Տարբեր են ճիպոտով քշելու ձևերը, մեթոդները, միայն փողոցը չէ

Տարբեր են ճիպոտով քշելու ձևերը, մեթոդները, միայն փողոցը չէ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ասածին, թե «ժողովրդի լեգիտիմ իրավունքն է՝ մեզ քշել եւ ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին», իր էջում գրել էր․ «Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում՝ շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու»։ Մենք զրուցեցինք Արթուր Ղազինյանի հետ։

- Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ արտակարգից հետո քաղաքական ուժերը միավորվեն եւ քշեն գործող իշխանություններին։

- Նախ, իր այդ հայտարարության հետ կապված, որ «ժողովրդի լեգիտիմ իրավունքն է՝ մեզ քշել եւ ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին»․ դա պետության ղեկավարին հարիր ոճ չէ։ Երկրորդ․ ՀՀ-ում իշխանություն փոխելու համար Սահմանադրությունը նախատեսում է ընթացակարգ։ Բայց ներքաղաքական գործընթացների արդյունքում կարող են տեղի ունենալ այնպիսի դասավորումներ, որ կառավարությունը գնա հրաժարականի։ Այսինքն՝ տարբեր են մեթոդները, գործիքները, ձեւերը, միայն փողոցը չէ։ Դա իր համար գուցե հոգեհարազատ միջավայր է, բայց միայն փողոցն ու, այսպես կոչված՝ հեղափոխությունները չեն, որ իշխանություն են փոխում։ Եվ երրորդ․ ժողովրդավարության կանոններից շեղում Հայաստանում չի լինելու, Սահմանադրությունը կարգավորում է բոլոր հարցերը, հետեւաբար, լինելով իրավաբան՝ ես գտնում եմ, որ բոլոր իմաստներով՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն։ Չորրորդ․ այդ ելույթի մեջ հերթական անգամ մանիպուլյացիայով փորձ արվեց ներկայացնել, թե իրենց այլընտրանքը բացառապես նախկին ուժերն են։ Որովհետեւ հասարակությանն այսօր հուզում է մեկ հարց․ եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ։ Հիասթափությունն այն աստիճանի է խորացել, որ արդեն մարդիկ փնտրում են։ Եվ եթե այլընտրանքը նախկին իշխանություններն են, ապա Նիկոլ Փաշինյանն ունի 80 տոկոսանոց վարկանիշ, եթե այլընտրանքը նոր ձեւավորված պրոֆեսիոնալներն են, մեկը, որ ոչ մի կապ չունի նախկինների հետ, ապա պատկերը լրիվ փոխվում է։ Քանի որ իրենք սա շատ լավ գիտակցում են, հետեւաբար, բոլոր հնարավոր եւ անհնար գործիքներով փորձում են մարդկանց համոզել, որ իրենց այլընտրանքը նախկին իշխանություններն են։ 

- Իսկ նախադրյալներ կա՞ն պայքարի մի առանցքով հանդես գալու համար։

- Քաղաքականությունը, մեծ հաշվով, դինամիկ գործընթաց է, որտեղ չի բացառվում ոչ մի բան։ Բայց եթե լեյտմոտիվը, այսինքն՝ առանցքը իշխանության դեմ միավորվելը պիտի լինի, ապա նման միավորումները շատ կարճ կյանք ունեն։ Կենսունակ են այն միավորումները, որոնք կայանում են հանուն ինչ-որ գաղափարի, տեսլականի։ Հիմա տեսեք՝ դաշտում ընթանում են բավականին հետաքրքիր պրոցեսներ, բոլորը բոլորի հետ խոսում են, քննարկում, դիրքորոշումներ հստակեցնում, փորձում են հասկանալ, թե ով ինչ դիրքի վրա է գտնվում, ինչպիսի ծրագրային ապահովում ունի, գաղափարական հենքը, տեսլականը որքանով է իրականանալի կամ ընդունելի մնացած ուժերի համար։ Թե ինչպիսի արդյունք կլինի, կախված է, թե ինչ առանցք կլինի՝ հանո՞ւն, թե՞ ընդդեմ։

- «Բոլորը բոլորի հետ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։ Դուք, օրինակ, որ քաղաքական ուժերի հետ եք բանակցում։

- Կան տարբեր դիալոգներ, քննարկումներ՝ անելիքների հետ կապված, տեսակետների, գործողությունների բնույթի, բովանդակության, օրակարգերի հարստացման, լրացման․․․ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական սուբյեկտների, հասարակության մեջ ազդեցություն ունեցող ու հեղինակություն վայելող սուբյեկտների, բոլորի հետ էլ քննարկում ենք։ Բնականաբար, համագործակցության դաշտը սահմանափակ է, այսինքն՝ բոլորի հետ չէ, որ կարելի է գնալ ինստիտուցիոնալ համագործակցության։

- Խոսքը վերաբերո՞ւմ է նաեւ նախագահներին։

- 3 նախագահների հետ կապված իմ վերաբերմունքը բազմիցս արտահայտել եմ․ անկախ իմ անձնական վերաբերմունքից, կարծիքից ու գնահատականից, բոլոր 3 նախագահներն արժանի են բարձրագույն հարգանքի։ Բայց նախկին նախագահները պետք է ակտիվ քաղաքականությունից զերծ մնան՝ քաղաքական դաշտին առաջ շարժվելու հնարավորություն տալով։ Այսօր դա չունենք, ցավոք սրտի, եւ դրա համար որոշ օբյեկտիվ, նաեւ սուբյեկտիվ գործոններ կան։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ լիներ նախագահական ակումբ, որտեղ կլինեին 3 նախագահները, ու յուրաքանչյուր իշխանություն կամ ընդդիմություն կկարողանար հանդիպել, խորհրդատվություն, փորձառություն, գիտելիք ստանար, բայց մենք չունենք նման հնարավորություն։ Ամեն դեպքում, պետք է առաջ գնալ, հետ գնալը սխալ է։ Ես նկատում եմ, որ մենք ամեն օր ետ ենք գնում։ Բոլոր օրենքների հիմքում դրված է նախկինը, բոլոր գործողությունների հիմքում անցյալն է։ Չէ՞ որ խնդիրները, իրավիճակն առաջ են գնում, իսկ մենք դոփում ենք նախկին հարցերի պարզաբանման տիրույթում։ Սա ճահիճ է։

- Իսկ կորոնավիրուսի պայմաններում իշխանությունների դեմ տրամադրությունները այս ընթացքում խորացե՞լ են։

-Իշխանության նկատմամբ վարկանիշը բնականաբար, կընկնի, որովհետև իշխանության անլուրջ, անպատասխանատու վերաբերմունքը այս համաշխարհային սպառնալիքի նկատմամբ, քաղաքացիների շրջանում որոշակի թերահավատություն ու անվստահություն մտցրեց։ Եթե պետությունը լուրջ և պատասխանատվությամբ չի մոտենում քաղաքացիների առողջությանն ու կյանքին սպառնացող մարտահրավերը , ու ավելին, սկզբում ծաղրում էր և, որը հետագայում ստիպված եղավ ընդունել, սա արդեն որոշակի անվստահություն ու անլրջություն է հաղորդում։ Բնականաբար, վարկանիշային անկումը առկա է և դրա դիմաց նորից էլի փորձ է արվում խաղարկել նախկինների խաղաքարտը։ Ինչը բարոյական չէ․ իշխանությունը թող պատասխանատվություն վերցնի իր կողմից թույլ տրված սխալների համար։

-Չինական հեղափոխության խունվենբինների՝ հեղափոխության պահապան-հրեշտակների մասին վստահ եմ՝ տեղյակ եք, հիմա Նիկոլ Փաշինյանի պայմանական ասած՝ խունվեբինները, որոնք չհամաձայնողներին ահաբեկում են

-Իսկ ո՞ւմ են ահաբեկում, ահաբեկում են ահաբեկվողներին, որոնք ունենք այդ՝ ահաբեկվելու պոտենցիալը։ Թող որևէ մեկը փորձի մոտենալ մեզ տասը մետր հեռավորության վրա ու փորձի։

-Խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ, այլ համացանց, ելույթներ։ Ձեր կարծիքով՝ այս հատվածն այս ընթացքում պակասե՞ց, ավելացա՞վ կամ ավելի ագրեսիվ դարձավ։

-Այսպես ասեմ՝ իրենց անունը կարելի է դնել հեղափոխության պահապան հրեշտակներ, այսինքն՝ գոյություն չունեցող հեղափոխության պահապան հրեշտակներ, որոնք իրենց համոզել, ներշնչել են, նաև՝ հավատացել են, որ դա իրականում եղել է և որ  իրենք ինչ-որ բանից փրկվել են ու դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչից են փրկվել, համենայնդեպս, ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ սթափվեն։ Աչքերն ավելի լայն բացեն ու ավելի հաճախ սկսեն լսել ավելի խելացի մարդկանց և նորից անցյալը վերաիմաստավորել։Եթե իրենք անցյալը վերաիմաստավորեն, ապա շատ արագ կհասկանան,որ իրենց պայքարը եղել է հանուն ոչնչի։ Այսինքն՝ մեծ հաշվով, Հայաստանում ոչինչ չի փոխվել, բացի այն, որ մարդկանց մի խմբին փոխարինել է մարդկանց էս խումբը։

-Փաստորեն,  նախկինների «այլընտրանքով» Նիկոլ Փաշինյանը ջնջեց բոլորին, հա՞․ գործող, հին ու նոր ընդդիմադիրներին, իրենց զինակից, իրենց հետ ճանապարհ անցած քաղաքական ուժերին, բոլորի՛ն։ ՀԱԿ-ին, նույն։

-Ես չեմ ուզում մեկնաբանել այլ քաղաքական ուժերի ուղղությամբ արված ակնարկները կամ նրանց ուղղված հնարավոր որևէ արձագանք կամ պատասխան։ Դա ինձ չի վերաբերում, թող ամեն քաղաքական ուժ պատասխան տա իր համար։Եթե այս ելութի մեջ իրեն գտել ու  համարում է հասցեատեր, ապա թող պատասխանեն։

-Չհասցեատեր, այսինքն՝ քաղաքականությունից ջնջված։

-Դա նույնպես ենթադրում է հասցեատեր, եթե ջնջվում է, ապա կարող են ասել՝ մենք ստեղ ենք, մեզ մի ջնջեք, եթե չեն ասում, նշանակում է՝ էդպես է, չգիտեմ։