Երբ հստակ լինի հրաժարականն էդ ընկերոջ, էն ժամանակ որոշում կկայացնենք

Երբ հստակ լինի հրաժարականն էդ ընկերոջ, էն ժամանակ որոշում կկայացնենք

Նախօրեին մենք գրել էինք, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը որոշել է մասնակցել ընտրություններին, բայց ոչ թե, ինչպես սպասվում էր, «Իմ քայլի» ցուցակով, այլ՝ առանձին։ Ըստ որոշ լուրերի, նա մի «պատրաստի» կուսակցություն է վերցրել եւ ուզում է դրանով մասնակցել ընտրություններին՝ խորհրդարան անցնելուց հետո իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելու համար։ Այս հրապարակումից հետո մեզ հետ կապվեց Սուքիասյանի շրջապատից մեկը եւ ասաց, որ դեռ նախորդ ընտրություններից առաջ նա «վերցրել» էր 2007-2008թթ․ Կոնգրեսի առանցքի շուրջ ստեղծված 19 կուսակցություններից մեկը՝ Հայաստանի լիբերալ կուսակցությունը, որի նախագահը Հովհաննես Հովհաննիսյանն էր։

Քանի որ պարոն Սուքիասյանը զանգերին չի պատասխանում, հարցն ուղղեցինք կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, Կոտայքի նախկին մարզպետ Հովհաննես Հովհաննիսյանին։ Նա հերքեց այդ տեղեկությունը․ «Ես տարիքս առած մարդ եմ, ինձ մարդիկ ճանաչում են․ ես նման գործարքի ոչ մեկի հետ չեմ գնացել, չեմ էլ գնա»։ Իսկ գուցե նման առաջարկ եղել է, բանակցել են, ապա մերժե՞լ է։ Ասաց․ «Չէ, ինձ առաջարկ չի եղել, ես էլ չեմ մերժել»։

- Ընտրությունների հետ կապված՝ հնարավո՞ր է մասնակցեք։

 - Չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ նախ չեմ հասկանում՝ էս ինչ պրոցես է։ Ես վստահ չեմ, որ ընտրություն կլինի։ Չեմ կարծում, որ իրենց նշած ժամկետներում, որ տենց որոշելով, օր են նշանակում․․․ համենայնդեպս, ես կարծիք ունեմ, որ էդպես չի լինի։ Իսկ մասնակցության մասին ոչինչ չեմ կարող ասել։ Համենայնդեպս, մենակ չենք մասնակցի։ Անիմաստ է, մեր կուսակցությունն այդքան հնարավորություն չունի, որ միայնակ փորձի նախընտրական ինչ-որ բաներ անել։

- Իսկ ո՞ր կուսակցության, ո՞ր ուժերի։

- Չեմ կարող ասել, հիմա չեմ կարող ասել, որովհետեւ Դուք էլ եք հասկանում, որ լիքը բաների հարցում անորոշություն է։ Հասկացանք՝ երկիրը վերածվել է քաոսի, հասկացանք, որ պատերազմ էր, բայց չի կարելի ամեն ինչ վերածել էս վիճակի․ ընտրություն, պատերազմ․․․ ամեն ինչն այս երկրում քաոս է։ 

- Ի՞նչ ժամկետում կորոշեք, պարոն Հովհաննիսյան։

 - Երբ հստակ լինեն հրաժարականները էդ ընկերոջ, էն ժամանակ արդեն որոշում կկայացնենք։

- Չեք բացառում, այսինքն, որ վեր կենա, ասի՝ հասարակական պահանջ չկա՝ ընտրություն չեմ անում։

- Կարող է կորոնայի թվերն ահավոր մեծանան, եւ երկրում նորից «լոքդաուն» հայտարարվի։ Կարող է հասարակական պահանջը նորից վերանա, ընտրությունները չեղարկվեն կամ հետաձգվեն անորոշ ժամկետով։ Ամեն ինչ կարող է լինել։

- Իսկ ունե՞ք  հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը 2-րդ եւ 3-րդ նախագահներին հավասար կամ առավել չափով քննադատում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

- Ինքն առաջին անգամ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին մասսայաբար իր ելույթներոմ վիրավորում է։ Լավ հիշում եք, որ այս տարիների ընթացքում ինքը մի քանի անգամ բավականին կոշտ արտահայտվել է։ Սա բարոյականության խնդիր է։ Ամեն դեպքում, խիստ բարոյական մարդը չէր կարող նման արտահայտություններ անել մի մարդու նկատմամբ, որի հետ ճանապարհ է անցել եւ որին ընդունել է որպես մեծություն։ Էսօր իրեն հարմար է էդպես ասել, էդպես ասում է։ Նաեւ փորձեց հերոսանալ, որ ես էդ տղեն չեմ, որ փախնեմ։ Բայց ինչո՞ւ եք հարցնում, չե՞ք սովորել՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բան չունի․ էդ պահին հարմար է էդ բառերն օգտագործել՝ օգտագործում է, ինքը ոչ մի կոմպլեքս չունի։ Ինքը չի մտածում՝ արժե-չարժե։ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն վատ բան չէր առաջարկել։ Եթե հիշում եք՝ Նիկոլը մի բան էր գրել, որ վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է դուրս գալիս։

Տարիներ առաջ էր, Նիկոլը տենց մի բան գրեց, որ Տեր-Պետրոսյանը մի հատկություն ունի, որ վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ Նիկոլն է ասել, ես չեմ ասել։