Ստացվել են 4154 գաղտնի ու հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր․ 6 ամսով երկարացվեց հանձնաժողովի աշխատանքները

Ստացվել են 4154 գաղտնի ու հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր․ 6 ամսով երկարացվեց հանձնաժողովի աշխատանքները

Ազգային ժողովի նիստում երեկ քննարկվում էր «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը երկարաձգելու խիստ կարիք կա։

«Հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել ու ստացել է 4154 գաղտնի ու հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ։ Դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է հանձնաժողովի պատգամավորների ու փորձագետների կողմից։ Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են եւ շարունակվում են հրավիրվել գործող ու նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ եւ զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ եւ տեսաձայնային նյութեր»,- ասել էր նա։

Այսօր՝ մայիսի երեքին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց։ Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Սա վերջին երկարացումն է լինելու։