Գյուղատնտեսական քոլեջն ինչո՞ւ եք փակում

Գյուղատնտեսական քոլեջն ինչո՞ւ եք փակում

Օրերս գրել Էինք, որ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկել է փակել Շիրակում գտնվող՝ ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան 102-ամյա գյուղատնտեսական քոլեջը: Հոգաբարձուների խորհուրդը պետք է քննարկի քոլեջի փակման հարցը։

Զաքոյանը քոլեջը փակելու հարցը հիմնավորել է նրանով, որ այն չի կարողանում ապահովել ինքնաֆինանսավորում, 2023-ին Ագրարային համալսարանը քոլեջին աջակցել է 17 միլիոն դրամով, ուստի առաջարկում է խորհրդին՝ դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ հնարավորինս շտապ քոլեջի ծանր բեռից համալսարանն ազատելու միջնորդությամբ: Իսկ թե ինչպես է լինելու քոլեջում դասավանդողների, աշխատակիցների եւ շուրջ 150 ուսանողների ապագան, համալսարանի ղեկավարությանը չի հետաքրքրում:

Քոլեջի ուսումնառության բաժնի վարիչ, տնօրենի պարտականությունները կատարող Գագիկ Վարդանյանին մի քանի հարց ուղղեցինք։ Նա պատմեց. «Մենք մամուլից ենք իմացել, որ վերջերս ՀԱԱՀ-ում կայացած հոգաբարձուների խորհրդի օրակարգում կա քոլեջի փակման հարցը, պատճառաբանվել է, որ համալսարանն այլեւս ի վիճակի չէ ֆինանսավորել մեզ։ Մենք Ագրարային համալսարանին միացել ենք 2012-ից՝ կառավարության որոշմամբ։ 2012-ից քոլեջը մինչ օրս ունեցել է 521 շրջանավարտ, որոնցից շատերն իրենց ուսումը հետագայում շարունակել են ՀԱԱՀ-ում։ Այս պահին քոլեջում սովորում է 130 ուսանող, ուստարվա մեկնարկին ունեցել ենք 150 ուսանող, նրանցից շատերը գնացել են բանակ, մի քանիսն էլ տարբեր պատճառներով դուրս են մնացել քոլեջից։ Քոլեջն ունի 31 աշխատակից։ Այսօր՝ ուստարվա երկրորդ կիսամյակում, դնել քննարկել քոլեջի փակման հարցը, մենք սխալ ենք համարում։ Մենք առաջարկում ենք հետաձգել հոգաբարձուների խորհրդի նիստը, լսեն մեր առաջարկները, ստեղծենք հնարավոր պայմաններ, որ քոլեջը չփակվի։ Մենք պատրաստ ենք միանալ սելեկցիոն գիտական կայանին, կամ մեզ տեղափոխեն Ախուրյան, որտեղ ունենք շենք՝ իր բոլոր հնարավորություններով՝ ավտոպարկով, որն ունի վերանորոգման կարիք։ Այն 2012-ին կառավարության որոշմամբ տրվել է ՀԱԱՀ-ի Շիրակի քոլեջի մասնաճյուղին։ Մենք նաեւ ցանկանում ենք առաջարկով դիմել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի մեզ հանեն համալսարանի ենթակայությունից, եւ ենթարկվենք ու ֆինանսավորվենք հենց նախարարությունից՝ դառնալով առանձին միավոր։ Քանի որ չենք պատկերացնում, թե Շիրակի մարզը, լինելով գյուղատնտեսական մարզ, ինչպես պետք է գյուղատնտեսական քոլեջ չունենա։

Վերջին տարիներին քոլեջում հիմնվել են նոր լաբորատորիաներ՝ կաթ-կաթնամթերքի, հողի անալիզի, որոնք դարձել են ուսանողական փորձարարական կենտրոններ, եւ հիմնվել է ՀԱՊ ժամանակակից կահավորված կաբինետ, որը նպաստել է ուսանողների ընդունելությանը։ Նախկին ուստարվա համեմատ, այս տարվա ընդունվողների թիվն աճել է 48%-ով, որը միտում ունի ավելանալու։ Մենք խնդրում ենք՝ թող որոշում կայացնողները լսեն մեզ, մեր առաջարկները, ստեղծեն ֆինանսավորման հնարավորություններ, բայց քոլեջը չփակեն։ Այս տարի բազմաթիվ ուսանողներ ոգեւորված դիմել են անասնաբուժության եւ ջերմատնային տնտեսության մասնագիտություններում սովորելու համար, որտեղ պետությունը խրախուսել է այս բաժիններ ընդունվածներին, եւ ամեն ամիս 50 հազար դրամ են ստանում ուսանողները։

Տարիներ շարունակ մեր քոլեջը մարզին տվել է մասնագետներ, եւ վերջին տարիներին ավելի է աճել գյուղատնտեսական կրթություն ունեցող մասնագետների պահանջը։ Բազմաթիվ երեխաներ, ովքեր հետագայում Երեւան գնալու՝ ուսումը շարունակելու հնարավորություն չեն ունեցել, այստեղ` մեր տված գիտելիքներով ավարտել են, աշխատել են եւ մասնագետներ են դարձել։ Մենք պատրաստ ենք մեր առաջարկներով հանդես գալ ԿԳՄՍ նախարարությանը, լսելու իրենց առաջարկները, որպեսզի շարունակենք մեր գործունեությունը՝ գյուղատնտեսական ոլորտին մասնագետներ տանք։ Մենք գիտակցում ենք, որ Ագրարային համալսարանը մեզ չի կարող ֆինանսավորել, մեր ինքնաբավ չլինելու պատճառով, եւ այսօր խնդրում ենք եւ դիմում ենք ԿԳՄՍ նախարարությանը, հանձին նախարարին, կոլեկտիվի անունից՝ լսել մեր առաջարկները եւ մեզ տալ առանձին միավոր դառնալու հնարավորություն»։