Կեցցե՛ Հայաստանի հաղթանակած բանակը․ Գագիկ Ծառուկյան

Կեցցե՛ Հայաստանի հաղթանակած բանակը․ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած:

Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է: Այո՛, այսօր մենք ունենք հաղթանակած բանակ, բայց մենք պետք է շարունակենք հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի արդիական և շատ ավելի ուժեղ:

Տոնական այս օրը մենք պարտավոր ենք ևս մեկ անգամ վերհիշել մեր բոլոր այն ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա բանակի կայացման համար:

Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հայոց բանակի 27-ամյա հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր քաջարի զինվորներին՝ շարքայինից մինչև հրամանատարասպայական կազմ, բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկնունքն անառիկ պահող հերոսներին: Մեր զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, նրանց ծնողներին, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն: Կեցցե՛ Հայաստանի հաղթանակած բանակը: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: