Հայորդիների մորթվելուց աշխարհն անհարմարություն չի՞ զգացել

Հայորդիների մորթվելուց աշխարհն անհարմարություն չի՞ զգացել

Գուցեև՝ չե՞ն էլ զգացել, թե ինչ է կատարվել: ՄԱԿ-ն ու նման այլ կառուցներն  արցախյան պատերազմը, կարծես, դիտել են որպես գլադիատորական մարտ, մեկ տարբերությամբ: Հռոմի Կոլիզեյում գլադիատորական մարտերն անցկացվում էին որոշակի կանոններով: Տեղին է հիշել Մաքսիմուսին, ով, կայսր Կոմմադուսի պահանջով, առաջին մարտից հետո բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել՝ իր կնոջը և երեխային սպանելու համար։ Այդ հանդուգն պահվածքի համար, կայսրը, անշուշտ, կարող էր սպանել Մաքսիմուսին, բայց դա չարեց: Նա, ուղղակի, մարտից առաջ դանակով հարվածեց Մաքսիմուսին և հրամայեց, որպեսզի վերքը ծածկեն: Նպատակը մարտի ժամանակ նրան սպանելն էր: Արտաքուստ ամեն ինչ ստացվեց արժանապատիվ ձևով:

Արցախյան պատերազմը «մենամարտ» չէր. հայերին նունիսկ չսպանեցին սրով, նրանց «մորթեցին» ոչ այնքան սուր դանակով: Շուտով կբոլորի այդ զարհուրելի սպանդի մեկ տարին: Մեր հանությունը վաղուց ապրում է մինչպատերազմյան ռեժիմով, իսկ սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարությունը նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»: 

Անտարակույս, աշխարհին կամ, այսպես կոչված, միջազգային հանրությանը բոլորովին էլ հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվել կամ կատարվում Հարավային Կովկասում: Նորմալ է: Բայց, կարելի է՞ր, արդյոք, «նամակախեղդ» անել ՄԱԿ-ին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանին սատար կանգնած որոշ պետությունների անթույլատրելի վարքի վրա: Հասկանալի է, դրանից օգուտ չէր լինի, բայց, կարծես, անցած տասնամյակներում հակառակորդը նախ նախապատրաստեց միջազգային հանրությանը, այդ թվում գրություններով: Իսկ մեր հանրության վա՞րքը: Դե, ի՞նչ կարող է անել «հավատավոր ժողովուրդը», չորս կողմից կրակն է ընկել, որ մեկին հավատա: Իսկ երկրի մշտական և ժամանակավոր (բարձրագույն պաշտոնյաները) տիրակալնե՞րը: Պարզվում է, որ փողն ու իշխանությունն անհամատեղելի են արժանապատվության հետ: Բա էլ ինչպե՞ս մտածել, եթե պատերազմից հետո թշնամին ՀՀ-ում շարունակում է սպանել, շարունակում է իրեն զգալ ինչպես իր տանը…

Փաստորեն, պատերազմի արհավիրքները մոռացության են մատնվել, վերացել է նաև պետության պաշտպանական ռեակցիան:

Հ.Գ. Թվում է, թե պետք է պայքարել ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ այն բանի համար, որպեսզի փողին տիրանան և իշխանության գան մարդիկ, ովքեր կդիմանան դրանց ծանրությանը և չեն կորցնի իրենց արժանապատվությունը:

Նկարում՝ Մաքսիմուսի որդին է (նրան թվացել է, թե հայրն է գալիս, ողջունում է), որին քիչ անց կսպանեն: Գուցե հենց այսպես, մեր հազարավոր որդիների աչքը ճամփին մնացին, ռեզերվային զորամասերին սպասելիս…

Գագիկ Վարդանյան