Իսկ որտե՞ղ է սահմանը

Իսկ որտե՞ղ է սահմանը

Ոմանք կարծում են, որ Հայաստանը դարձել է մի մեծ փորձադաշտ, որտեղ տարբեր գաղափարներ ու մոդելներ են փորձարկվում: Այդ փորձերն իրականացնողները, ոմանց կարծիքով, գերտերություններն են, որոնք փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է ազգամիջյան, տարածաշրջանային խրթին, տասնամյակների թնջուկը լուծել` մի թույլ պետության եւ մի խեղճ ժողովրդի հաշվին, նրան պարտադրելով գնալ ինքնաոչնչացման:

Բայց ոմանք էլ կարծում են, որ փորձարկում անողները Հայաստանում են` 2018-ին իշխանության եկած մարդիկ են, որոնք էքսպերիմենտ են դրել մեր ժողովրդի եւ պետության վրա, որի վերնագիրը հետեւյալն է. «Ինչպես կարելի է կառավարել` չունենալով տարրական գիտելիքներ, իրավական մտածողություն, գաղափարներ, սկզբունքներ, բարոյականություն եւ ազգային նկարագիր»: Կոսմոպոլիտ ու անգաղափար, անսկզբունք եւ անհայրենիք տարրերից կազմված այս խառնամբոխը, որն իրեն իշխանություն է անվանում, փորձում է հասկանալ` որտե՞ղ է այս ժողովրդի համբերության սահմանը, ինչքա՞ն կարող է նա դիմանալ այս էքսպերիմենտին, էլ ի՞նչ ծաղրուծանակ ու նվաստացումներ կարող է նա հանդուրժել:

Եվ առհասարակ` մարդկային ամենացածր բնազդների արթնացումն ու սեփական ֆիզիկական գոյությունը պաշտպանելու կենդանական ցանկությունն ի՞նչ ավերածություններ կարող են անել մարդկային հոգեւորի, մտքի, արժեհամակարգի դաշտում: Պարզ ասած` դեռ քանի զինվոր պետք է զոհվի, որ ազգը հասկանա. զոհերի համար մեղավորը ոչ միայն սահմանից այն կողմում կանգնած թշնամին է, այլեւ վատ իշխանությունը: Դեռ քանի կիլոմետր պետք է թշնամին գրավի, որ գիտակցեն. ամեն մի զիջած սանտիմետրն ապագայում կիլոմետրեր գրավելու հող է նախապատրաստում: Դեռ որքան պետք է խաբեն ու մոլորեցնեն ազգին, որ գիտակցի. ձախողված իշխանությունը պետք է հեռանա: