Եթե ընդդիմությունը չունի առաջնորդ, ծրագիրը հաջողել չի կարող

Եթե ընդդիմությունը չունի առաջնորդ, ծրագիրը հաջողել չի կարող

«Հրապարակի» հարցերին պատասխանում է բիզնես խորհրդատու, Ռոբերտ Քոչարյանի համակիր Արեն Ապիկյանը:

- 2 օր առաջ մոտ 50 հազար մարդ ինքնաբուխ դուրս եկավ փողոց՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն մարդկանց ոգևորությունը մարեց: Ի՞նչն էր պատճառը:

- Առանց առաջնորդի որևէ հաջողություն չի լինում, եթե չկա առաջնորդ, ինքնաբուխ որևէ գործողություն, հաջողություն ունենալ չի կարող: Ինքնաբուխ ընկերներով կարելի է հավաքվել ու գնալ սրճարան՝ սուրճ խմելու: Եթե ուզում ես իշխանություն փոխել, անհրաժեշտ է գործողությունների պլան, առաջնորդ, քայլերի հաջորդականություն: Ուղղակի հավաքվեցին բղավեցին «Նիկոլ դավաճան», իսկ եթե Նիկոլը գնաց, ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Եթե առաջնորդ չկա, այդ ծրագիրը հաջողել չի կարող: Ես պատմության մեջ չգիտեմ որևէ շարժում, որին հաջողի հեղաշրջում անել, եթե չկա առաջնորդ: Ես չգիտեմ դեպք, երբ, օրինակ, ինչ-որ երկրում դիկտատորին վռնդելու փորձ անեն, բայց չլինի նրան փոխարինող:

Ժողովուրդը պետք է անունն իմանա առաջնորդի, որ գուցե հավատա, գնա կանգնի նրա կողքին: Քանի դեռ առաջնորդության հայտ որևէ մեկը չի ներկայացրել, ես կարծում եմ, որ բոլոր տեսակ նման փորձերը ձախողվելու են: Այդ օրը լիքը մարդ ասում էր` եկեք կոտրենք Ազգային ժողովի դարպասները…. Հետո՞: Ենթադրենք կոտրեցիք մտաք Ազգային Ժողովի շենք, ի՞նչ եք անելու հետո:

- Ոմանց համար առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, նրա թիմակիցներն ու աջակիցները երբեմն ոչ բացահայտ, բայց նրան են առաջ մղում:

- Ես անձամբ կարծում եմ, որ այս իրավիճակում միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջնորդել մեզ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրա հետ ոչ մի կապ չուներ, ես անգամ նրա հետքն այնտեղ չտեսա: Ներկա էին միայն պատգամավորները, որոնք ցուցարարների պահանջով մտան պառլամենտ, սակայն պահանջը չիրականացավ: Էլի պատճառն առաջնորդի բացակայությունն էր: Ամեն ինչ էմոցիոնալ ֆոնի վրա էր:

- Իսկ Ձեր կարծիքով` Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ չի ցանկանում ասպարեզ գալ, առաջնորդի դերը ստանձնել:

- Երկուշաբթի օրն, ըստ իս, նա այդ բոլոր հարցերին կանդրադառնա, ես չեմ կարող նրա փոխարեն ոչինչ ասել:

- Կան նաև պնդումներ, որ բազմահազարանոց ակցիան ընդդիմությունը փչացրեց: Ինչպես շատերն ասում են` ընդդիմադիրները հանրահավաքը ցրեցին….

- Ո՞ր ընդդիմությունը՝ պառլամենտակա՞ն:

- Հիմնականում, այո, մեղադրում են հենց նրանց:

- Բայց պառլամենտական ընդդիմությունը հակառակը՝ ենթարկվեց հասարակության պահանջին, գնացին ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար: Նրան ժողովրդի պահանջն էին կատարել պարզապես:

- Կա հետևյալ թեզը, թե քանի դեռ այս ընդդիմությունն է պայքարում Փաշինյանի դեմ, Փաշինյանը մշտապես հաղթողի դերում է լինելու:

- Հանրահավաքին մասնակցել են միմիայն ընդդիմադիր պատգամավորները: Բազմաթիվ գործիչներ են այդ օրը ելույթ ունեցել, որոնք իրենց ընդդիմություն են հռչակել: Պառլամենտական ընդդիմությունը որևէ կոչ այդ օրը չի արել: Այնպես որ նրանց մեղադրելը սխալ է:

- Երկրում առկա իրավիճակին ի՞նչ գնահատական կտա՞ք: Այժմ հրադադար է: Ի՞նչ եք կարծում թշնամին դեռ որքա՞ն ժամանակ կլռի:

- Կդժվարանամ հստակ գնահատականներ տալ: Մենք բոլորս էլ գիտեինք, որ Ադրբեջանն ուժով փորձելու է անել այն, ինչ ցանկանում է անել: Հիմա միջազգային հանրության ուժերով Ռուսաստանի և արևմտյան երկրների կոշտ արձագանքի հետևանքով հրադադար հաստատվեց: Սակայն, թե այն որքան կտևի և ինչ պրոցեսներ դրան կհաջորդեն, դժվար է ասելը:

- Կարծո՞ւմ եք Ռուսաստանն ունեցա՞վ իր ազդեցությունը: Շատերի դժգոհությունն է շարժել ՀԱԿՊ-ի որդեգրած քաղաքականությունը:

- Մենք ՀԱՊԿ-ից իրականում լուրջ սպասելիքներ չենք էլ ունեցել և չպետք է ունենալ, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն իր տրամաբանության մեջ է գործում: Փաշինյանն է ՀԱՊԿ-ի նիստը վարել և եթե ՀԱՊԿ-ը որոշել է մոնիթորինգ իրականացնել, ապա դա շատ բան է նշանակում: ՀԱՊԿ-ն իդեալական չէ, դա փաստ է: