ՀՖՖ-ի որոշումը դուրս է տրամաբանության սահմաններից

ՀՖՖ-ի որոշումը դուրս է տրամաբանության սահմաններից

Նոյեմբերի 1-ին, Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում կայացած «Արարատ–Արմենիա»- «Փյունիկ» խաղը տարբերվեց ոչ միայն իր դիտարժանությամբ, այլ նաև ոչ մարզական միջադեպով։
Խաղից հետո 2 թիմերի ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ, ինչը հանգեցրեց ծանր հետևանքների, հատկապես «Փյունիկի» ֆուտբոլիստների համար։

Իսկ ինչից սկսվեց միջադեպը

Խաղի հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացրած 6-րդ րոպեին «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման դարձել է գոլի հեղինակ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանն արմունկով պատահաբար հարվածել է Մաիլսոն Լիմային։
Մրցավարի հարվածից հետո, «Արարատ-Արմենիայի» մեկ այլ ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոյին թվացել է, թե Լիմային հարվածել է «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանը։

Այն բանից հետո, երբ Յուսուֆ Օտուբանջոն որոշել է պարզել հաշիվները Արման Հովհաննիսյանի հետ, ֆուտբոլիստների նյարդերը՝ կապված խաղի լարված վերջաբանի հետ, տեղի են տվել և մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո տեղի է ունեցել հայտնի միջադեպը։

Ինչ պատիժ է հասել ֆուտբոլիստներին

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 4-ին կայացած ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստում որոշում է կայացվել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Յուսուֆ Օտուբանջոյին, Խուլիո Բուենո Խոսե Ժունիորին և Բարբոսա Գոնսալես Դիեգո Մարտինիին որակազրկել մեկական խաղով, իսկ «Արարատ-Արմենիա» ՖԱ-ին տուգանել 150.000 դրամով։

Սակայն ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի անդամները նույն արարքի համար որոշում են կայացրել ավելի խիստ պատիժ սահմանել «Փյունիկի» ֆուտբոլիստների համար։

Մասնավորապես՝ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էրիկ Վարդանյանը, Արման Հովհաննիսյանը և Գևորգ Ղազարյանը ստացել են համապատասխանաբար 5-ական և 3 խաղի որակազրկում, իսկ «Փյունիկ» ՖԱ-ն տուգանվել է 700.000 դրամով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի կայացրած որոշումը առաջացնում է հարցեր, որոնց «Փյունիկ» - «Նոա» խաղից հետո անդրադարձել է նաև «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Մելիքյանի համար տարօրինակ է, թե ինչու նույն արարաքի համար «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները որակազրկվել են 1-ական, իսկ «Փյունիկի» ֆուտբոլիստները 5-ական խաղերով։
ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված արձանագրության մասին սոցիալական ցանցերի ՀՖՖ-ի էջերում ոչ մի հրապարակում չկա, ինչը ամենայն հավանականությամբ կապված է այն հանգամանքի հետ, որ տվյալ որոշումը չի տեղավորվում տրամաբանության սահմաններում և բացասական մեկնաբանություններից խուսափելու համար ՀՖՖ-ն որոշում է կայացրել սահամանափակվել որոշման մասին միայն կայքում հայտարարելով։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կայացրած որոշումը խախտում է ֆուտբոլի ամենակարևոր՝ հավասարության մասին սկզբունքը, ինչը ամենևին լավ մթնոլորտ չի ստեղծում հայկական ֆուտբոլում Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից առաջ։