Քաղաքական վետերանները նահանջում են

Քաղաքական վետերանները նահանջում են

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ավելի քան երեք տարիների ընթացքում ընդդիմադիրներից հաճախ էինք լսում քննադատություններ, որ մեր դժբախտությունների, պետական կառավարման ոլորտում անթիվ ձախողումների, բացթողումների գլխավոր պատճառն այն է, որ պատասխանատու պաշտոններում նշանակվել են անտեղյակ, փորձի պակաս ունեցող երիտասարդներ, որոնց մեծ մասն անցյալում աշխատանքային մեկ տող կենսագրություն էլ չի ունեցել, եւ կառավարման գիտելիքներ էլ չունեն։

Չնայած այդ քննադատություններին, հայրենի ընդդիմադիրները որոշել են ետ չմնալ իշխանականներից եւ իրենց ցուցակները կազմել են, այսպես կոչված, քաղաքական սերնդափոխության սկզբունքով՝ ասպարեզ բերելով անհայտ անձանց։ Քաղաքական վետերաններն իրենց տեղը զիջել են նոր սերնդին։ Նախկին գործարարներին, թաղային հեղինակություններին, պետական պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին, որոշ օդիոզ, բայց ձայն բերող դեմքերին եկել են փոխարինելու իրենց զավակներն ու փեսաները։ Բայց եթե ավելի անկեղծ՝ ապա պատկերը հին սերնդի «քաղաքական կլոն» է հիշեցնում։ Մինչդեռ ենթադրվում էր, որ «հայրենիքի փրկության» առաջամարտիկները պետությունը ծանր վիճակից հանելու համար պետական կառավարման ոլորտ կգործուղեին փորձառու պրոֆեսիոնալներին։

Սերնդափոխության տենդենցն ակնառու է «Հայրենիք»-ՀՀԿ կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքում։ Դաշինքի ցուցակում, օրինակ, հանգրվանել են Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը (14-րդ համարն է), Գալուստ Գրիգորիչի որդին՝ Արման Սահակյանը 10-րդն է, նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը ժամանակին արտաքին գործերի փոխնախարար է աշխատել, 32-րդն է: 
Ցուցակում է նաեւ «Ավշարի գինու գործարան»-ի գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը, ով, ըստ ամենայնի, Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի «իրավահաջորդն» է։ Ցուցակի 193-րդ համարը ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանի որդին է՝ Արմեն Կարախանյանը։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում էլ տեղ են գտել Քոչարյանի կրտսեր որդին՝ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ բաժնետեր Լեւոն Քոչարյանը (50-րդ համար), ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը (22-րդ համար)։ 

ԲՀԿ-ի ցուցակն էլ թրենդից ետ չի մնացել։ Ցուցակի 4-րդ համարը կապանցի Դավիթ Սիմոնյանն է՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին։ Դավիթը մասնագիտությամբ իրավաբան է, եղել է ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության մասնագետ, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, ազգային պատկերասրահի փոխտնօրեն: Հինգերորդը Ծառուկյանի փեսա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է՝ Կարապետ Գուլոյանը, յոթերորդը՝ Քաջիկ Գեւորգյանը՝ արմավիրցի հանրահայտ Նովոյի՝ Նահապետ Գեւորգյանի որդին, ով նաեւ գործող պատգամավոր է։ Ի դեպ, այս ցուցակում են Մհեր Սեդրակյանի փեսան՝ Սուրեն Օքմինյանը, Ծառուկյանի «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նորա Առուստամյանը։

Միայն ՀԱԿ-ի առաջին մասն է, որ թոշակառուների խմբակ է հիշեցնում՝ հին գվարդիայով են որոշել կրկին մարտի նետվել՝ առաջին նախագահի գլխավորությամբ։ Առաջին տասնյակում են ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, գործարար Հայկ Մաղաքելյանը, տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ, «Գառնի ինվեստ ՈՒՎԿ» խորհրդի նախագահ Բագրատ Ասատրյանը, առաջին նախագահի՝ հասարակության հետ կապերի պատասխանատու Արման Մուսինյանը: 11-րդը ՀԱԿ մյուս փոխնախագահն է՝ Արամ Մանուկյանը: ՀԱԿ ցուցակում են նաեւ նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը, Նիկոլ Փաշինյանի նշանակած կրթության նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը, նկարիչ Տիգրան Բաղդասարյանը։ Հայտնի հայրերի հայտնի որդիներից էլ Սուրեն Շահվերդյանն է ՀԱԿ ցուցակում հայտնվել՝ մայր թատրոնի նախկին տնօրեն Վահե Շահվերդյանի որդին՝ «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակը։