ՔՊ-ն՝ նոմենկլատուրայով, մի փոքր սորոսազերծված, գնում է ընտրության

ՔՊ-ն՝ նոմենկլատուրայով, մի փոքր սորոսազերծված, գնում է ընտրության

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի նախընտրական ցուցակը (հատկապես մինչեւ 35 համարը) բաղկացած է հիմնականում ներկա խորհրդարանի պատգամավորներից ու վարչապետի կաբինետի ներկա ու նախկին անդամներից։ Այսինքն՝ կուռ քաղաքական-նոմենկլատուրային ցուցակ է, որտեղ գրեթե չկան նոր դեմքեր եւ ոլորտային մասնագետներ՝ չնչին բացառությունները չհաշված։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գնահատում է․ «Քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչներ են, կազմը գրեթե չի տարբերվում 3 տարվա ընթացքում գործող քաղաքական թիմի կազմից։ Որոշակի աննշան բացառություններով՝ գուցե տեղերով են մի փոքր փոխվել։ Եվ սա գալիս է ոչ թե այս կամ այն անձի մասնագիտական որակներից, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին նրանց նվիրվածությունից։ Կազմից, առհասարակ, երեւում է, թե կոնկրետ անձն ինչ ջանասիրությամբ է այս 3 տարվա ընթացքում իր աջակցությունը ցույց տվել Փաշինյանին, քանի որ արդեն իսկ այս 3 տարվա ընթացքում ստեղծվել է այս՝ ժամանակին բացարձակապես անհայտ, անփորձ երիտասարդներից նոմենկլատուրա եւ կլանային համակարգ այդ փոքր կուսակցությունում։ Ինչու փոքր, որովհետեւ այն այդպես էլ ինստիտուցիոնալ չդարձավ՝ լինելով իշխանության կուսակցություն»։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցուցակից դատելով՝ կարող ենք ասել, որ վարչապետի պաշտոնակատարը մտքի ծայրով անգամ չի անցկացնում իրականացնել ծրագրեր, բարեփոխումներ, ինչի մասին շարունակ խոսել է այս երեք տարում։ Իսկ պատերազմի ավարտից հետո էլ կերկերուն ձայնով ներողություն էր խնդրում ոչ միայն զոհերի, տարածքների կորստի, այլեւ իր հետ քայլած կադրերի արածի ու չարածի համար։ Այլ խոսքով՝ հասարակության չարդարացված սպասելիքների մասին, այն անձանցից, որոնց նորից հավաքել-տանում է համապետական ընտրության։ 

Հիշենք նաեւ, որ իր քայլական նախարարներին ու չինովնիկներին Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն փոխեց 2020թ․ նոյեմբերյան իրադարձություններից հետո՝ թերեւս հանրային դժգոհությունը պարպելու համար․ Զարուհի Բաթոյան, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Էդուարդ Աղաջանյան, Հակոբ Արշակյան։ Թեեւ անհասկանալի էր, թե ինչու պարտության համար պետք է հրաժարական տային նրանք, այլ ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը։ 

Ցուցակում է հայտնվել նաեւ կարկառուն իմքայլական պատգամավորների կորիզը․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, Լիլիթ Մակունց, Արփի Դավոյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան եւ այլք։ Ցուցակի թարմ դեմքերն անցողիկ մասերում հայտնված երկու խոշոր գործարարներն են՝ Գուրգեն Արսենյան եւ Խաչատուր Սուքիասյան։ Հայտնվել է նաեւ մեկ գեներալ՝ Գագիկ Մելքոնյան, փոխարենը չկան Սասուն Միքայելյանը, Տիգրան Ավինյանը, Հայկ Մարությանը։ Գործարարների հայտնվելը ցուցակում, ըստ Վիգեն Հակոբյանի, պայմանավորված է ռեսուրսներ ներգրավելու ցանկությամբ։

«Եվ ոչ միայն ֆինանսական, այլեւ՝ կադրային։ Այսինքն՝ այլ մարդկանց ներգրավելու ձգտումով, որ լինելով այդ գործարարների շուրջ՝ ընտրություններին ձայներ հավաքելու փորձ ունեն։ Եվ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը բավականին բարդ իրավիճակի առաջ է կանգնած մայրաքաղաքում։ Մայրաքաղաքում ամենացածր ձայները ստանալու վտանգը կա։ Եվ փորձելու է այս 2 գործարարի վրա դնել մայրաքաղաքում իրավիճակն ինչ-որ առումով շտկելու առաքելությունը»,- ամփոփեց Հակոբյանը։ Նա նույնպես նկատում է, որ սա ակնհայտորեն հակասում է այն պնդումներին, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն։ 

Վիգեն Հակոբյանի դիտարկումներով, մյուս տարբերությունը ՔՊ-ի նախորդ ցուցակից այն է, որ այն փոքր-ինչ «սորոսազերծված» է։ «Օրինակ՝ այնտեղ չեն հայտնվել որոշակի սորոսական ֆունկցիոներներ՝ չկան Զոլյանը, Սոսը Ավետիսյան, որը, եթե չեմ սխալվում, ֆունկցիոներ էր․ ծրագրերի ղեկավար եւ այլն։ Այսինքն՝ Սորոսից որոշակի թեթեւացում կա»։ Ինչ վերաբերում է նրան, որ ցուցակում չկա Ավինյանը, ապա, ըստ Վիգեն Հակոբյանի, սա նշանակում է, որ վերջինս փոքր-ինչ զգուշավոր դիրքորոշում է ցուցաբերել՝ չի ուզում շատ ասոցացվել քաղաքական թիմի հետ։ Թեեւ չի բացառում, որ նրան կարող է տեսնենք գործադիրում, եթե թիմը հանկարծ հաջողություն ունենա, բայց որոշել է հանդես չգալ քաղաքական թիմի հետ՝ որպես քաղաքական թիմի անդամ, թեեւ նրա ակտիվ մասնակցությունը ենթադրվում է։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում հայտնված անձանց մասնագիտական որակներին, ապա հատկապես բազմազան են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ցուցակները, որտեղ համեմատաբար մեծ թվով իրավաբաններ, բժիշկներ, դիվանագետներ, զինվորականներ, փաստաբաններ, տնտեսագետներ, մենեջերներ, ժամանակին տարբեր կառույցներ ու ինստիտուտներ ղեկավարած, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձինք կան։ ԼՀԿ ցուցակը եւս բավական ներկայացուցչական է։

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի ցուցակին, ապա այստեղ առավել շատ են գործազուրկները, թոշակառուները եւ գիտաշխատողները։ Թեեւ ընդգրկվել են անգամ վարսավիր, մեկ անհայտ գործարար եւ «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենը։