Անիմաստ «դուխովնացում» 

Անիմաստ «դուխովնացում» 

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, չգիտես ինչի հիման վրա, «դուխովացել» էր: ՀՀ սահմանը հերթական անգամ (այս անգամ՝ բազմաթիվ տեղերից) խախտած թշնամուն անընդհատ անվանում էր ագրեսոր և պահանջում էր վտարել ՀՀ ինքնիշխան տարածքից: Երևի սովորական դեղերի փոխարեն բժիշկները նրան «Օզվերին» էին նշանակել: Իսկ շուրջ մեկ ու կես տարի առաջ, երբ թշնամին գրավում էր Սև լճի տարածքը, ինքն էր չէ՞, իր ասելով, հրաման տվել զորքերին հետ քաշելու մասին: Եվ դա հիմնավորել էր, թե լճափի 30 տոկոսի պատճառով հո պատերազմ չի սկսելու: Իհարկե, սուտ էր ասվածը. առաջին, ոչ թե 30, այլ 90 տոկոս (ըստ կայքերի՝ մեր դիրքը համարյա թե շրջապատման մեջ պահպանում է լճափի ընդամենը 10 տոկոսը), և երկրորդ՝ տարածաշրջանի բնակավայրերի խմելու ջի աղբյուրը հենց Սև լիճն է: Ինչը մի ոչ գեղեցիկ օր կփակվի՝ եթե արդեն չի փակվել: 

Բայց ոնց որ թե նրա «դուխովանալը» չէր փոխանցվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Վերջինս ՀՀ-ում հավարտագրված դեսպաններին, իսկ հետո տեղական լրագրողներին ներկայացնելով Ջերմուկի շուրջ իրադրությունը՝ ընդամենը արձանագրել էր քաղաքից 4-4,5 կմ հեռավորության վրա շուրջ երկու տասնյակ ադրբեջանցի զինվորականներից բաղկացած խմբի շրջափակման մեջ լինելը: Եվ արձանագրել էր, որ սննդի և ջրի պաշարները վերաջանալուց հետո խումբը ստիպված հետ կքաշվի: Իսկ նոր մատակարարում չի կարող լինել, քանի որ «մենք չենք թույլատրի մեքենաների շարժ»: Հետաքրքիր է՝ իսկ եթե մատակարարումը կատարվի ուղղաթիռներով՝ մերոնք խփելո՞ւ են թշնամու ուղղաթիռներին: Եվ բացի դրանից, եթե պատերազմ է, ապա ինչու չեն ներկայացնում ուլտիմատում ՀՀ տարածքը լքելու մասին: Մի խոսքով, կառավարության նիստում Նիկոլի «դուխովանալը» բացարձակ անիմաստ էր:

Եվ մի հարց էլ՝ եթե մենք դիրքեր ենք հանձնել մի քանի վայրերում և թշնամին ամեն մեկում առաջացել է մի քանի կմ (Ջերմուտի մոտ, օրինակ, 7-8 կմ), ապա ինչ թվակաբանական մանիպուլյացիաներով է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստացել 10 ք/կմ տարածք, որ կորցրել ենք վերջին ագրեսիայի ժամանակ: Այն առնվազն մի քանի անգամ ավելի է: Այդպես նվազեցնելով մեր կորուստները՝ մի օր էլ ինքը և իր հետ, դժբախտաբար, մենք, կտեսնենք, որ թշնամին Ջերմուկում է կամ Սևանի արևելյան ափին: Եթե, իհարկե, որոշի Սևանի ուղղությամբ էլ դիրքային առաջխաղացում ապահովել: Իսկ մի ոչ գեղեցիկ օր էլ թշնամուն կտեսնենք մայրաքաղաքում՝ ի հեճուկս Նիկոլի ու նրա «ուսապարկերի» քարոզած խաղաղության դարաշրջանի։