Երեկվանից հետո ռեպրեսիվ մեքենան սկսել է աշխատել

Երեկվանից հետո ռեպրեսիվ մեքենան սկսել է աշխատել

Երեկվանից Քննչական կոմիտեն մի քանի տասնյակ անձանց դեմ քրեական գործեր է հարուցել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, բռնության կոչեր հնչեցնելու և այլ մեղադրանքներով, կան ձերբակալվածներ։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանին հարցրինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ քննչական կոմիտեն այսպես իրար հետևից հաղորդագրություններ է տարածում, ուզում են մարդկանց հետ պահել ցույցերին մասնակցությունի՞ց․

«Ես վստահ եմ, որ երեկվանից հետո ռեպրեսիվ մեքենան սկսել է աշխատել, իրավապահ մարմիններում քրեական վարույթներ են նախաձեռնվում, ձերբակալվում են անձինք, ձերբակալման որոշումներ են կայացվում տարբեր հոդվածներով և դրանք պարտադիր հրապարակայնացվում են։ Վաղուց չէինք տեսել, ես որ չեմ հիշում, որ անուն- ազգանունով,  դեռ մի հատ էլ լուսանկարով հրապարակայնացվի՝ խոսքը Անի կարապետյանի մասին է։ Սա խոսում է նրա մասին, որ միջոցներ են ձեռնարկվում մարդկանց վախեցնելու համար, որպեսզի չմասնակցեն, օրինակ, այսօրվա հավաքին կամ որևէ այլ հակաիշխանական գործողություններ չանեն, ինչը ենթադրելի է այս հերթական դավաճանության պարագայում»։