Հայ քաղաքագիտության Լառոշֆուկոն

Հայ քաղաքագիտության Լառոշֆուկոն

«Այդ մանդատի տերը ես չեմ` ժողովուրդն է, նրան եմ հաշվետու»:

«Պատգամավորական մանդատը քաղաքացիների կողմից տրված քվեի առարկայացումն է, որն ըստ էության մարմնավորում է այդ նույն քաղաքացիների սպասումներն ու ակնկալիքները այդ մանդատը կրողից»: 

«Մանդատն առաջին հերթին եւ առավելապես աշխատանքի գործիք է: Այն ոչ թե նպատակ է, այլ միջոց է՝ կյանքի կոչելու եւ իրացնելու դրա, խնդրում եմ ուշադիր լսել, սեփականատիրոջ` քաղաքացու սպասելիքներն ու ակնկալիքները»: 

«Այդ մանդատը քաղաքացիներինն է, եւ քաղաքացին միայն կարող է պահանջել այդ մանդատը»:
«Պատգամավորական մանդատը չպետք է լինի սակարկությունների եւ քաղաքական հաշվարկների առարկա»: 

Մեջբերված մտքերի հեղինակը ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանն է, իսկ դրանք երկնելու առիթը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության  խմբակցության հայտնի դիմումի մերժման փաստը, որն այնքան ոգեւորել է «անկախին», որ սա արագ, «դեպքի վայրից» եթեր է մտել ու… երկնել Լառոշֆուկոյին պատիվ բերող վերոհիշյալ աֆորիզմները: Ընդ որում` սեփական լրատվամիջոցի միջոցով (1in.am):
Ասեմ, որ անկախի մուտքը եթեր եւս խիստ եթերային էր. մարդը նրբակրթորեն նախ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցին` «իրեն նման հնարավորություն ընձեռելու համար»: Իսկ մտքերի շքերթը սկսվեց դրանից հետո: Դրանք այնքան պերճախոս էին, որ եթերը կազմակերպած լրագրողը սկզբից մինչեւ վերջ գլխի ուղղահայաց շարժումով անընդհատ համաձայնում էր. ախր մարդը քաղաքագիտական մարգարիտներ էր թափում, այն էլ` խոշոր պլանով…

Բայց վերեւում մեջբերված մտքերից, որ հանուն հայ քաղաքագիտության պատմության ես բանավորից գրավորի վերածեցի` չնայած իմ ողջ կենսաբանական անհարմարությանը, առանձնապես տպավորիչ է «Այդ մանդատը քաղաքացիներինն է, եւ քաղաքացին միայն կարող է պահանջել այդ մանդատը» աֆորիզմը: Տպավորիչ է նրանով, որ ակամա հուշ արթնացրեց առ այն, որ 2018-ի դեկտեմբերին Արման Բաբաջանյանը ԼՀԿ համապետական ցուցակով պատգամավոր դարձավ` վարկանիշային կարգով հավաքելով… 360 ձայն: 
Այսպիսի բաներ...

Ի դեպ, մի խորհուրդ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներին. քանի որ ԿԸՀ-ում չհաջողվեց լուծել Արման Բաբաջանյանի հարցը, հետեւեք նրա պարզ առաջարկին` մանդատը ետ բերեք ընտրողների պահանջի միջոցով: 

360 ընտրողն ի՞նչ է, որ չկարողանաք գտնել…