մեկ այլ չճանաչված պետության՝ Թուրքիայի թելադրանքով, առանց որևէ իրավական հիմքի, Ղարաբաղը և Նախիջևանը թուրքական նորաստեղծ երկրորդ պետությանը հանձնելուն:

ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ. Ղարաբաղը և Նախիջևանը պետք է վերամիավորվեն Հայաստանի Հանրապետությանը: Միայն այդպես է հնարավոր, մեծ վերապահումով, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ակնկալիքով ու ձգտումով, վերջնականապես փակել Թուրքիայի նկատմամբ պահանջատիրության էջը, ինչով առաջին հերթին պետք է շահագրգռված լինի հենց Թուրքիան: Դա պետք է ամրագրվի ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթով: Սա տարածքային նկրտում չէ, այլ մեզանից խլված պատմական հայրենիքի մի հատվածի, նվազագույն կենսատարածքի հարց, ինչը պակասում է ՀՀ բնակչության թվաքանակի ավելացման և տնտեսական զարգացման համար: Մենք ուրիշինը չենք ուզում, մենք իրավամբ մեզ պատկանողն ենք ուզում վերադարձնել:

Աշխարհի հայության բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն հենց այդ գաղափարի իրագործման համար: Նախ, դրանք պետք է լինեն դիվանագիտական, լոբբիստական, աշխարհի տիրակալներից ոչ թե պահանջելու, այլ նրանց համոզելու, ի վերջո, թախանձագին խնդրելու ջանքեր: Այդ ջանքերին զուգահեռ, հասարակության ինքնանորոգում, ամենուր արդարության հաստատում, տնտեսական, մյուս ոլորտների զարգացման արագացում:

Եվ երբ կպարզվի, որ դրանք զուր են, ապա պետք է նախապատրաստվել հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում արդարացի վերջին պատերազմին: Անկախ դրա արդյունքից, դրանով մի փառավոր էջ կգրվի մարդկային քաղաքակրթության պատմության մեջ, ամենարժանապատիվ էջերից մեկը:
Թող թշնամին իմանա, որ հարյուրամյակներ ձգվող անարդարության այս շղթան մի օր ընդհատվելու է՝ հայերիս վերջնականապես հանգիստ թողնելու կամ՝ հավերժական հանգստի ուղարկելու ելքով:

Կլինեն այլ կարծիքներ առ այն, թե դա ազգը կործանելու գաղափար է: Ազգը չի կործանվի, քանի որ նրա զգալի հատվածը գտնվում է այլ երկրներում: Խոսքը նրանց հպարտության խորհրդանիշի՝ պատմական տարածքում հայոց պետականության պահպանման մասին է: Պետք է կույր ու խուլ լինել՝ չտեսնելու ու չլսելու համար, թե ինչպես են մաշեցնում հայոց պետությունը, թե ինչ հռետորաբանություն է տիրում արյունարբու, նվաստ ցեղերի երկրներում: Պետք է տարրական հաշվողական գիտելիքներ չունենալ, չհասկանալու համար, որ «ժողովրդագրական փոսի» հատակին հասնելը մոտակա ժամանակների հարց է: Անկախության հռչակումից ի վեր, գրեթե 2 միլիոն մարդով պակասել է երկրի բնակչության թիվը: Հաջորդ երեք տասնամյակում էլ ավելի արագ տեմպերով դա տեղի կունենա. Մարդիկ այստեղ իրենց անվտանգ չեն զգում: ՈՒ ոչ միայն անվտանգության հարցն է: Բնակչության փոքր թվաքանակը մեծացնում է մարդկանց կեղեքելու, նվաստացնելու հնարավորությունները՝ անազնիվ, ազգային արժեհամակարգն արհամարող իշխանավոր որոշ հայրենակիցների համար: 

Այս գաղափարը պետք է դնել հանրաքվեի. ինչպես կորոշի մեծամասնությունը, թող այդպես էլ լինի. համախմբում մեծ գաղափարի շուրջ կամ ստորաքարշ գոյության պահպանում և անփառունակ վերջաբան: Այդպիսի վերջաբան կլինի, եթե, նույնիսկ, չարաբաստիկ միջանցքի և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերն ընդմիշտ դուրս բերվեն օրակարգից: Փաստարկնե՞ր, ապացույցնե՞ր: Անկախության 30 տարիների սոցիալ-տնտեսական զարգացման վիճակագրությունը:

Հ.Գ. Միշտ չէ, որ մեծ գաղափարներն իրագործվում են, բայց դրան ձգտելու ճանապարհին ազգը համախմբվում է, ունենում ինչ-որ ձեռքբերումներ, ամրապնդում եղածները: Ամենակարևորը՝ մեծ գաղափարի շուրջ համախմբված ազգն ինքնամաքրվում է՝ էլ ավելի մեծացնելով զարգացման իր ներուժը, դրա իրացման հնարավորությունները:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր