Քարվանբաշու ապագա արկածները

Քարվանբաշու ապագա արկածները

Ոչ, բարեկամներ, Ստեփանակերտում տեղի ունեցած ադրբեջանական շքերթի մասին չեմ գրելու: Այդ մասին պետք է խոսեր ու իր ֆեյսբուքյան էջում գրեր Նիկոլ Փաշինյանը: Իմ խոսելը, աղաղակելն ո՞ւմ է պետք, չէ՞: Բայց Նիկոլի խոսքը գուցե ընկալվեր միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի կողմից, ԵԽ-ի ու ԵՄ-ի կողմից, մեր մեկուկես դաշնակիցների կողմից: Բայց ումի՞ց եմ ինչ պահանջում: Վարչապետի աթոռն զբաղեցրել ու անվրդով դիտում է, թե ինչ է կատարվում Արցախի հետ, արցախահայության հետ, Արցախի պետական ինստիտուտների հետ: Վստահ եմ, նույն անվրդով հայացքով է հետևել նաև Ալիևի անհատական մուտքին Ստեփանակերտ, Պետական շենքերի վրայից Արցախի զինանշանի ու դրոշի իջեցման կադրերին, աչքն էլ չի ճպպացրել, երբ Ալիևը ցուցադրաբար անցնում էր Արցախի դրոշի վրայով ու բացում Արցախի նախագահի աշխատասենյակի պատուհանը, որ «հայի հոտն» անցնի:

Եվ Նիկոլ Փաշինյանի այս կեցվածքին հետևում է ողջ ՔՊ-ն: Անտարբերություն… Չնկատելու են տալիս, նույնը «հորդորում» նաև հայ հանրությանը՝ մոռացեք, Արցախ այլևս չկա:

Բայց ասեմ՝ Ալիևի հաջորդ նմանատիպ «այցը» լինելու է Երևան, Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ: Նույն քամահրանքով բացելու է Հանրապետության հրապարակին նայող Նիկոլի պատուհանը, որ սենյակն օդափոխվի Նիկոլի հոտից: Եվ այն ժամանակ Նիկոլը կամ գերի կլինի Ալիևի մոտ, կամ մի հրաշքով փախած, ռուսաստաններում ու ամերիկաներում ծպտված: Ասում էր՝ ինչ էլ լինի, ես ինձ պարտված չեմ ճանաչելու… Վրեն, թե չճանաչես: Եվ ո՞վ է քո ճանաչել-չճանաչելուն նայելու, երբ արդեն հայկական պետության ամենաբարձր աթոռն իր հետույքով Ալիևը պղծած կլինի:

Հայեր ջան, «վեշերը» կապե՞լ եք, արդեն: Ապրեք: Դեռ ոչ մի ազգ իր հայրենիքն այնքան կազմակերպված չի լքել, ինչպես մենք: Ճանապարհը երկար է լինելու, վալյուտա, լավաշ, չփչացող երշիկ, աղը կերած պանիր, կարտոֆիլ… դնենք, հազրենք, որ հենց Նիկոլը ճանապարհ ընկնի՝ նրա շարասյան հետևից քշենք: Ո՞ւր: Ուր որ ինքը գնա: Եվ ամենակարևորը՝ չագուճը չմոռանանք, բանտիկով չագուճը… Կարծում եմ՝ Վրաստանը կհամաձայնի միառժամանակ ապաստան տալ մեզ: Այդ դադարը պետք է օգտագործել ՀՀ վտարանդի կառավարության նիստեր գումարելու համար: Բնականաբար՝ Նիկոլի գլխավորությամբ, օրակարգում 50 հարց, որից չզեկուցվող՝ 48-ը:

-Կառավարության հարգելի անդամներ, ես ուրախ եմ, որ մենք բոլորս ողջ-առողջ և կենդանի հասել ենք Թիֆլիս… Պարոն Սանոսյան, զեկուցեք, արդյոք ՀՀ բոլոր մարզերի մեր սիրելի քույրերն ու եղբայրնե՞րն են հատել հայ-վրացական սահմանը:

-Այո, մեծարգո վարչապետ, բոլորն են հատել, բայց մի ուղղում՝ ոչ թե հայ-վրացական, այլ ադրբեջանա-վրացական սահմանը, քանզի, երբ մենք անցանք, հայ-վրացական սահման այլևս գոյություն չուներ:

-Յաաաա, բա ո՞նց ենք անցել Վրաստան:

-Ես ասե՞մ, մեծարգո վարչապետ:

-Ասա, պարոն Պապիկյան:

-Մենք Վրաստան ենք հասել ձեր կառուցողական գործընկերոջ տրամադրած մարդասիրական միջանցքով: Նա Ձեզ բարևում էր և հույս հայտնեց, որ առաջիկայում կհանդիպեսք Բրյուսելում:

-Վերջ, այսքանով զեկուցվող հարցերն ավարտվեցին: Հաջորդ շաբաթ վտարանդի ԱԺ-ի հերթական նստաշրջանն է սկսվում: Մի հատ ճշտեք՝ ՔՊ խմբակցությունը ողջ կազմով լքե՞լ է Հայաստանը: Հանկարծ ՉՊ-ՄՊ չլինի, քվորումը պետք է ապահովել: Մեր ընդդիմադիր քույրերին ու եղբայրենրին էլ զանգեք, թող կազմակերպված գան նիստի: Այլևս մենք պետք է միասնական լինենք, իրար չուտենք, որովհետև կարողա պատահի Վրաստանի իշխանությունները մեզ հետևում են:

-Ոչ թե կարողա պատահի, մեծարգո պարոն վարչապետ, այլ հաստատ հետևում են:

-Դու ի՞նչ գիտես, պարոն Մարուքյան:

-Պարոն մեծարգո վարչապետ, Վրաստանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը հայտարարել է, որ ՀՀ վտարանդի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնում է Վրաստանի անվտանգությանը, դրանք պետք է լուծարվեն և փակվեն: Հլա դրանց տես, վախենում են Ադրբեջանից:

-Լավ չի, պարոն Մարուքյան:

-Իհարկե լավ չի, պարոն մեծարգո վարչապետ: Սրանք կարող են Ձեզ ձերբակալել և Հռոմի ստատուտ անել Ադրբեջանին:

-Այսի՞նքն:

-Այսինքն՝ հանձնել:

-Արա բա ինչո՞ւ շուտ չեք ասում… Հլա չագուճս բերեք… Ոչ մի վեճ Վրաստանի հետ, այսօրևեթ ճանապարհ ենք ընկնում: Ես ինքնաթիռով կգնամ, դուք մի կերպ դուրս եկեք: Հետո տեղս կասեմ, կհավաքվենք այնտեղ: Տեսեք, որ մեր սիրելի քույրերն ու եղբայրները Վրաստանի քաղաքացի չդառնան ու մնան այստեղ: Հետներդ բոլորին կբերեք: Մարուքյան, է՞լ ինչ էր ասում Վրաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը…

Ես ասում էի, չէ՞, ճանապարհը երկար է: Լավ է, որ հետներս բավականին վալյուտա, լավաշ, չփչացող երշիկ, աղը կերած պանիր, կարտոֆիլ ենք վերցրել: Գաղթում ենք, բայց ուտել պետք է: Ի՞նչ իմանանք, թե վաղն օրներս որտեղ կմթնի, որ չոլում: Ճիշտը, երևի, Հնդկաստանի կողմ գնալն էր: Պիտի Երևանից հետներս մի քանի հնդիկ էլ վերցնեինք, որ մեզ առաջնորդեին ու ճանապարհը ցույց տային: Ի դեպ, հետաքրքիր է, Երևանի հնդիկներն ի՞նչ եղան: Սինանյանը չէ՞ր բերել նրանց: Խեղճերը վարձով էին ապրում…

Տեսնես նրա՞նք էլ հեռացան Հայաստանից, թե հիմա քեֆ են քաշում Երևանի էլիտար շենքերում…