Պատերազմի պարտությունից հետո ամեն օր պարտվում ենք․․․

Պատերազմի պարտությունից հետո ամեն օր պարտվում ենք․․․

Ես, օրինակ, պատահական չեմ համարում, մանավանդ հետագա ծավալված իրադարձություններից հետո, որ 44-օրյա պատերազմի օրը, որը ընտրված էր սեպտեմբերի 27-ին , պատահական ընտրություն էր։  Մեր ինքնիշխանության, անկախության օրը՝ պատերազմ։ Դա հետագայում պատմության մեջ կդիտարկվի որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության դեմ պատերազմ։ Դա հետագայում պատմությունը կդրոշմի, որ այն Ադրբեջանի ու Հայաստանի իշխանության կողմից  հավաքական առաջին դավադրությունն էր։ Բայց պատմությանը թողնենք պատմությունն ու առաջ անցնենք։ 

44-օրյա պատերազմի նախճիրից ու կապիտուլյացիայից հետո պատերազմը չի վերջանում։ Զինաթափվեցինք, մեր ռազմատեխնիկան հանձնվեց Ադրբեջանին, հրաժարվեցինք այն ամենից, ինչ Ադրբեջանն ուզում էր ու իբր  հրադադար կնքվեց։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը կատարեց գաղտագողի։  Պատերազմի պարտությունից  հետո ամեն օր պարտվում ու ջախջախվում ենք։ Պատերազմից հետո պատերազմ է։ Նոր ավելի խայտառակ պարտություններ՝ Արցախի հանձնում, Հայաստանի տարածքների, մարտավարական դիրքերի հանձնում, բայց էլի պատերազմը չի կանգնում։ Պատճառը բոլորիս համար պարզ է։ Պատերազմի բուն պատճառը մնում է։ Ինչու՞ եմ Նիկոլ Փաշինյանին համարում պատերազմի  բուն պատճառ ու պատերազմի շարունակությունը ավարտին հասցնելու գործիք, որովհետև նա հրաժարական չի տալիս։ Նման քայլ կաներ իր երկրի ապագայով մտահոգ ցանկացած մարդ։ Նա պարտավորվածություն ունի ու կատարում է Ադրբեջանից ոչ պակաս փութաջանությամբ։ Խայտառակ արդյունքները տեսնում ենք։  

Պատերազմից հետո ամեն օր պարտվում ու ջախջախվում ենք։ Դա ի՞նչ է նշանակում։ Որ մեզ գլխավորում է այն ղեկավարը, որը տանուլ է տվել պատերազմը։ Բայց դա չարիքի փոքրագույնն է։ Նա պիտի հասնի պատերազմի ավարտին՝ մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը վերացնելու՝ խաղաղության թմրաբարձի միջոցով։ 44- օրյա պատերազմի սկիզբը՝ ՀՀ անկախության ու ինքնիշխանության օրը՝ սեպտեմբերի 27-ը,  մեզ համար գույժ պիտի լիներ, որ այն հատուցելու ենք մեր պետականության ու ինքնիշխանության կորստով։ Իսկ այդ գիտակցությանը հասնելու համար մեզ խանգարում է կեղծ խաղաղության դոզան, որը մեզ հավիտյան քնած է թողնելու։ Մեզ խանգարում է այս իշխանության կողմից սրսկման բարձր դոզայաբաժինը։