Մտահոգ ենք «Հայկական պարտեզի» դեմ սադրանքներով․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Իսրայելին

Մտահոգ ենք «Հայկական պարտեզի» դեմ սադրանքներով․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Իսրայելին

Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներով։ Այս մասին ամենաշաբաթյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային այն իրավիճակին, որ ստեղծվել է Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, «Հայկական պարտեզի» շուրջ․ այն դատական քաշքշուկի առարկա է դարձել Երուսաղեմի հայկական պատրիարքության և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև»,- իրավիճակը ներկայացնելիս՝ ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովայի խոսքով՝ չսպասելով դատական գործընթացի ավարտին՝ կազմակերպությունը սկսել է հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ վիճելի տարածքում, որը բախումների է բերել տեղի հայերի ու հուդայական ծայրահեղականների միջև։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին քայլեր ձեռնարկել այս զգայուն հարցի արդարացի լուծման համար՝ օրենքի սահմաններում։ Մենք հավատում ենք, որ երկրի կրոնական բոլոր համայնքների իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն»,- հայտարարեց Զախարովան։

Ռուսաստանը դեմ է ցանկացած ապօրինի գործողության, որի նպատակը երկրում պատմականորեն ձևավորված էթնիկ հավասարակշռությունը խախտելն է Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ՝ ոտնձգությունները դարերով այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սեփականության և սրբավայրերի հանդեպ, հավելել է նա։