Հին զինանոցը խանգարեց

Հին զինանոցը խանգարեց

Փաշինյան-Ալիեւ արցախյան հարցով «զրույցը» (conversation), որն ընթացավ աննախադեպ ձեւաչափով, Հայաստանի ներսում բազմաթիվ կարծիքների տեղիք տվեց․ նախկինները պնդում են, որ Ալիեւն ինքնավստահ էր, Փաշինյանը՝ աշակերտի դերում, որը խնդիր ուներ անգամ վարվեցողության հետ ու կաղում էր Ալիեւի մոտ։ Նիկոլի կողմնակիցներն իրենց հոգեբանական ու դիվանագիտական հաղթանակն են տոնում։ Հետաքրքիր դիտարկում էր արել Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը․ «Մեկը կարո՞ղ է ինձ բացատրի, թե սա ինչ հանճարեղ միտք է՝ երկու երկրների առաջին դեմքերին դնել այսպիսի դիրքի մեջ, որը բացի ստորացումից այլ բան չի կարող նշանակել՝ անկախ բովանդակությունից: Երկու վայրենի ցեղերի առաջնորդներ, նստած իրար դեմ՝ «սպիտակ մարդու» միջնորդությամբ: Ո՞նց»։

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի հրապարակային առերեսում-բանավեճը գնահատում է «բոլորի համար օգտակար»։ Սակայն ասում է․ «Կողմերի բանակցային մոտեցումները նույնն են մնացել՝ ադրբեջանական ղեկավարը հստակ ներկայացրեց հարցի կարգավորման, այն է՝ Արցախի նկատմամբ պաշտոնական Բաքվի լիակատար վերահսկողության հաստատման փուլային ծրագիրը, մինչդեռ վարչապետ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, մնաց իրեն նախորդած հայ բանակցողների մոտեցումների եւ տերմինաբանության պատանդը»։ Արման Մելիքյանի խոսքով՝ բանակցային գործընթացն այս բանավեճից ո՛չ շահեց, ո՛չ էլ ինչ-որ բան կորցրեց՝ շարունակում է մնալ փակուղում, Հայաստանի Հանրապետության համար բացասական իրավական, դիվանագիտական ու ռազմաքաղաքական պոտենցիալ պարունակող ստատուս-քվոյի հանգրվանում:

Մելիքյանը հավելում է․ «Այս մոտեցումները մեր շահերը հարվածի տակ  դնելու մեծ ներուժ են պարունակում: Դրանք պետք է վերանայվեն, եւ որքան շուտ դա արվի, այնքան լավ»: Ինչ վերաբերում է հարցին, թե Փաշինյանը կարողացա՞վ օգտագործել հայկական զինանոցի զենքերը, ապա ԼՂՀ նախկին ԱԳ նախարարն ասում է․ «Նա օգտագործեց այն, ինչը վատ իմաստով «ամբարվել»  է առայսօր ՀՀ նախորդ իշխանական թիմերի կողմից, դրան ավելացնելով նաեւ որոշ սեփական դիտարկումները: Օգտագործված այդ փաստարկներն ընդունակ չեն ապահովել մեր ազգային շահերի իրագործումը, ընդունակ չեն ապահովել խաղաղության հաստատումը ու անգամ ստատուս քվոն այլեւս չեն կարող երաշխավորել երկարաժամկետ հեռանկարում»: