Կհաստատվի՞ Գյումրու բյուջեն, թե՞ նոր զարգացումներ են սպասվում

Կհաստատվի՞ Գյումրու բյուջեն, թե՞ նոր զարգացումներ են սպասվում

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստով որոշվելու է քաղաքի բյուջեի ճակատագիրը։2024 թ-ի բյուջեի տապալումից հետո, մենք տեղեկացանք, որ որոշմանը դեմ քվեարկած խմբակցությունները առաջարկությամբ են հանդես եկել և նոր նախագծեր են ներկայացրել համայնքապետարան։ Այսօր բյուջեն քննարկման է դրվելու որոշակի փոփոխություններով։ Թե ինչպես կքվեարկեն խմբակցությունները, ընթացքը ցույց կտա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստին 2024 թվականի տարեկան պլանն ու 2024 թվականի բյուջեի նախագծերը քվեարկության արդյունքում տապալվեցին եւ չհաստատվեցին:
Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» եւ Հայաստանի հանրապետական խմբկացության ավագանու 15 անդամները, ձեռպահ քվեարկեցին «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունների 6 ավագանու անդամ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»` 11 դեմ:

Ավագանու նիստին, սակայն, «Բալասանյան դաշինք»-ից ընտրվեցին 2 փոխքաղաքապետերը, քաղաքը կառավարումն ամբողջությամբ անցավ «Բալասանյան դաշինք»-ին:

Ավելի վաղ գրել էին, որ իշխանությունը չի համակերպվում Գյումրիում իշխանություն չունենալու հետ և ամեն ինչ անում են Ալավերդու օրինակով իշխանությունը խլելու համար: Քաղաքապետը յուրային չէ, ավելին՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից հուշագիրը խզելուց հետո իրավիճակն ավելի է սրվել: 2021թ ընտրություններից հետո Բալասանյանների հետ կայացած գործարքի դիմաց Սամվել Բալասանյանի որդին դեսպան նշանակվեց Իրաքում, բայց օրերս դեսպանի պաշտոնից նա էլ ետ կանչվեց: