«Հրապարակ». Վիկտոր Մնացականյանը նոր կուսակցություն է հիմնելու

«Հրապարակ». Վիկտոր Մնացականյանը նոր կուսակցություն է հիմնելու

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Մենք զրուցել ենք նրա հետ։

- ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթաց են, պետք է քաղաքական կուսակցություն, որը Ձեզ առաջադրի, պետք է թիմ, ընդ որում՝ վարկանիշ ունեցող։ Ո՞ւմ հետ եք գնում ընտրությունների։

- Ինչպես ասում էր դասականը, Դուք շատ կհավանեք մեր ուրբաթները։ Դեռ շուտ է ասել, որոշներին Դուք ճանաչում եք, որոշներին չեք ճանաչում, բայց դրանք սրտացավ երեւանցիներ են, որոնք ինձնից ավելի շատ են անարդարությանը դեմ եւ ավելի ըմբոստ են, եւ, ամենակարեւորը՝ ամեն մեկն իր մասնագիտության մեջ մասնագետ է․ մեկը տրանսպորտի մասնագետ է, մյուսը՝ բազմաբնակարան շենքերի եւ այլն։ Օրենքն էլի բերեցին, սարքեցին այնպես, որ ես եւ իմ նման մարդիկ, որոնք երբեւէ չեն հետաքրքրվել քաղաքական պրոցեսներով, ստիպված են կուսակցություն գրանցել։

- Նոր կուսակցությո՞ւն եք գրանցելու։

- Բնականաբար։

- Գործող 100-ից ավելի կուսակցություններից որեւէ մեկը Ձեզ չի՞ համապատասխանում։

- Իրականում՝ ոչ, որովհետեւ ես առայժմ չեմ պատրաստվում խորքային քաղաքական պրոցեսների մասնակից դառնալ, ինչքանով էլ պրոցեսը քաղաքական է։ Այնքան են դժվարացրել, որ Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» դաշինք էին դրել անունը, բայց քաղաքական ուժեր էին մեջը, որովհետեւ ինքը սիրված կերպար էր, ինքը որպես ղեկավար էր հանդես գալիս, մեզ էլ խորհուրդ են տալիս, որ, օրինակ, անունը դնենք «Երեւանցիների կուսակցություն», բայց օրենքն արգելում է, որ տեղանուն կամ մարդու անուն լինի, բայց կարծում եմ՝ Դուք կհավանեք մեր ուրբաթները։

- Երեւանում Հայաստանի ընտրողների ուղիղ կեսն է, ով հաղթի Երեւանում, հետագայում կարող է հավակնել երկրի իշխանությանը։ Դուք ուզում եք ասել, որ մասնակցում եք Երեւանի ընտրություններին, բայց հետո առաջ չե՞ք գնալու

- Մոտ 20 տարի առաջ, երբ մենք ստեղծում էինք ՄԻՊ-ի աշխատակազմը, եւ մեր առաջին գիտաժողովին, երբ գնացինք այն ժամանակվա օմբուդսմենի հետ, տարբեր երկրի օմբուդսմեններին հարց տվեցին, թե ձեր երկրի հաջողությունը որն էր ձեր արած աշխատանքի։ Աֆրիկայում շատ քիչ կային օմբուդսմեններ, մեկն ասաց, որ ամենագլխավոր հաջողությունն այն է, որ ինձ չեն կերել։ Հիմա մենք այս պրոցեսն անցնենք, կարծում եմ՝ ամենակարեւոր բանը կլինի այս պրոցեսներից դուրս գալ անվնաս, նկատի ունեմ ոչ թե ինձ, այլ ընդհանուր Երեւանի խնդիրները, իսկ մնացածը հետո կտեսնենք, բայց ինձ անկեղծորեն քաղաքականությունը չի հետաքրքրում։ Եթե Դուք ասում եք Երեւան, ես կարող եմ ավելի փոքրացնել, նույն Կենտրոնում, որտեղ են դեսպանատները, նախարարությունները, ԱԺ եւ այլն, ինչպե՞ս կարող է ամբողջը կենտրոնացած լինել մի քաղաքում եւ մի վարչական շրջանում, բայց, մեկ է՝ մենք նույն ձեւի կառավարենք, նույն օրենքով, ինչ այլ վարչական շրջան, որտեղ ժամը 6-ից որեւէ ակտիվ բան չի կայանում։ Եթե պրոյեկտենք Կենտրոնն ամբողջ հանրապետության հետ, կհասկանանք, որ Երեւանի, Հայաստանի վերածնունդը կսկսվի Երեւանից եւ Երեւանի ընտրություններից։

- Դուք ընտրություններին որպես ընդդիմադի՞ր եք հանդես գալու։

- Դուք Ձեր հարցի պատասխանը գիտեք, հատկապես որ վերջին տարիներին ես դրսեւորել եմ հատկապես այդ կեցվածքը, ես իմ խառնվածքով եմ ընդդիմադիր, եւ ինձ մոտ շատ երկար չի ստացվում պետական ապարատի հետ, եթե ես անմիջական որոշում կայացնողը չեմ, աշխատել, որովհետեւ եթե պետք է քաղաքական որոշումները խառնել քաղաքային պրոբլեմների հետ, այդտեղ մենք ունենալու ենք պրոբլեմ, դրա համար է մեզ հետաքրքիր ավագանիում մեծամասնություն զբաղեցնելը, որովհետեւ մենք վերջերս տեսանք, որ քաղաքական թիմն իրենց իշխանական թեկնածուի համար բավականին մեծ ռեսուրս է ծախսում՝ ինֆորմացիոն եւ այլն, որովհետեւ իրենք հասկանում են, թե ինչքան է կարեւոր։ Մենք դրա դեմ չենք պայքարում, այսինքն՝ մենք բուն քաղաքականությունով չենք զբաղվում, մենք ընդամենը ուզում ենք ավագանու գալիք ընտրություններին մասնակցենք, հաղթենք, զբաղեցնենք էն տոկոսը, որ կարողանանք ստրատեգիական որոշումների վրա ազդեցություն ունենալ։