Փաշինյանից մինչև Վանեցյան և Տոնոյան․ Բաքվում նոր հիստերիա է

Փաշինյանից մինչև Վանեցյան և Տոնոյան․ Բաքվում նոր հիստերիա է

«Հայաստանը երկիր է, որը 30 տարի խոչընդոտել է տարածաշրջանում խաղաղությանը, օկուպացիայի տակ պահել ադրբեջանական տարածքները, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։

Այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի Համայնք հորջորջվող կազմակերպության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 11-ի հայտարարության կապակցությամբ արված մեկնաբանության մեջ։

«Ցավոք, «դեմոկրատ» Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր նախորդների այս քաղաքականությունը և Ադրբեջանի օկուպացված տարածքներում հնչեցրած «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» հայտարարությամբ ամբողջությամբ խարխլեց բանակցային գործընթացը։ Նիկոլ Փաշինյանին հիշեցնում ենք նաև, որ իր կողմից նշանակված ԱԱԾ պետը, ով հետագայում եկել էր Հայրենական (44-oրյա պատերազմ-խմբ․) պատերազմի ժամանակ Ադրբեջանի դեմ կռվելու և շուտով ամոթալի կերպով փախել Ղարաբաղից, հայտարարություն է արել «Ոչ մի թիզ հող Ադրբեջանին», իսկ իրեն «հանճարեղ ստրատեգ» պատկերացրած պաշտպանության նախկին նախարարը (Դավիթ Տոնոյան-խմբ․) էլ ավելի հեռուն գնաց և Ադրբեջանին սպառնաց «նոր տարածքների դիմաց նոր պատերազմով»։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը կարծում է, որ եթե Հայաստանի վարչապետն իսկապես շահագրգռված է խաղաղությամբ, ապա նա, առաջին հերթին, պետք է վերջ դնի այնպիսի ուտոպիստական ​​և սադրիչ գաղափարներին, ինչպիսիք են՝ «Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում»:

Մենք՝ որպես համայնք, սա ընկալում ենք որպես Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների շարունակություն, բայց այլ քողի տակ։ Համայնքում կարծում են, որ «միջազգային մեխանիզմի» հեքիաթը նշանակում է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայմանական ճանաչում։ Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, արհեստական ​​տարբեր պատրվակներով չձգձգել խաղաղ բանակցությունների գործընթացը և երկխոսություն սկսել մեզ հետ՝ քննարկելու արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։