Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը կարմիր քարտ է ցույց տվել Սինանյանին

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը կարմիր քարտ է ցույց տվել Սինանյանին

Ֆրանսիան փոթորկվել է Զարեհ Սինանյանի այցի պատճառով: Նախ՝ օրեր առաջ դաշնակցական մի խումբ կազմակերպություններ հայտարարություն արեցին, որ ներկա վարչախմբի վարած քաղաքականության պատճառով չեն հանդիպելու Ֆրանսիա այց կատարող ՀՀ կառավարության ներկայացուցչի` Զարեհ Սինանյանի հետ: Իսկ վերջին օրերին Ֆրանսիայի հայտնի CCAF` Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը վրդովված է, որ «Սփյուռքի գործերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը խախտել է անցյալ տարի հոկտեմբերին կազմակերպության հետ կնքված համաձայնությունը»:

Բանն այն է, որ ամիսներ առաջ Սինանյանը խոստացել է Ֆրանսիա այցի ժամանակ հանրային հանդիպումներ չունենալ Ռեմի Մաքինաջյանի «Հայկական շարժման» հետ, որը CCAF կազմակերպության մրցակիցն է եւ, մեղմ ասած, ֆրանսահայ համայնքում լավ համարում չունի: CCAF-ը, որը ֆրանսահայ համայնքի ամենահեղինակավոր կառույցն է եւ երկար տարիների փորձ ունի` ֆրանսիական կառավարության հետ համագործակցության, փետրվարի 8-ին իր ամենամյա ճաշկերույթն է անցկացում, որին հրավիրված են նաեւ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահ Մակրոնը, նախագահության թեկնածուներ Վալերի Պեկրեսը եւ Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն: Ամենամյա ճաշկերույթներին մշտապես մասնակցում է Ֆրանսիայի նախագահը, իսկ այս տարին նախընտրական է` առավել եւս կմասնակցեն:

Նախատեսվում էր, որ այս ճաշկերույթին պետք է մասնակցի նաեւ Զարեհ Սինանյանը, որի առաջին այցը հենց այս օրերին են կազմակերպել` հենց այդ նպատակով: Սակայն CCAF-ում տեղեկացել են, որ Զարեհ Սինանյանը երկակի խաղեր է տալիս` ե՛ւ իրենց հետ է բանակցում, ե՛ւ «Հայկական շարժման» հետ, ուստի նախ փորձել են Սինանյանին բացատրել, որ վերջինիս հանդիպումն այդ կազմակերպության հետ ցանկալի չէ, ուստի հորդորել են հրաժարվել այդ մտքից: Իհարկե` նշել են, որ Սինանյանը կարող է մասնավոր հանդիպում ունենալ Մաքինաջյանի հետ, սակայն զարմանքով տեղեկացել են, որ պաշտոնական հանդիպում է նշանակված փետրվարի 9-ին` Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանում։ CCAF-ն արձանագրել է, որ Սինանյանը «փորձում է ամեն կերպ պառակտում մտցնել ֆրանսահայ համայնքում», եւ հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում հրաժարվում է Սինանյանի այցին մասնակցությունից։ Ինչպես նաեւ հետ են կանչել ճաշկերույթին մասնակցության հրավերը:

Հիշեցնենք, որ CCAF-ի մի համանախագահը Nouvelles d'Arménie-ի ղեկավար Արա Թորանյանն է` խիստ նիկոլամետ հայացքներով, ով բազմիցս այցելել է Հայաստան եւ ընդունելության արժանացել կառավարությունում` վարչապետի մոտ: Մյուս համանախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն է: Սակայն մինչ օրս հակադիր հայացքներ ունեցող այս անձանց հաջողվել է պահպանել CCAF-ի միասնականությունը եւ համատեղ գործել` հօգուտ հայրենիքի, իսկ Զարեհ Սինանյանին, փաստորեն, հաջողվեց պառակտել այս կուռ համայնքը եւ տարաձայնություններ մտցնել` անգամ տրամադրել հայրենի պետության դեմ: Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ անգամ 90-ականներին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փակել էր Դաշնակցությունը, հայրենի պետության հանդեպ այսպիսի մերժողական վերաբերմունք չկար, ինչպես այսօր: Նման թշնամություն եւ ՀՀ կառավարության հետ չհամագործակցելու մթնոլորտ տիրել է թերեւս միայն սովետական տարիներին: Իսկ համայնքի ներսում երբեք չի եղել նման պառակտվածություն: Ֆրանսահայ համայնքը համարվում է մեր ամենակայացած եւ ամենամիասնական համայնքներից մեկը, որի գոյությամբ է պայմանավորված նաեւ Ֆրանսիա պետության` Հայաստանի եւ մեր խնդիրների լուծման հարցում հայամետ դիրքորոշումը: