Այս եղևնին ու Ձմեռ պապը 25 տարի դիմացել են

Այս եղևնին ու Ձմեռ պապը 25 տարի դիմացել են

Այս օրերին  ամենից քննարկվող թեմաներից մեկն էլ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառն էր: Ու չնայած քննադատություններին, մեզանից շատերն շտապում են այնտեղ՝ նկարվելու, սելֆիներ անելու նոր ու թանկարժեք տոնածառի կողքին: Մարզերում այս տարի նույնպես առանձնահատուկ են նախապատրաստվել. « Նոր Հայաստան, նոր եղևնի » կարգախոսը մարզկենտրոնները ևս չի շրջանցել: Հանրապետության մի շարք քաղաքների գլխավոր եղևնիների տեսքն ու զարդարանքն ամբողջությամբ փոխվել է: Մինչ երիտասարդները  «վայելում են » փոփոխությունները, տարեցները կարոտ են ապրում:

Գյումրիում գործող « Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն իր ֆոտոարխիվից պեղել եւ հրապարակել է մի լուսանկար՝ մակագրելով. «1962թ-ին Լենինականի կենտրոնական հրապարակում տեղադրված եղևնին ու Ձմեռ պապը: Այս ձմեռ պապը առնվազն 25 տարի դիմացավ»: Վահան Թումասյանը հիշում է, որ այդ եղևնին ու Ձմեռ պապը քաղաքի հրապարակում տեղադրվել են մինչև 87 թիվը՝ մինչ 88թ-ի չարաբաստիկ երկրաշարժը:

Ուշագրավ է, որ այն տարիներին, ինչպես գյումրեցիներն են պնդում, քաղաքի բնակիչների մտքով երբևէ չի անցել, թե որքան գումար է ծախսվել հրապարակի տոնածառը տեղադրելու եւ այլ տարածքներ զարդարելու համար: Եւ չեն մտածել, թե  ինչու հաջորդող տարիներին տոնածառն ու Ձմեռ պապը անփոփոխ են մնացել: «Էդ էնքան ավանդական էր, որ մեզի կըթվար, թե մեր հաջողությունն է էդիկ, մեզ ուրիշ Ձմեռ պապ ու տոնածառ պետք չէր, սաղս էդոնց էինք սովոր, մինչև որ ժաժքն եղավ ու էլ ամեն բան ստվավ»,-ասում է տարեց գյումրեցին՝ զարմանալով քաղաքի այժմյան լուսավորության, զարդ ու զարդարանքի վրա: «Քաղաքը զարդարե, մեր սրտերն են սևցրե, էն վախտ էդպես չէր, ճիշտ հակառակն էր»,-հառաչում է նա: