Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետը

Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետը

Մեծ Բրիտանիայում հետաքննություն է սկսվել վարչապետ Բորիս Ջոնսոնի` Կարիբյան ծովում գտնվող Մյուստիկ կղզի 2019-ի դեկտեմբեր- 2020 հունվարի սկզբին արձակուրդն անցկացնելու ֆինանսական աղբյուրների հարցը: Հետաքննություն սկսելու լուրը հաստատել է բրիտանական պառլամենտի` ստանդարձների հանձնաժողովի ղեկավար Քեթրին Սթոունը: Նշենք, որ դեռ անցյալ տարի է բրիտանական մամուլը գրել, որ վարչապետի առնչությամբ նման քննություն է սկսվել, սակայն պառլամենտը հաստատեց միայն այսօր: Ջոնսոնի եւ նրա հարսնացու Քերի Սեմոնդսի ամանորյա ուղեւորությունը եւ արձակուրդը արժեցել է մոտ քսան հազար դոլար: Նրանք արձակուրդի մեկնել են 2019-ի դեկտեմբերի տասներկուսին` պառլամենտական ընտրություններից հետո: Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ հնարավոր չի եղել բացատրել, թե ինչ աղբյուրներից եւ ինչպես է այն վճարվել: Վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ ուղեւորությունն ու կղզում կեցությունը վճարել է Դեւիդ Ռոսսը, ով հանդիսանում է իշխող Պահպանողականների կուսակցության մեկենասներից մեկը եւ նախկինում զբաղեցրել է Carphone Warehouse ընկերության վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ բրիտանական այս ընկերությունը հանդիսանում է Եվրոպայում բջջային հեռախոսների մանրածախ վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերությունը: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները Լեյբորիստական կուսակցությունից դիմել են, հայտարարելով, որ պատգամավորական էթիկայի վարքականոնը պահանջում է, որպեսզի հրապարակվի այն անձի անունը կամ կազմակերպության անվանումը, ով իրականացնում է նվիրատվություն կամ իրականացրել է նվիրատվություն: Այս դրույթը տարածվում է նաեւ վարչապետի վրա, ով ըստ բրիտանական օրենսդրության պարտավոր է լինել պառլամենտի անդամ:Եվ հիմա, եթե Սթոունը գա այն եզրակացության, որ Ջոնսոնը խախտել է վարքականոնի նորմերը, ապա նա իրավունք ունի պահանջել գրավոր ներողություն: Իսկ եթե նա վարչապետի թույլ տված խախտումները որակի էական, ապա կարող է գործը փոխանցել Ստանդարտների պառլամենտական կոմիտեին, որը կարող է ավելի խիստ որոշումներ կայացնել, օրինակ զրկել Ջոնսոնին իրեն հասանելիք հաստիքի վճարման մի մասից: Նման բան եթե տեղի ունենա, ապա բրիտանական ներկայիս կաբինետի հեղինակությունը էականորեն կվնասվի: Ի դեպ, սա երկրորդ սկանդալն է բրիտանական վարչապետի մասնակցությամբ: Ապրիլի վերջին էլ հայտնի է դարձել, որ Ընտրական հանձնաժողովն է սկսել հետաքննություն կապված վարչապետի նստավայրի վերանորոգության վճարումների հետ կապված: