Ինչո՞ւ ընտրություններին չմասնակցեցին որոշ քաղաքական ուժեր

Ինչո՞ւ ընտրություններին չմասնակցեցին որոշ քաղաքական ուժեր

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքների եւ կուսակցությունների վերջնական գրանցումն ավարտվեց մայիսի 31-ին։ Մասնակցում է աննախադեպ թվով` 26 քաղաքական ուժ․ 22 կուսակցություն, 4 դաշինք։ Մի կողմից աննախադեպ ակտիվություն է, մյուս կողմից՝ մի շարք առանցքային ուժեր, որոնք ակնկալվում էր, որ կմասնակցեին, վերջին պահին փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ։

Այդպիսի ուժերից են «Ազատ դեմոկրատները», «Ժառանգությունը», Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ն։ Կային նաեւ այնպիսիք, որոնք թեեւ առանցքային չեն, բայց դրանց առաջին դեմքերը հայտարարել էին, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին, սակայն վերջին րոպեին հետ կանգնեցին։ «Մգեր Արմենիան», օրինակ, ընտրություններին մասնակցելու համար մարտ-ապրիլին հատուկ ստեղծել էր «Ազգի ձայն» քաղաքական ուժը։ «Դվինի» Արտակ Թովմասյանը՝ նույնպես։ Ավելին՝ մինչեւ բուն նախընտրական պրոցեսները, բավականին հավակնոտ հայտարարություններ էր անում։ Վերջին նախաձեռնությունն էլ համազգային աղոթքն էր, որին բոլորին հրավիրեց եւ դաշտը միավորելու հայտ էր ներկայացրել։ Չկարողացավ մասնակցել նաեւ «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանը, որը «Միացյալ Հայաստան» անունով կուսակցություն ստեղծեց։

Նույնը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որը մայիսի 24-ին գրանցվեց՝ ընտրություններին մասնակցելու համար։ «Շանթ դաշինք»-ի նախագահ Շահեն Հարությունյանը նշեց չմասնակցելու պատճառը․ «Հայաստանն արտաքին ագրեսիայի ենթարկվեց, եւ մայիսի 12-ից հետո իրավիճակ փոխվեց։ Օկուպացված են Հայաստանի Հանրապետության հողերը, տարածքները, եւ այս իրավիճակում չենք ուզում մասնակցել ընտրություններին։ Բացի այդ, մենք մտածում ենք, որ Հայաստանում սպասվում են հետընտրական քաոսային իրավիճակներ, եւ թե՛ Շանթ Հարությունյանը, թե՛ ես, թե՛ մեր բոլոր կողմնակիցները չենք ցանկանում մասնակից լինել էդ քաոսին, որի պարագայում էլ ավելի է մեծանալու արտաքին ագրեսիայի վտանգը։ Եվ մենք չենք ցանկանում ներգրավվել, մաս կազմել էդ պրոցեսներին»։ «Քաոս» ասելով՝ Շահեն Հարությունյանը նկատի ունի հետընտրական զարգացումները, որոնք կարող են լինել ընտրությունների արդյունքները ընդունել-չընդունելու հետ կապված։ Նա մեզ հետ զրույցում նաեւ ավելացրեց․ «Որովհետեւ հետեւելով կողմերի հռետորաբանությանը՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, ի դեմս Քոչարյանի, տեսնում ենք, որ նման ընթացքով ընտրություններն անխուսափելի են դարձնում հետընտրական պրոցեսներն ու բախումները»։

«Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հարցին, թե ինչու որոշեցին չմասնակցել, առավել եւս, որ ըստ տեղեկությունների՝ ակտիվ բանակցություններ էին վարում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ, ասաց․ «Նման բան չի եղել։ Իհարկե, մենք շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել, բայց որեւէ քաղաքական ուժի հետ, առավել եւս՝ «Հանրապետության» հետ, որեւիցե քաղաքական կոնսուլտացիա կամ քննարկում ու նույնիսկ հանդիպում այս փուլում չենք ունեցել»։ Ինչ վերաբերում է չմասնակցելու պատճառներին, ապա քաղաքական աղմուկն է պատճառը, որը շուրջ 2 տարուց ավելի տիրում է Հայաստանում, եւ դրա արդյունքում աննպատակահարմար է ապաքաղաքական ու բեւեռացվող ընտրություններին մասնակցելը։ «Մենք մեր երկար քննարկումներից հետո եկանք այդ եզրակացությանը, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով, որ այսօրվա քաղաքական պրոցեսներն ավելի շատ ապաքաղաքական են, քան քաղաքական։ Այսինքն՝ այն, որ Հայաստանում, որն ունի լրջագույն մարտահրավերներ՝ թե՛ անվտանգային, թե՛ արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ, թե՛ երկրում այսօր տիրող ներքին անորոշությունն ու բարդակը՝ այս վիճակի առումով, բառացիորեն աշխարհաքաղաքական պրոցեսների ու կրիմինալի ազդեցության ներքո ամեն ինչ արվեց, որպեսզի քաղաքական պրոցեսներ չլինեն։

Եվ ընտրություններն էլ լինեն բեւեռացված եւ վերածվեն ապաքաղաքական պրոցեսների։ Քաղաքական պրոցեսներից ամենաարժեքավոր բանը քաղաքացիների համար պետք է լինի գաղափարների մրցակցությունը, իսկ Հայաստանում, ինչպես տեսնում եք, ջանք չեն խնայում, որպեսզի պրոցեսները վերածվեն ապաքաղաքականի, որովհետեւ այդպես ավելի հեշտ է եւ ավելի նպատակահարմար է՝ առաջ տանել գաղափարազուրկ մոտեցումները»։ Ըստ «Ազատ դեմոկրատների»՝ թե՛ իրենք եւ թե՛ իրենց պես մտածող մարդիկ, քաղաքական ուժերը, ցավոք, չկարողացան Հայաստանում քաղաքական պրոցեսները պահել քաղաքական դաշտում։ «Եվ պետք է խոստովանենք, որ, այո, մեզ էլ չհաջողվեց, եւ սա մի ծանր հանգրվան ենք համարում Հայաստանի համար, որ այս փուլը պետք է անցնի»,- հավելեց կուսակցության խոսնակը։ Առաջիկայում ԱԴ-ն կներկայացնի իր ծրագրերն ու անելիքները, որոնք վերաբերելու են ՀՀ ծանրագույն եւ այդ թվում՝ անվտանգային խնդիրներին ու դրանց լուծմանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ չմասնակցելու պատճառների մասին ասաց․ «Այս հարցի պատասխանն ամբողջովին ամփոփված է մայիսի 20-ի մեր կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Որ մենք չենք կարող մաս կազմել հայրենատվության մեծ գործընթացին եւ որեւէ պարագայում, թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանի պատերից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացներում չենք կարող լեգիտիմացնել ու չենք լեգիտիմացնի հայրենատվության այդ մեծ գործընթացը»։ Գրիգորյանը հավելում է, որ կարող էին մասնակցել՝ լավագույն պայմաններում ունենալ իրենց 5 տոկոսը, բայց հարց է՝ «ի՞նչ պետք է անի 5-6 պատգամավորը Նիկոլ Փաշինյանի գլխավորած հունիսքսանմեկյան Հայաստանում, երբ այս մեծ հայրենատվության հիմնական մեղավորն առանց ապաշխարելու ստանալու է վերարտադրվելու հնարավորություն»։

Բայց ինչո՞ւ եք կարծում, թե վերարտադրվելու է, գուցե հեռանո՞ւմ է, գուցե այս ընտրությունները 44-օրյա պատերազմի մեղավորներին ապալեգիտիմացնելու լավագույն ձե՞ւն են։ Անդրանիկ Գրիգորյանը համամիտ չէ՝ ընտրությունները լավագույն ճանապարհը չեն՝ պարտության լեգիտիմացման կամ ապալեգիտիմացման համար, պետք են քաղաքական գործընթացներ, եւ պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը պետք է րոպե չմնար իշխանության ղեկին ու այն հանձներ ժամանակավոր կառավարությանը։