Եկեղեցու զանգերի ղողանջը․․․

Եկեղեցու զանգերի ղողանջը․․․

Կա՛մ չարինն ենք, կա՛մ Աստծունը,- սա է  մեր եկեղեցու դավանանքը։ Ուրիշ բան լինել չենք կարող։ Հուդայի օրինակը կա։  Երբ ծախվեց 30 արծաթով և ընկավ խորը հուսահատության մեջ ու կախվեց ծառից։ Կար այլ ելք։ Նա կարող էր ներում խնդրել Աստծուց ու ողորմածության արժանանալ, որովհետև Աստծո սերն ու ողորմությունն ամեն ինչից մեծ, անսահման է։ Շատերն են հարցնում՝ ի՞նչ է լինելու այս իշխանության վերջը։ Առավել տիպիկ օրինակ հնարավոր չէ բերել։ Եկեղեցին կարող է տեր կանգնել իր մոլորյալ զավակին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին, եթե նա գնա նրա մոտ ու ասի՝ ես չեմ կարող պետությունը, հայի  ինքնությունը, արժեքները  պահել։ Դրա օրինակն էլ կա։ Սահակ Պարթևը նման դեպքի համար է ասել․ «Ես իմ հիվանդ գառանը չեմ փոխանակի օտարի առողջ առյուծի հետ»։ Սա փաստ է, թե մեր եկեղեցին ինչպես է ձեռքերը մեկնում ու ընդունում իր հիվանդ իշխանավորին, ինչպես է ընդունում պետությունն ու պետականությունը։ Պետությունն ուտող ցեցերից մեկն ասում է, որ թող եկեղեցին իր գործով զբաղվի, գնա ու աղոթի։ Սա ցույց է տալիս, թե նա կամ  իր խմբակը որքան հեռու են եկեղեցու առաքելությունից։

Հայ եկեղեցին հայտնի է Վարդանանց պատերազմով` հանուն հավատքի և հայրենյաց մղված մարտով։ Հայտնի է Սարդարապատի հերոսամարտով, որի ոգեշնչողը եղել է Հայոց կաթողիկոսը՝ Գևորգ 5-ը , մահապարտների գունդը առաջնորդել է Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս)՝ հարազատ զավակը Ս․ Էջմիածնի, մեծ հայագետն ու վարդապետը, որի գիտակցական կյանքն ամբողջական նվիրում էր Հայրենիքին, Հայոց Եկեղեցուն և ժողովրդին։ Արցախյան հերոսամարտում եկեղեցականները եղել են իրենց զինվորական զավակների, եղբայրների կողքին, առաջնորդել են նրանց խաչով ու հավատքով։

Տավուշյան հանձնումների ֆոնին էլի եկեղեցին է ոտքի կանգնել։ Բագրատ Սրբազանն այնտեղ մի ողջ վաշտի աշխատանք է կատարում։ Այսօր մոլորյալ իշխանությունը փոխանակ ներում խնդրի եկեղեցուց, որ պետությունը, պետականությունը , հայի ինքնությունը, արժեքները զրոյացրել է, կռիվ է մղում եկեղեցու դեմ։ 2018-ից իշխանության եկած խմբակը խաբել է հոտին՝ Արցախ գոռալով, հանձնել է Արցախը, Հայաստանի ինքնիշխանություն գոռալով հանձնում է Հայաստանի տարածքները, եկեղեցու հոտը սրի է մատնել։  Դարեր շարունակ, ինչ թշնամին չի կարողացել անել՝ եկեղեցու միջոցով ծնկի բերել հայ ժողովրդին , այսօր  Նիկոլ Փաշինյանը ստանձնել է այդ դերը։ Հայ ժողովրդի արհավիրքի պահերին հնչել է եկեղեցու զանգերը ևվտանգի դեմ միաբանել հայ ժողովրդին։ Այսօր վտանգը և՛ ներսից է, և՛ դրսից։ Եկեղեցին պիտի հնչեցնի իր զանգերի ղողանջը․․․ Արհավիրք է, օրհաս։