«Հրապարակ». Վաշինգտոնյան հանդիպման օպտիկական էֆեկտը

«Հրապարակ». Վաշինգտոնյան հանդիպման օպտիկական էֆեկտը

Ակնկալվում է, որ շուրջ մեկ աշխատանքային շաբաթ տեւած հայ-ադրբեջանական բանակցություններն ԱՄՆ մայրաքաղաքում մայիսի 4-ին կավարտվեն: Փակ դռների ետեւում ընթացող բանակցությունների, դրանց հնարավոր արդյունքների մասին (եթե այդպիսիք լինեն)  մամուլին կամ հանրությանը անցնող օրերի ընթացքում բացարձակապես ոչինչ չի հաղորդվել, ինչը հիմք է մտածելու, որ էական որեւէ տեղաշարժ կամ արդյունք վաշինգտոնյան բանակցային մարաթոնից չի էլ ակնկալվում: 

Ամեն պարագայում փաստ է այն, որ մայիսի 1-ից ի վեր ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա մամուլի ասուլիսներին, առանց բացառության ամեն օր՝ թե՛ մայիսի 1-ին, թե՛ 2-ին, թե՛ 3-ին, հնչել են հարցեր (ընդհանուր թվով` մեկ տասնյակից ավելի) Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ ընթացող բանակցությունների մասին: Լրագրողներին հետաքրքրողը հատկապես այն էր, թե ինչն է պետքարտուղարությանը լավատեսություն ներշնչում ներկա բանակցությունների արդյունքների առնչությամբ, երբ նույն ձեւաչափով նախորդ բանակցությունները տեսանելի արդյունք չեն տվել: 

Պետդեպարտամենտի մամուլի փոխխոսնակը` Վեդանտ Պատելը, տարբեր ռակուրսներով արվող հարցադրումներին ի պատասխան՝ երեք օր շարունակ նույն երկու անփոփոխ միտքը տարբեր շարադասությամբ կրկնեց: Առաջինը՝ որ ինքը չի կարող իրադարձություններից առաջ ընկնել եւ արդյունքների մասին խոսել, այդ մասին պետք է կողմերը խոսեն բանակցություններից հետո. ինքը միայն կարող է հավաստել, որ Միացյալ Նահանգները հավատում է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր է խաղաղություն, եւ դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են: Երկրորդ միտքը, որ Պատելը մի քանի անգամ կրկնեց, այն էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում: 

Այս հայտարարություններից անձամբ իմ եզրակացությունն այն է, որ վաշինգտոնյան բանակցություններում էական, շեշտ կրող, ուղերձներ հղող բաղադրիչը ոչ թե բանակցությունների բովանդակությունն է, սեղանին գտնվող թղթերը, բանակցային մարաթոնի` որեւէ արդյունքով կամ առանց արդյունքի ավարտվելը, այլ բուն` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների փաստը եւ օպտիկան: 

Ինչու են Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման փաստը եւ օպտիկան ավելի կարեւոր, քան բանակցությունների բովանդակությունը կամ արդյունքը: Առաջինը. որովհետեւ պարզից էլ պարզ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները համարյա բոլոր հարցերին այնքան տարբեր են, որ, ինչպես անցյալ տասնամյակների ընթացքում ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց, այնպես էլ առաջիկայում չի հաջողվի: Այո, կարելի է բանակցել, բայց դա ամենեւին էլ չի նշանակում ընդհանուր արդյունքի եւ փաստաթղթի հանգել:  Երկրորդ, ոչ նվազ կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ մեծապես կախված են շրջապատող երկրներից, իրադարձություններից, զարգացումներից, եւ գոնե երկու հարյուրամյակի կտրվածքով ընթացող մի այնպիսի աննախադեպ տեղաշարժի ժամանակ, ինչպես ներկա պահին է, երբ ռուսական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում վերջանում է, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն են ֆիզիկապես այս տարածքում հաստատվում, Թուրքիայի եւ Իրանի ռեգիոնալ հավակնություններն էլ անէանում են։ Նման հիմնարար տեղաշարժերի ժամանակ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ բնազդաբար կանգ են առել եւ չեն էլ շարժվելու, մինչեւ ուժերի նոր դասավորությունը չհասկանան: Չէ՞ որ ուժերի տարբեր դասավորությունը կողմերի համար տարբեր հնարավորություններ է բացում: 

Ասենք, Իլհամ Ալիեւին 2020-ից հետո հավանաբար թվում էր, թե Հարավային Կովկասում Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունու ազդեցությունը պիտի լինի, ինչը, իհարկե, Ալլահի օրհնություն կլիներ իր եւ Ադրբեջանի համար: Մինչդեռ եկավ 2022-ը, եւ իրադարձությունները ճիշտ հակառակ ուղղությամբ ընթացան` այժմ Ադրբեջանին ծնունդ տված ռուս-թուրքական տանդեմն անշրջելիորեն կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում, եւ Ադրբեջանի հետ քաղաքակրթական ոչ մի ընդհանրություն չունեցող Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն են հաստատվում Հարավային Կովկասում, որոնց համար Ադրբեջանի միակ արժեքը վերջինիս նավթի պաշարներն են` մինչեւ ընթացիկ տասնամյակի ավարտը: Դրանից հետո Ադրբեջանի նավթն էլ նշանակություն չի ունենա կանաչ տնտեսության անցնող Արեւմուտքի համար:

Ըստ իս, Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններ հյուրընկալելու հիմնական նպատակը հենց այս աշխարհաքաղաքական տեղաշարժն ի տես աշխարհի ցուցադրելն էր: Ուկրաինայում պարտվող Ռուսաստանը հեռանալու է կամ արդեն հեռանում է Հարավային Կովկասից, եւ կարեւոր է ցույց տալը, որ Ռուսաստանի հեռանալուն վակուում չի հետեւելու, թուրքական կամ իրանական աշխուժացում չի լինելու: Ռուսաստանի հեռանալուց էլ առաջ Հարավային Կովկասում հաստատվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայությունը եւ ազդեցությունը: Կարծում եմ՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններ հյուրընկալելու իմաստը հենց այս Քեռի Սեմի ներկայության ազդարարումն էր` Ադրբեջանի ինքնագործունեության դեմ նախազգուշացմամբ: