Արցախը մտքից հանել, նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ․ Իշխանյան

Արցախը մտքից հանել, նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ․ Իշխանյան

Արցախը մտքից հանել, նշանակում է կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ, այսինքն՝  եթե համակերպվում ենք, որ Արցախը չկա, կհամակերպվենք, որ Սյունիքը չկա, որ կհանձնեն  տարածքներ Տավուշից,  ամբողջությամբ շրջափակման մեջ կվերցնեն ու  հայկական պետականություն առհասարակ կարող ենք չունենալ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում , հիշեցնենք, քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:

Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։ 

«Իրականում այդ վիճակին չհասնելու, առհասարակ արցախցիներին կրկին Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար պետք է վերացնել նրանց, որոնք խոչընդոտում են Արցախի համար պայքարին։ Այդ խոչընդոտը վերացնելու ճանապարհին պետք է Հայաստանում համագործակցային մշակույթ ձևավորվի՝ մեկը մյուսին բարձրացնելու։ Դա կլինեն կուսակցությունները, թե քաղաքացիական խմբերը: «Հայաքվեն»  այդ մշակույթը ձևավորողներից մեկն է։ Ազգային ժողովի մեծամասնությունը ,կառավարությունը, մեդիաների մեծ մասը լցված են մարդկանցով, որոնք մարդկանց խաբելով եկել են իշխանության՝ Արցախի հիմքով ու հիմա խաբեբայությամբ փորձում են հանձնել Արցախը։ Այսինքն մի մեծ թշնամական ու սրիկայական ապարատի դեմ պայքարելով «Հայաքվեի» այդ համագործակցային գործողությունները բերել են կարևոր արդյունքի»,-պնդեց Իշխանյանը։