Ովքեր են նպաստում հակառուսական տրամադրությունների աճին

Ովքեր են նպաստում հակառուսական տրամադրությունների աճին

ArmDaily.am լրատվական կայքը նախօրեին գրել էր, որ Հայաստան են այցելել ռուսաստանցի փորձագետներ, որոնք հանդիպումներ են ունենում հայաստանյան հասարակական եւ քաղաքական գործիչների հետ, որպեսզի հասկանան, թե ինչու են Հայաստանում աճում հակառուսական տրամադրությունները։ Դատելով հրապարակումից, Ռուսաստանում կա լուրջ անհանգստություն՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի հետ կապված, եւ դրանք հենց այնպես «օդի մեջ եղած» մտահոգություններ չեն, այլ հիմնավորված են ռուսական ուժային եւ այլ կառույցների անցկացրած սոցհարցումների տվյալներով։ Ընդ որում, հատկապես երիտասարդությունն այլեւս հույսեր չի կապում Ռուսաստանի հետ։ 

Մի կողմ թողնելով հրապարակման մանրամասները՝ անդրադառնանք այն հարցին, թե ինչու են Հայաստանում աճում հակառուսական տրամադրությունները, եւ բերենք ամենաթարմ օրինակները։ Շատ հեռու չգնանք՝ Մոսկվայում Գարեգին Նժդեհի մասին պատմող կինոնկարի ցուցադրության հետ կապված «պատմությունը», որը կարծես թե «ոդիսական» դառնալու միտում ունի։ Խնդիրն այն չէ, որ ցուցադրությունը չթույլատրվեց, այլ այն, որ չթույլատրելու անաղմուկ ձեւեր կան, որոնք ռուսական վարչախումբը շատ լավ գիտի, բայց չարեց՝ առաջացնելով որոշակի բացասական վերաբերմունք իր հանդեպ։ Իհարկե, գուցեեւ Ռուսաստանում գործող հայկական կազմակերպությունները, համայնքային կառույցները բարձրաձայն չարտահայտեն բացասական վերաբերմունք, սակայն հասարակ մարդուն չես կարող արգելել, որ իր հերոսի հանդեպ եղած նեգատիվ վերաբերմունքից եւ այդ վերաբերմունքի հետեւանքով Բաքվից հնչած վայրահաչոցներից որոշակի տրամադրություններ չձեւավորի, ու այդ ամենից նստվածք չմնա։ Ու հույս կար, որ ռուսական ղեկավարությունը հարցն այսքանով կփակի։

Հատկապես, որ Բաքվից էլ ամենաբարձր մակարդակով քիչ վայրահաչոց չլսվեց այդ թեմայով։ Սակայն Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հայտարարությունն աննախադեպ էր։ Կրեմլի կողմից այդքան չսիրված Ջորջ Սորոսը նրան թերեւս պետք է հատուկ շնորհակալություն հայտնի, շքանշան տա ու ընդգրկի հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորողների թիմում, որպես առաջատար մասնագետ։ Ինչո՞ւ, որովհետեւ պետք է ունենալ առանձնահատուկ տաղանդ, որպեսզի քեզ հավատակից քրիստոնյա ժողովրդին, որի մի ստվար հատվածը բնակվում է քո երկրում եւ քիչ ներդրում չի ունենում երկրիդ կյանքում, տնտեսության մեջ, իսկ մեկ այլ աշխարհասփյուռ հատվածի հետ էլ դեռ ցարական ժամանակներից  աշխատում ես քո աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական, հատկապես՝ մերձավորարեւելյան քաղաքական գիծն իրականացնելիս, ոչ միայն «դուռը ցույց տաս»՝ հիշեցնելով, որ «Մոսկվան դեռ Ռուսաստանի մայրաքաղաքն է եւ ոչ թե Հայաստանի», եւ դուք այստեղ հյուր եք։ Իսկ հյուրերը, բոլորը գիտեն, հյուրընկալության կանոնների համաձայն, ժամանակավոր են ու մի օր հեռանալու են։ 

Ու դա՝ անկախ նրանից, թե ռուսաստանաբնակ կամ մոսկվաբնակ հայերը Մոսկվան կամ Ռուսաստանն իրենց հայրենիք համարո՞ւմ են, թե՞ ոչ։ Չէ՞ որ այս դեպքում այլեւս դա կարեւոր էլ չէ, որովհետեւ ռուսական քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը որոշել է հայերի «պորտը տեղը դնել», «ցույց տալ իրենց տեղը»՝ վելիկոռուսական ողջ շովինիզմը գործադրելով ու հիշեցնելով, որ Մոսկվան նրանց մայրաքաղաքը չէ։ 

Հիրավի պետք է ունենալ առանձնահատուկ տաղանդ նման տխմար քայլ անելու եւ եղած «պատմությունը» հնարավորինս արագ ու նաեւ քեզ համար նվազ կորուստներով փակելու փոխարեն, մի բան էլ «աքլորանալու» եւ կրակն ավելի բորբոքելու համար։ Ու այս ամենի ֆոնին ռուս մասնագետները Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատճառներն ուսումնասիրելու համար դեռեւս կարիք ունեն Հայաստան գալու եւ հանդիպումներ անցկացնելու։ Բավական է հենց միայն Մոսկվայում ուսումնասիրեն լրահոսն ու տեսնեն, թե Ռուսաստանի այժմյան ղեկավարության մեջ քանի լեոնիդկալաշնիկովներ կան, որոնք նպաստում են, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններն ավելանան։

Կարեն Ենգիբարյան