Ոչ, Արծրուն, դու պիտի ապրես, որ արարքներիդ համար պատասխան տաս

Ոչ, Արծրուն, դու պիտի ապրես, որ արարքներիդ համար պատասխան տաս

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր առավոտյան գրել է.

«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»։ 

Ոչ, Արծրուն, դու պիտի արթնանաս ու պիտի ապրես եւ ամեն օր պիտի մտածես, որ այս պարտությունը դու ես հասունացրել, դու ես 45 օր ապակողմնորոշել հանրությանը՝ սուտ ու կեղծ տեղեկություններով ներշնչելով, թե՝ հաղթել ենք, թաքցնելով իրականությունը եւ բթացնելով հասարակության զգոնությունը։ Դու ես կեղծ լոզունգներ տարածել ու մարդկանց ներշնչել, որ իրենց օգնության կարիքն Արցախը չի զգում՝ ամեն ինչ շատ լավ է։ Դու՝ քո տերերի հետ, փակել ես բոլոր նրանց բերանը, ովքեր համարձակվում էին ճշմարտությունը ներկայացնել հասարակությանը։ Եւ մասնավորապես՝ պատերազմի ամենաթեժ պահին, երբ մարդիկ գեթ մի տեղեկություն էին խնդրում ռազմաճակատից, հնարավոր ուշացրել ես տեղեկատվության փոխանցումը եւ հարձակվել ես այդ մասին զգուշորեն հանրությանը տեղեկություններ փոխանցող մեր լրատվամիջոցի՝ «Հրապարակի» վրա եւ ամոթալի արշավ ես նախաձեռնել մեր դեմ՝ օգտագործելով պատերազմի դաշտից լավ լուրեր լսելու կարոտ մարդկանց դյուրահավատությունը։ 

Քեզնից կեղծ կուռք սարքեցին Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը եւ այդ կուռքն օգտագործեցին որպես զենք՝ ճշմարտությունը ներկայացնող «Հրապարակի» դեմ։ Եւ երբ մենք ընդամենը մի տողով շաբաթ օրը գրեցինք, որ 40 օր շարունակ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ես փոխանցել հանրությանը, դու՝ տերերիդ հետ մեր դեմ արշավ նախաձեռնեցիր։ Արշավի մտահղացումն, իհարկե, քոնը չէր, այլ թիվ 1 տիկնոջը, ում դուր չի գալիս մեր հրապարակումներն իր ու իր հիմնադրամների մասին։ Բայց դու պատասխան ես տալու նրանց հետ միասին։ 

Մենք 4 օր շարունակ եղել ենք զոմբիների, ֆեյքերի, Արծրունով հիացած միամիտ մարդկանց թիրախում, մեզ հազարավոր սպառնալից նամակներ ու հայհոյանքներ են ուղարկել եւ դդոս հարձակումներ են արել մեր կայքի վրա, փորձել են մեր դոմեյնը վերացնել, մեր ընթերցողների նկատմամբ տոտալ ճնշումներ են գործադրել՝ հատ-հատ նամակներ հղելով, թե «ռիփորթ» արեք, բլոկեք, հեռացեք այս էջից։ Դու բոլոր հնարավոր առիթներով պայքարել ես ճշմարտության դեմ եւ ճշմարտությունը մարդկանց հասցնող «Հրապարակի» դեմ՝ բազմաթիվ անգամներ ստատուսներ գրելով եւ մեզ զրպարտելով։ Դու պիտի ապրես, Արծրուն, որ այս ամենի համար պատասխան տաս։