Անում ենք առավելագույնը՝ ապահովելու երեխաների լուսավոր ապագան

Անում ենք առավելագույնը՝ ապահովելու երեխաների լուսավոր ապագան

Նախօրեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու վերջինիս տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մի քանի ժամվա տարբերությամբ` առցանց եւ առկա ռեժիմով, խոսեցին այս օրերի ամենահուզող հարցերից մեկի՝ հանրակրթության ոլորտի մասին։ Եթե նախարարը տեսակապի միջոցով համապետական ծնողական ժողով էր հրավիրել, փոխնախարարը հրավիրել էր լրագրողներին եւ պատասխանում էր նրանց հարցերին։    

Տիկին Անդրեասյանը, անդրադառնալով դպրոցներում պարտադիր դիմակներ կրելու փաստին, նշեց, որ դիմակների կրման պահանջը գործում է այսօր էլ, հետեւաբար՝ դպրոցներն այստեղ որեւէ հավելյալ կարգավորում չեն նախատեսում։ «Վերահսկողության գործընթացը տրված է տեսչական մարմիններին, որը կունենա այցելություններ դպրոցներ, կհետեւի, թե ինչքանով է գործընթացը պահպանվում։ Խնդիրն այստեղ որեւէ մեկին տուգանելը եւ պատժելը չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ, եւ այստեղ խնդիրն այն է, որ երեխաներին բացատրենք այդ կանոնների պահպանման կարեւորությունը։ 6-օրյա ռեժիմի անցումը հենց ուղղված է նրան, որ երեխաները քիչ գտնվեն դպրոցում։ Ցածր տարիքի երեխաները դպրոցում գտնվելու են 2-4 ժամ»,- ինչը, ըստ փոխնախարարի, շատ մեծ ժամանակահատված չէ։ Ավելին՝ չի կարծում, որ երեխաների համար հեշտ է եղել գարնանը օրեր շարունակ գտնվել տանը։ 

Ինչ վերաբերում է ուղեցույցով սահմանված մի շարք սահմանափակումներին, օրինակ՝  գրատախտակին աշակերտների չմոտենալուն, ապա․ «Մենք շատ ուսուցիչներ ունենք, որոնք երեխաների հետ աշխատելու բազմաթիվ ձեւեր գիտեն, այդ ձեւերը նաեւ բնության գրկում դաս անցկացնելն է, շատ տարբեր միջավայրերում ուսումնական պրոցեսի կազմակերպումն է, եւ գրատախտակի կարիք շատ հաճախ կարող է նույնիսկ չլինել։ Իսկ թե ինչու պետք չէ մոտենալ գրատախտակին, կարծում եմ՝ շատ ակնհայտ է, որովհետեւ գրատախտակին մոտենալը նշանակում է, որ երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, հետո մեկ ուրիշն է մոտենում, վերցնում նույն կավիճը, եւ այսպիսով մենք ունենում ենք վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Մենք ուղեցույցում առաջարկել ենք, որ երեխաները միմյանց հետ նաեւ իրեր չփոխանակեն, որովհետեւ յուրաքանչյուր նման հավելյալ գործողություն առաջ է բերելու ռիսկի մեծացում։ Իսկ 10 տոկոս եւ ավելի վարակման դեպքերի պարագայում նախատեսված է, որ դպրոցը չի գործելու»։ Փոխնախարարը նշում է, որ որոշումները կարող են փոխվել, եթե փոխվի համաճարակային իրավիճակը։ 

Քանի որ գարնան ընթացքում դպրոցների մի մասը որոշ խնայողություններ է ձեւավորել, դրանք դպրոցներն օգտագործելու են սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման համար, բայց որովհետեւ պարբերաբար կարիք է լինելու իրականացնել թե՛ ախտահանման, թե՛ անձնական պաշտպանիչ միջոցների ձեռքբերման ծախսեր, ապա հաջորդիվ դրանք հոգալու են արդեն պետական մարմինները՝ դպրոցներին ապահովելով բոլոր անհրաժեշտ պարագաներով։ 

Ըստ տիկին Անդրեասյանի, շատերի կողմից թյուրըմբռնում է առաջացել տետրերի օգտագործման հետ կապված․ «Տետրերը, իհարկե, օգտագործվելու են դպրոցներում, թղթիկների վրա գրավոր աշխատանքների դրույթը վերաբերում է միայն թեմատիկ գրավոր աշխատանքներին»։  

Ի տարբերություն փոխնախարարի, Արայիկ Հարությունյանի խոսքն ավելի ագրեսիվ էր․ նա ծնողներին մե՛կ մեղադրում էր  նախարարության սահմանած կանոնների հանդեպ քամահրական վերաբերմունքի մեջ, մե՛կ փորձում դավադիր ուժերի գտնել, ովքեր ուզում են քանդել դպրոցը․ «Այս խավարամիտների բանակը, որ հիմա պայքարում է մեր իշխանության եւ այն փոփոխությունների դեմ, որ ներկայում տեղի են ունենում, իրենք են եղել նախորդ իշխանության եւ նրանց ձեւավորած կրթության հիմքը»։ Նախարարը վստահեցնում է անհանգիստ ծնողներին, որ ԿԳՄՍՆ-ն անում է առավելագույնը՝ ապահովելու «ձեր երեխաների» լուսավոր ապագան, ավելին՝ մեկնարկած կրթական փոփոխությունները ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում են։ 

Դիմակների հետ կապված անհանգստությունները, ըստ նրա, շահարկումներ են, որոնք նախարարը բաժանում է մի քանի խմբի՝ ծայրահեղից մինչեւ քաղաքական։ Այն, որ երեխաները երկար չեն կարող դիմակ կրել, նախարարն ասում է, որ դա հաշվի են առել եւ դասացուցակն այնպես կազմել, որ երեխաները, նախորդ ուսումնական տարվա համեմատ, կարճ մնան դպրոցում։ «Տարրական դպրոցում դա մինչեւ 3 ժամ է, միջին դպրոցում 3-4 ժամ է, ավագ դպրոցում՝ մինչեւ 5 ժամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համաձայն՝ 0-6 տարեկան երեխաների համար դիմակ կրելը չի խրախուսվում, եւ չպետք է կրեն, 6-11 տարեկան երեխաների համար որոշակի պայմաններ է առաջ քաշում, ընդ որում՝ այդ պայմանները կապված են երկրում ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակի հետ եւ իրավիճակից ելնելով՝ արդեն 12-ից բարձր երեխաների դեպքում պարտադրվում է դիմակ կրելը,- ասում է նա ու հավելում, որ լարված իրավիճակին զուգահեռ թուլանալու են նաեւ կանոնները։- Կարող է ստացվել, որ ամեն շաբաթ մենք նոր ուղեցույց հրապարակենք»։

«Մեզ համար շատ տարօրինակ է որոշ ծնողների քամահրական վերաբերմունքն այս կանոններին, դա նույնն է, որ պատերազմի ընթացքում զենքերի, մարտավարության ընտրության ժամանակ քննարկում լինի հենց պատերազմի թեժ պահին, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մարտի դաշտում, եւ այդ քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել դպրոցներում։ Եթե քայլերը սխալ են լինում, դա պատերազմից հետո են քննարկում եւ պատասխանատուներին կանչում են հրապարակ, կամ այդ պատասխանատուները համապատասխան պատիժն են կրում։ Ինձ համար տարօրինակ են նաեւ այն պնդումները, որ երեխաներին փորձադաշտ եք բերել, մարդն ինչ մտքի տեր պետք է լինի, որ ասի՝ երեխաների վրա փորձեր եք անում․ այս նախարարության աշխատակիցների երեխաներն էլ են դպրոց գնում»։  

Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետներին, որ դասարանները կիսելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ուսուցիչների համար։ «Մենք այնպես ենք արել, որ այդ լրացուցիչ ծանրաբեռնվածությունները չլինեն։ Բացի այդ, մենք այնպիսի տեղաշարժ ենք ապահովում դպրոցի ներսում․ մի աստիճաններով բարձրանան, մյուսով իջնեն, որպեսզի կուտակումներ չլինեն աստիճանների վրա։ Հարցեր են հնչում, որ կան երեխաներ, ովքեր քրոնիկ տաքություն են ունենում, եթե ծնողը տեղեկանք ներկայացնի դպրոց, որ երեխայի ջերմությունը մշտապես 37 եւ ավելի է լինում, այդ դեպքում եւս կընդառաջեն։ Իսկ ընդմիջումները լինելու են դասարանում, որովհետեւ եթե հանկարծ դասարանում լինի քովիդով հիվանդ մեկը, դա կսահմանափակի տարածումը»,- ասում է նա ու նշում, որ մարզային դպրոցների տնօրենների հետ ունեցել է զրույց եւ հանձնարարել, որ ուսուցիչները տեսակապով այս կանոնները բացատրեն աշակերտներին։