Կառավարության աշխատողները հինգերորդ ալիք են նայում

Կառավարության աշխատողները հինգերորդ ալիք են նայում

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է լավագույն տեսալսողական հաղորդումների ցանկը: Ընդգրկված են ամենատարբեր ժանրերը` լուրերի թողարկումներից մինչեւ մանկական ծրագրեր, քաղաքական հաղորդաշարեր, գեղարվեստական ֆիլմեր, թոք-շոուներ եւ այլն: Հրապարակված տվյալները ներկայացվում են ըստ հեռուստադաշտում վարկանիշային չափումներ իրականացնող միակ ընկերության` «Ադմոսֆեր Արմենիայի», որին ՀՌԱՀ-ը, ուզած-չուզած, պետք է հավատա, քանի որ ռեյտինգ չափող երկրորդ ընկերություն Հայաստանում չունենք:

Ավելին` ռեյտինգ չափող միակ ընկերությունում, որը չունի այլընտրանք, ոչ մի անգամ աուդիտ չի արվել: Թե ինչու, սա թերեւս առանձին լրագրողական հետաքննության առարկա կարող է դառնալ: Իսկ առայժմ չխորանալով, երկու տարօրինակություն է աչքի զարնում: Հայ ազգը շարունակում է «Կիսաբաց լուսամուտներ» դիտել, դրանից առավել սիրում է Պետրոս Ղազարյանին եւ Սերժ Սարգսյանին: Երրորդ նախագահի հարցազրույցն «Արմնյուզին» «Կիսաբաց լուսամուտներից» շատ են դիտել: 

Ուշադիր զննելով ռեյտինգային հաղորդումների ցանկը, տեսնում ենք, որ դրանցից բացակայում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Վարկանիշային 11 ցանկերից եւ ոչ մեկում Քոչարյանի ալիքը չկա: Նույնիսկ մուլտերը, որոնք այստեղ բարձր որակի հայերեն թարգմանությամբ են հեռարձակվում եւ երեւանցի մանուկների կողմից սիրված են, ըստ ռեյտինգ չափող ընկերության, դիտող չկա: Անգամ ATV-ին են դրանից շատ հետեւում, եթե, իհարկե, հավատանք «Ադմոսֆեր Արմենիային»:

Իրականում այս ընկերության եւ 5-րդ ալիքի հարաբերություններն ի սկզբանե բարդ են եղել: Տպավորություն է, թե ինչ-որ պահանջ է դրվում 5-րդ ալիքի առաջ, որը վերջինս չի կատարում, ու «Ադմոսֆերի» տղերքն «ինադի են ընկել», ինչ-որ բան չեն կարողանում կիսել «հինգի» հետ: 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում մեղադրել է չափումների դաշտի մոնոպոլիստին՝ իրական տվյալները կեղծելու մեջ: «Իսկ ոմանք ամբիոններից ճառելիս գլուխ են գովում, թե կոռուպցիա չկա: Չկա՞: Իրո՞ք»,- գրում է նա:

Հարություն Հարությունյանին խնդրեցինք բացել փակագծերը: 

- Ինչո՞ւ եք վստահ, որ «Ադմոսֆերի» տվյալները կեղծ են:  

- Երկու տարուց ավելի է՝ իրենց հետ վեճի մեջ եմ ու փաստերով ապացուցել եմ, որ այս ընկերությունը ստում է: Բոլորը գիտեն, թե ինչքան են նայում «Հայլուրի» ամփոփիչ թողարկումը, բայց կարող է ներկայացվել, թե հանրապետությունով մեկ 30 հեռուստադիտող է նայել: Կամ` գրել են, որ Նեթֆլիքս-ից գնած «Թագը» սերիալն ունեցել է 0 դիտում: Կամ` «Թագը» սերիալի առաջին եւ երկրորդ սերիաների ռեյտինգը 1,6 է եղել, հետո ընդհատվել է «Հայլուրի» թողարկումով, իսկ դրանից հետո ցուցադրված երկու սերիաներն արդեն մեկ հեռուստացույց է «նայել»: Այդպես չի կարող լինել: Կամ՝ հենց մեր ռեյտինգը բարձրանում է մի քանի օր, մեկ էլ պարզվում է, որ իրենց մոտ պլատա է խփել, ու սկսում են չչափել, մենք կրկին հայտնվում ենք ներքեւում: Կամ` սոցհարցում են անում, երբ որ իրենց նախընտրած հեռուստատեսության անունն է հնչում, տանում են, սարքը տեղադրում են այդ տանը: «Ադմոսֆերը» թվեր է նկարում: 

- Ինչո՞ւ: 

- Այս ընկերությունը խաբում է, որպեսզի շուկայից հավաքի գումարները՝ իր ցանկացած ընկերությունների համար: Նա ունի շահադիտական նպատակներ: Չի կարող չափող ընկերության շահերը համընկնեն դաշտում գործող երեւէ հեռուստաընկերության կամ գովազդային գործակալության հետ։ Եվ որքան էլ փաստաթղթերով դա չերեւա կամ մաքուր լինի, չափումները հակառակն են պնդելու։ Կա կասկած, եւ այդ կասկածի հիմքը «Ադմոսֆեր Արմենիայի» չափումներն են, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այսքան ցցուն կեղծեն թվերը։ Գուցե ես սխալվում եմ, բայց սրա մասին պետք է լուրջ մտածել, որովհետեւ այսկերպ կործանվում է ամբողջ դաշտը։ Բայց ինձ համար այնքան սա չէ վիրավորական, որքան այն, որ սրան հավատում են ՀՌԱՀ-ը, մասնագիտական ՀԿ-ները, որովհետեւ չկա երկրորդ մուլտիպլեքսը: Այդ նույն ՀՌԱՀ-ը մի քանի անգամ հայտարարել է երկրորդ մուլտիպլեքսի մրցույթ, բայց մասնակցող չի եղել: Սա հասկանալի է` մուլտիպլեքսը թանկ բիզնես է: Բայց ՀՌԱՀ-ը կարող էր գոնե աուդիտ կազմակերպել «Ադմոսֆերում», ինչը չի արվում: Ո՛չ մինչեւ հեղափոխությունը, ո՛չ էլ հիմա: 

- Ձեր գովազդի վրա ազդո՞ւմ է: 

- Հենց մեզ մոտ մեկ կամ երկու գովազդատու է հայտնվում, հաջորդ օրը մեր ռեյտինգն իջեցնում են: Սա հատուկ քաղաքականություն է, որ գովազդը տեղադրվի որոշակի հեռուստատեսություններում: Ինչո՞ւ, եթե կա մի գովազդատու, որը կարող է շատ էժան, ռադիոյի գնով գովազդ դնել 5-րդ ալիքում, թող գա, մեզ տա այդ փողը, մենք բաշխենք մեր ուզած հեռուստաընկերությունների վրա: Էս մարդկանց աստվածը փողն է, չկա պետություն, բարոյականություն, ինչպես մեր այսօրվա երկրի ղեկավարի համար: Գիտես, ինձ ֆոտո են ուղարկել՝ կառավարության աշխատողների սենյակներից, որոնք հինգերորդ ալիք են նայում: Ես չեմ հրապարակի, որ էդ մարդկանց չվնասեմ: 

- Դուք այս հարցում քաղաքական ենթատե՞քստ եք տեսնում: 

- Ես էլ կարող եմ այդպես մտածել, երբ տեսնում եմ, թե ովքեր են այս թվերը հաճույքով հրապարակում, ես հասկանում եմ, որ՝ այո, սրա տակ կա նաեւ քաղաքականություն՝ թաքնված: Սրանով իրենք ֆինանսապես վնասում են մեր հեռուստատեսությանը, խանգարում են կայացմանը: