Որն է Ռուսաստանի տնտեսության գլխավոր խնդիրը, ըստ ՌԴ ԿԲ ղեկավարի

Որն է Ռուսաստանի տնտեսության գլխավոր խնդիրը, ըստ ՌԴ ԿԲ ղեկավարի

Ռուսաստանի տնտեսության համար ներկա պահին գլխավոր խնդիրն հանդիսանում է ոչ թե վարկերի ու փողերի քչությունը, այլ աշխատուժի պակասը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։ «Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա ես արդեն ասել եմ, որ մեր կանխատեսումներով այն դրական է լինելու, սակայն աճի տեմպերը մի փոքր նվազելու են։ Եւ հիմնական խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ աշխատուժի պակասը։ Եւ դա մենք տեսնում ենք ի դեպ, ձեռնարկություններին ուղղված հարցումներով»,- ասել է Նաբիուլինան։ Նա ընդգծել է, որ ձեռնարկությունները չեն գանգատվում պահանջարկի անկումից, կամ փողի, վարկերի քչությունից, այլ գանգատվում են աշխատուժի պակասից։

ԿԲ ղեկավարը նշել է, որ իրենց հարցումներին մասնակցել են 13 հազար ձեռնարկություններ եւ բացի այդ էլ, մեկնարկային տոկոսադրույքի հարցում որոշումներ կայացնելուց առաջ հարցնում են ռեգիոնների կարծիքը, թե ինչ վիճակում է իրենց մոտ էկոնոմիկան, որ ոլորտներում եւ որոնք են հիմնական խնդիրները, որոնք կապված են տնտեսական աճի հետ։ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարը նաեւ ասել է, որ հաջորդ տարի սպասում են դրական վարկային պորտֆել, այդ թվում նաեւ՝ կորպորատիվ։ Սակայն նաեւ հայտարարել է, որ կարեւոր է, որ կորպորացիաներին տրվող վարկերը ծախսվեն կառուցվածքային վերակառուցման համար։ Դա եւ օտարերկրյա արտադրանքի՝ տեղականով փոխարինելու գործընթացն է, եւ սուվերենիտետը եւ այլ գործոններ։ Ի դեպ, Ռուսաստանում ներկայումս գործազրկությունը գտնվում է 3 տոկոսանոց մակարդակի վրա։