Բանակցություններ՝ գո՞րծ, թե՞ հոբբի

Բանակցություններ՝ գո՞րծ, թե՞ հոբբի

Իմացանք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Եթե սա տեղի ունենար Նիկոլի իշխանության առաջին օրերին, ես Ալենի եւ նրա գլխավորած պատվիրակության համար շատ կանհանգստանայի՝ մի օյին չգա՞ գլխներին: Բայց այսօ՞ր… Այսօր մի տեսակ հանգիստ եմ: Հայ-թուրքական ախպերության այս բումի օրերին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եթե Ադրբեջան էլ գնա, ես երեւի չանհանգստանամ: Սկզբունքորեն ոչ մի տարբերություն չկա՝ Թուրքիա, թե Ադրբեջան: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանն այն սուբյեկտները չեն, որ նրանց հանդիպումներում ու բանակցություններում որեւէ հարց լուծվի: Ենթադրենք՝ Ալենը չի գլխավորում այդ պատվիրակությունը, այլ՝ ես: Դրանից որեւէ բան կփոխվի՞: Եվ կամ՝ ենթադրենք, թե Ալենն իր պատվիրակությամբ ոչ թե Անկարա, այլ Լաչինի միջանցք մեկներ: Ադրբեջանական անցակետը կհանվե՞ր: Բան է, էլի, մենք մեզ մխիթարում ենք, թե իբր այցերի մեջ ենք, բանակցում ենք, հարցեր ենք լուծում:

ՀՀ իշխանության մեջ խելքը գլխին միակ տղեն Նիկոլն է: Օրինակ վերցրեք նրանից՝ մնացել տանը՝ ոչ մի տեղ չի այցելում: Շատ-շատ՝ հեռախոսազրույց ունենա այս կամ այն համաշխարհային լիդերի հետ, էն էլ՝ եթե հավեսը տա, ու հեռախոսը վերցնի: Բայց դուք Արարատ Միրզոյանի խելքին նայեք, որ վեր է կացել ու մեկնել Վաշինգտոն: Թե բա՝ բանակցում ենք Ադրբեջանի հետ: Պարզ հարց է առաջանում, չէ՞, մի՞թե սահմանակից Ադրբեջանի հետ բանակցելու համար պետք էր հասնել Աստծու բանի ծերը՝ Վաշինգտոն: Մինչդեռ պետք է ընդամենն ասեին, որ Միրզոյանն ու Բայրամովը գնացել են Վաշինգտոն, որպեսզի լսեն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի պատկերացումները մեր, այսպես կոչված, ապագայի մասին:

Երբ մեկը, թեկուզ արտգործնախարար, գնում է մի տեղ բանակցությունների, առնվազն պետք է իմանա, թե ինչ է բանակցելու: Գոնե հարցերի շրջանակից պետք է տեղյակ լինի: Իսկ Միրզոյանն ու Բայրամովն ուղղակի գնացել են՝ լսելու Բլինքենին, որն էլ հոպ՝ դեմ է տվել Հայաստանում եւ Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ անվտանգության հարցերը: Բլինքենի ղոնախները, բնականաբար, գլխով են արել՝ չխորանալով այդ հարցի էության մեջ: Իսկ Արարատ Միրզոյանին Վաշինգտոն ուղարկողներն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բարձրացրած աղմուկից հետո միայն հասկացան, որ Բլինքենն այդկերպ «շտապել է» Արցախի ժողովրդին դիտարկել որպես Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություն: Միջազգային հարաբերություններում սա կարող էր սկանդալի պատճառ դառնալ, մինչդեռ Արարատ Միրզոյանը մտադիր է եւս մի քանի օր այսպես «բանակցել» Վաշինգտոնում:

ԱԺ-ում շատ խոսվեց նաեւ այն մասին, թե ինչու է Արարատ Միրզոյանը Թուրքիայի գծով մասնագիտացած փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հետը տարել հայ-ադրբեջանական բանակցությունների: Ինչո՞ւ փոխխոսնակ Արշակյանին չի տարել, այլ տարել է հենց Ռուբինյանին: ՔՊ-շնիկները դժվարացան այս հարցին պատասխանել, եւ նրանցից մեկը, որպեսզի գլուխն ազատեր լրագրողներից, բլթացրեց, որ Ռուբինյանը Միրզոյանի հետ Վաշինգտոն է գնացել Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Լավ, գնացել՝ գնացել է, բայց, ախր, խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի պատվիրակությունը վաշինգտոնյան հայ-ադրբեջանական «բանակցություններում» ներկայացնում են Միրզոյանն ու Ռուբինյանը, որոնք ոչ վաղ անցյալում եղել են կամ առնվազն կասկածվել են Թուրքիայի օգտին որոշակի գործողություններ կատարելու մեջ: Արարատ Միրզոյանի հին անունը վկա՝ Օմեգա, Թուրքիայում Ռուբինյանի անհասկանալի գործունեությունը վկա… Ո՞ր կողմ է նայում մեր անվտանգությունը՝ չեմ հասկանում: Եվ դարձյալ գալիս եմ այն համոզման, որ Արարատ Միրզոյանը թե Ռուբեն Ռուբինյանը լինի «բանակցող», միեւնույն է, Հայաստանի մասնակցությունը ոչինչ չի որոշում: Բավական է նրանք վերադառնան Վաշինգտոնից եւ այստեղ պատմեն, թե ինչ ասաց Բլինքենը:

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ անհանգստություն հայտնեց Վահագն Ալեքսանյանի համար՝ բա որ հանկարծ Վահագն Ալեքսանյանին ուղարկեն սմբակավոր կենդանիների իրավունքների պաշտպանության կոնֆերանսի, օտարները մեզ չե՞ն ասի՝ էս ո՞ւմ եք ուղարկել, չէ՞ որ Վահագն Ալեքսանյանը պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովից է: Միանգամից փարատեմ հարգելի Արթուր Խաչատրյանի անհանգստությունը՝ ոչ, օտարները մեզ ոչինչ էլ չեն ասի, գուցե Վահագն Ալեքսանյանի ուսին էլ թփթփացնեն՝ շատ լավ է որ հենց դու ես եկել, արի՝ մի ելույթ ունեցիր մեր չորքոտանի բարեկամների մասին, թող բոլորն իմանան, թե ինչպես պետք է պաշտպանել նրանց իրավունքները: Եվ էլի նույն բանն եմ ասելու՝ Հայաստանն այլեւս այն միջազգային քաղաքական սուբյեկտը չէ, որ տարբեր այցելություններից ու բանակցություններից առաջ մի հատ էլ նստի մտածի՝ ում ուղարկել եւ ում չուղարկել: