Նիկոլիզմը որպես բոլշեւիզմի մերօրյա դրսեւորում

Նիկոլիզմը որպես բոլշեւիզմի մերօրյա դրսեւորում

Ռուսերենում մի հետաքրքրիր ասացվածք կա՝ «Ծեծի՛ր յուրայիններին, որպեսզի ուրիշները վախենան» («Бей своих, чтоб чужие боялись»): Կարծում եմ, որ իմաստն ավելի քան հստակ է, բայց զարմանալիորեն առաջացել է շատ ավելի անմեղ իրավիճակից՝ մարզական խաղերից: Միջնադարյան Ռուսիայում բազմաթիվ մարզաձևերից հարգի էր հատկապես բռնցքամարտը: Մենամարտում էին (տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ բազմամարտում էին) ընտանիքներով, համայնքներով և նույնիսկ շրջաններով: Սակայն այդ մարտերն անցկացվում էին ոչ թե թշնամական մթնոլորտում (ինչպես, օրինակ, հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական մենամարտերն են), այլ հանուն մարզական հետաքրքրասիրության: Հիմնական մարտերից առաջ նույն խմբի անդամները միմյանց հետ թմրազերծվում էին (разминались) մրցակիցներին ի տես: Եվ հաճախ այդ «ռազմինկան» նմանվում կամ համարյա վերածվում էր իսկական մենամարտի: Նպատակն իրական մրցակիցների վրա հոգեբանորեն ազդելն էր: Բայց իրական մենամարտերն ավարտվում էին առանց հայտարարելու, թե որ թիմն է հաղթող դարձել: Դա հանգստի ինքնատիպ ձև էր, քանի որ այդ խաղում կարևորվում էր ոչ թե հաղթանակը, այլ մասնակցությունը: Մոտավորապես, ինչպես ասվում է Օլիմպիական խաղերի մասնակցության առումով:  

Ինչպես երևում է, ռուսական այդ ասացվածքի նախնական իմաստը չուներ այն բացասականությունը, ինչն առկա է այսօր: Կարծում եմ, որ իմաստի փոփոխությունը տեղի է ունեցել 20-րդ դարասկզբում՝ բոլշևիկյան իշխանության պայմաններում: Որովհետև հենց նրանց տիրապետության առաջին տասնամյակներին (Լենինի և Ստալի օրոք) յուրայիններին հետապնդելը դարձել էր օրինաչափություն: Որովհետև օտար թշնամիներին և ներքին հակառակորդներին հետապնդելուց հետո գործի դրված մեխանիզմը կանգնեցնել հնարավոր չէր, իսկ այն գործարկել շարունակելը նոր «հումք» էր պահանջում: Եվ դրա դերում հանդես եկան հենց յուրայինները: Եվ քանի որ ռուսական այդ ասացվածքը հայերենին է անցել նորագույն ժամանակներում, ապա ձեռք է բերել հենց խիստ ընդգծված բացասական իմաստ: Առաջին հայացքից, զարմանալի է, որ դրա դրսևորումները մենք տեսնում ենք այսօրվա (նիկոլական) Հայաստանում: Այն վարչակարգի (տվյալ դեպքում ավելի սազական կլիներ «ռեժիմ» բառը) պայմաններում, որի ավելի քան հնգամյա կառավարման արդյունքում հաստատվել է ոչ թե  այդ, այլ «Յուրայիններին ազատություն, իսկ օտարներին օրենքի գերիշխանություն» սկզբունքը: Վերջինիս դրսևորումներն անընդհատ ու բազմաթիվ են. բավարար է կարդալ մեկ օրվա «Հրապարակ»-ի նյութերը:  

Իսկ այժմ ներկայացնեմ ռուսական ասացվածքի մերօրյա դրսևորումը, հանուն որի էլ գրվել է այս հոդվածը: Ինչն ավելի շատ նման է զավեշտի, քանի որ տեսականորեն անգամ չպետք է լիներ «հեղափոխական իշխանության» պարագայում: Այսպես, իշխանության համախոհ հեղափոխական ակտիվիստներից մեկի համակարգմամբ գործող հասարակական կազմակերպության (ՀԿ) հետաքննությամբ պարզվել է, որ Սպիտակի մի շարք համայնքային ծառայողներ Երևանի ավագանու ընտրություններին (անցկացվել են սեպտեմբերի 17-ին) ընդառաջ իշխող կուսակցության համար կազմել են այն ընտրողների ցուցակը, որոնք հարազատներ ունեն Երևանում, որպեսզի «հորդորեն» դրանց իրենց ձայնը տալ քպկ-ին: Ինչը և հրապարակվել է կազմակերպության կայքում: Քանի որ դա հակասում էր Նիկոլի փիառած «ազատ, արդար ու թափանցիկ» ընտրությունների տեսլականին, քպկ-ն որոշել է սխալ հանել հետաքննություն իրականացնող ՀԿ-ին: Կուսակցությունը դիմել է  դատարան՝ պահանջելով հերքել հրապարակումը և որպես բարոյական վնասի հատուցում փոխանցել մեկ միլիոն դրամ: Իսկ որպես հայցի ապահովման միջոց՝ այդքան գումար սառեցնել ՀԿ-ի բանկային հաշվին: Դատարանն էլ, բնականաբար, անմիջապես կատարել է իշխող ՔՊԿ-ի պահանջը:

Կարծում եմ, որ վերընշյալ ՀԿ-ի համար մեկ միլիոն դրամն անհաղթահարելի գումար չէ. դա որպես այդ ոլորտում 18-ամյա գործունեության փորձառություն ունեցող անձ եմ ասում (առաջին մի քանի ամիսներին հենց հասարակական հիմունքներով եմ աշխատել): Ինչը նշանակում է, որ ՀԿ-ի գործունեության համար լուրջ խոչընդոտներ չեն ստեղծվում: Բայց նախկինների օրոք խիստ ընդդիմադիր, իսկ Նիկոլի «ժողովրդավարության բաստիոնի» պարագայում իշխանության համախոհ մի շարք ՀԿ-ներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ գումարի սառեցման: Ու նույնիսկ զարմացած արձանագրել են, որ նախկինների օրոք նույն գործունեության համար ընդդեմ նույն ՀԿ-ի դիմելով դատարան՝ հանրապետականները հայցի ապահովման միջոց չեն պահանջել: Կարծում եմ, որ այդ զարմանքը տեղին չէ, քանի որ ՀՀԿ-ն երբեք չէր առաջնորդվել «Ծեծի՛ր յուրայիններին, որպեսզի ուրիշները վախենան» սկզբունքով: Որովհետև որքան էլ անօրինական լիներ նախկին իշխանությունը՝ այն բոլշևիկյան բնույթի չէր: Իսկ վերը նշված սկզբունքը, ինչպես ասվեց վերևում, հենց գործունեության բոլշևիկյան մեթոդ է: Ինչը (բոլշևիզմը) վաղուց արդեն դարձել է գործող իշխանության էությունը. ընդամենը անունն է տեղայնացված՝ «նիկոլիզմ»:

Հ. Գ. Անուններ և անվանումներ չեմ տալիս լրացուցիչ անգամ այդ կազմակերպությունները չփիառելու նպատակով: